ԿարևորՀասարակություն

Մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, և խնդիրներ առաջացրել․ՊԵԿ նախագահ

Երբ Ռուսաստանը հայտարարեց, որ պարենային ապրանքների արտահանումը դադարեցնում է, և ԵԱՏՄ երկրներ նույնպես արտահանում չի իրականացվի, Հայաստանում աժիոտաժ սկսվեց: Առաջացավ ալյուրի, ձեթի, շաքարավազի դեֆիցիտ։ Մարդիկ պարկերով ալյուր ու շաքարավազ, արկղներով ձեթ էին կրում` դատարկելով խանութները: Խուճապը կարծես նվազել է, սուպերմարկետներում նույն կուտակումներն ու իրարանցումը չկան։ Փոխարենը, խանութներում զգալի գնաճ է նկատվում, ինչն անդրադառնում է սպառողի գրպանի վրա։

Խուճապը՝ պայմանավորված առաջիկայում սպասվող սովով, այսօր կարծես նվազել է։ Դրա մասին է հուշում կարգավորված առևտուրը սուպերմարկետներում։ Կամ մարդիկ այժմ հանգիստ սպառում են խանութներից  հերթի տակ գնած  մեծաքանակ ձեթը, մակարոնեղենն ու շաքարավազը, կամ էլ պարզապես հասկացել են, որ անհանգստանալու կարիք չկար։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան.

«Տեղի է ունենում այն, ինչ քովիդի ժամանակ։ Ցանցերը և մատակարարները չեն հասցնում 1-2 օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներ։ Ինչպես քովիդի ժամանակ էինք ասում՝ խնդիր չի լինելու, այնպես էլ՝ հիմա։ Ինձ անհասկանալի է նման մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը, որովհետև այդ ապրանքը հետո մնալու է, փչանա։ Եթե մենք անհանգստանայինք, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, կսահմանափակեինք առևտուրը ու այլ մեխանիզմներ կկիրառեինք։ Այս պահին նման խնդիր չկա»։

Որոշ խոշոր սուպերմարկետներում տարբեր ապրանքների վրա արդեն  սահմանափակումներ կան։ Պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված՝ շաքարավազն ու ալյուրը 5 կգ–ից ավել չեն վաճառում.

«Հայաստանը հացահատիկ, շաքարավազ ու ձեթ ներկրում է հիմնականում Ռուսաստանից,  բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան։ Հայտնի պատճառներով այժմ Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծում կատարել, բայց Ռուսաստանը ընդունել է որոշումներ, ու այդ հարցը առաջիկայում կքննարկվի»,–նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Պարենային անվտանգության որևէ խնդիր Հայաստանը չի ունենա, ներմուծումներ առաջիկայում կարվեն Ռուսաստանից՝ հավաստիացրեց նա․

«Մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել։ Նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում, բայց որոշումները վեջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի  Ավետիսյանը ևս պնդում է՝ խուճապի կարիք չկա, քանի որ 2-3 ամսվա պաշար ունենք, իսկ հետագայի համար բանակցություններ են տարվում։

«Մոտակա 2-3 ամսում որևէ խնդիր չունենք, խուճապի իմաստ չկա։ Տանելու են իզուր այդ սննդամթերքը տանը փչացնեն, հետո թափեն։ Իսկ մնացածի մասով՝ բանակցույթւոններն ընթանում են, որ կարողանանք ապահովել նաև հետագայում։ Ռուսաստանի արտադրության կամ արտահանման ծավալների մեջ մենք շատ փոքր տոկոս ենք կազմում, մեր սպառած սննդամթերքը իրենց պարենային անվտանգությանը, կարծում եմ, չի վնասի»։

«Ռադիոլուր»–ը շրջեց երևանյան մի քանի սուպերմարկետներում՝ տեղում պարզելու իրավիճակը։ Ձեթի եւ առաջին սպառման մյուս մթերքների դեֆիցիտ չկար, թեպետ նկատելի բարձրացել են ձեթի ու շաքարավազի գինը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունում է՝ գնաճ կա, բայց ոչ միայն Հայաստանում․

«500, 600 կարող է մի խանութում էլ 800 դրամ լինել շաքարավազը։ Նման բաները մենք չենք վերահսկում։ Մենք վերահսկում ենք միայն այն ապրանքները, որոնք էական ծավալ ունեն։ Երբ որ կգ–ով շաքարավազը լինի 700 դրամ,  մենք կսկսենք զբաղվել։ Մենք գիտենք՝ ինչ արժե յուրաքանչյուր ապրանք, ու եթե մեկը հատուկ փաթեթավորված շաքարավազ է գնում, չի նշանակում, որ երկրում շաքարավազը 700 դրամ է։ Այո՛, պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանալու են ամբողջ աշխարհում։ Բայց ՀՀ–ում, ի տարբերություն շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը, ու դա էլ ոչ թե մեր շնորհքն է, այլ որովհետև երկկողմ հարաբերության արդյունքում Ռուսաստանից ավելի հարմար գնով է գալիս»։

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումն ու անորոշությունը հանգեցրել են Հայաստանի ֆինանսական շուկաներում տատանողականության աճի և ռիսկի մեծացման: Անորոշություններ կան գնաճի և գնաճային սպասումների վարքագծում՝ հաստատում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Ասում է՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ օրեցօր խստացվող սանկցիաների պատճառով մեր արդյունաբերությունն անկում է ապրելու։ Հայաստանի տնտեսության վրա աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր բացասական հետևանքները հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը․ նախկին 5.3 տոկոսի փոխարեն՝ ընդամենը 1.6 տոկոս։

Back to top button