ԿարևորՀասարակություն

Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրել է 85 տոկոսով

Հայաստանի փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է նորարական ծրագրերից մեկի՝ Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատաժողովին:

Ծրագիրը միտված է Հայաստանում տեխնոլոգիահենք կրթության ու հետազոտության զարգացմանը:

Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են բարձրագույն կրթության բովանդակության և կազմակերպման ձևերի վերանայում՝ ուսումնառության վերջնարդյունքների բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման, նորարարությունների ներդրման և այլ առումներով:

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ գիտելիքահենք տնտեսության ստեղծումը առաջնահերթ է դարձնում բարձրագույն կրթության գործընթացում հետազոտության և ուսումնառության միավորումը, ինչը հնարավորություն է ընձեռում պատրաստելու համապատասխան տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ու կարողություններով մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային աշխատաշուկայում:

«Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու ու ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով Կառավարությունը 2022 թվականին գիտության ֆինանսավորումը 2021 թվականի համեմատ ավելացրել է 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները բարձրացրել է 2,5 անգամ:

Շոշափելի առաջընթաց ունենք նաև գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ․ աշխատավարձերի սանդղակավորման արդյունքում, ատեստավորում իրականացրած կազմակերպություններում, 2022 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է գիտաշխատողների էապես բարձր վարձատրության համակարգ, որն ամեն տարի որոշակիորեն աճելու է մինչև 2025 թվականը»,- նշել է փոխվարչապետը և տնտեսության ու աշխատաշուկայի զարգացման ժամանակակից միտումների համատեքստում հրամայական համարել կրթություն-հետազոտություն-նորարարություն-բիզնես ամուր կապի ստեղծումը։

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը աշխատաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Դրամաշնորհային ծրագիրն իրականություն է դարձել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Back to top button