ԿարևորՀասարակություն

Ծրագրային խափանումներ և թանկացումներ․ ի՞նչ խնդիր կա քարտային փոխանցումների հետ

Վերջին օրերին որոշակի խնդիրներ են առաջացել օնլայն գնումների ոլորտում։ Դրանք պայմանավորված են ինչպես ծրագրային խափանումներով, այնպես էլ Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցներով։ Դժվարացել է բանկային որոշ քարտերով գործարքներ անելը։ Ի՞նչ անհարմարություններ է սա ստեղծել ՀՀ քաղաքացիների համար, և ի՞նչ ազդեցություն կարող են  ունենալ քարտային փոխանցումների և օնլայն առևտրի խափանումները։

Ռուսական Wildberries-ում ծրագրային խափանումներ կան: Խնդիրը նկատվել է երեկ՝ տարբեր օգտատերերի կողմից։ Օնլայն պատվերներ արած քաղաքացիները հավելվածում չեն տեսնում, թե պատվերն ինչ փուլում է, ապրանքն ուր է հասել: Վարդան Ավդալյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմում է խնդրի մասին, որին բախվել է օրերս։

«Մի երկու օր առաջ մտա հավելված, ապրանք ունեի պատվիրած, ուզում էի տեսնել, թե ուր է հասել։ Մտա ու պարզվեց՝ ամեն ինչ ջնջվել է, անհայտ բաժանորդ էր գրում։ Գնացի իրենց գրասենյակ, փորձեցի պարզել, ասացին, որ ծրագրային խնդիր է»։

Wildberries-ն արձագանքել է օգտատերերի դժգոհություններին՝ վստահեցնելով՝ աշխատանքներ են տարվում ծրագրային խնդիրը վերացնելու ուղղությամբ: Այսօր արդեն հավելվածի աշխատանքը 70 տոկոսով վերականգնվել է։

«Վիզան» ու «Մաստերքարտը» արգելափակվել են Ռուսաստանում: Ռուսաստանից օնլայն գնումների միակ հնարավորությունն այս պահին Ռուսաստանում թողարկված «Միր» քարտերն են: Խնդրին անդրադարձել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ունենք մեկ օրինակ,  որտեղ խնդիր ունենք որովհետև բանկն է գտնվում սանկցիաների ցուցակում, մնացած դեպքերում որևէ խնդիր չկա։ Իրենք բնականոն ընթացքով սպասարկվում են Հայաստանի բոլոր մնացած բանկերի կողմից»։

Մի կողմից՝ հնարավոր է, որ Ռուսաստանից սահմանափակվել  է 5000 դոլարից ավելի վճարումներ անելը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը ևս  զգուշավորություն է ցուցաբերում և Կենտրոնական բանկի սահմանած  որոշ կանոնակարգեր է կիրառում՝ նկատում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

«Հիմա մեր բանկերը փորձում են նաև եվրոպական թղթակցային բանկերի միջոցով փոխանցումներ ապահովել: Այդ բանկերի հետ կապված ոչ թե խնդիր կա, այլ այդ բանկերը նախնական ինֆորմացիայով, հնարավոր է, որ սպասարկման տեսանկյունից դժվարություններ ունեն, կամ մեր գումարները մեծ չեն, շատ չի հետաքրքրում, և դրա համար եվրոպական թղթակցային բանկերը կարող է այդքան էլ հակված չլինեն իրենց ծառայությունները ծախսել  փոքր գումարների համար»։

Էլեկտրոնային առևտուրը խթանվեց կորոնավիրուսի ժամանակ։ Հայաստանում, սակայն, օնլայն առևտրով հիմնականում զբաղվում են փոքր բիզնեսի ներկայացուցիչները՝ ասում  է տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

«Հայաստանում օնլայն առևտրով զբաղվողների թիվը փոքր է։ Հայաստանի տնտեսության տեսանկյունից ավելի շատ քաղաքացիներն են օգտագործում այն, քան ընկերությունները․ վերջինների  մեծ մասն էլեկտրոնային տարբերակները դեռ չգիտի, չի կիրառում կամ չունի այդ ինտերնետ հնարավորությունը, կայքերը իրենց ապրանքները ներկայացնելու համար։ Այսինքն, տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, որովհետև մեր տնտեսության մեջ էլեկտրոնային առևտուրը դեռ շատ փոքր տոկոսայնություն ունի»։

Globbing ընկերությունից ևս տվյալներ կան, որ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ մեկ ուղղությամբ ապրանք առաքելը շուրջ 40 տոկոսով թանկացել է։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ թանկացումների համար մի քանի նախադրյալներ կան։ Նախ՝ դա պայմանավորված էր համավարակի ժամանակ անաշխատունակ դարձած աշխատուժի ավելացմամբ, ինչի  հետևանքով աշխարհում նվազել են արտադրության ծավալները։ Երկրորդը պատճառը դոլարի, եվրոյի արժևորումն է, որը, սակայն, Հայաստանում նաև լոկալ բնույթ ունի՝ պայմանավորված ոչ այնքան համաշխարհային գործընթացներով, որքան այստեղ եկած արտերկրի քաղաքացիների ստեղծած դեֆիցիտով։

Back to top button