ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը եւ անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարեւորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետեւանքով առաջացած գազամատակարարաման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարեւորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Back to top button