ԿարևորՏնտեսական

Խնայել գումարը՝ խթանելով արտահանումը

Խնայել տարեկան 100 մլն դրամ՝  խթանելով արտահանումը։ Կառավարությունն առաջարկում է մինչև 1 մլն դրամ ապրանք արտահանելիս փոքր բիզնեսին ազատել մաքսատուրքից։ Նախագծի հեղինակը գործադիրն է, առավել կոնկրետ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկի շուրջ հետաքրքիր  քննարկում է ծավալվել։ 

Բիզնեսից պետական համակարգ տեղափոխված էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել, առաջարկները լսել ու դեռ տարեսկզբին կառավարությանն առաջարկել էր մինչև 1 մլն դրամ արտահանման դեպքում տնտեսվարողին ազատել մաքսատուրքից։ Նրա առաջարկին ՊԵԿ նախագահը դեմ էր, վարչապետն ու  կառավարության անդամները՝ կողմ, ուստի, նախագիծն ընդունվեց ու այսօր քննարկվում էր խորհրդարանի՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագիծն ունի աշխատանքային անվանում ու նախապատմություն։ Փակագծերը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է բացում․

 «Նախագծի աշխատանքային անվանումը «Volterman»–ի նախագիծ։ Դա կապված է հենց  դրամապանակների հետ, քանի որ փոփոխությունն իրենք են առաջարկել»։

Առաջարկվում է  պետական տուրքից ազատել  մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը՝ 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները։ Բացառություն են արտահանվողները։ Սա աջակցություն է փոքր բիզնեսին, բայց՝ հարված պետական գանձարանին։ Այս դեպքում կխնայեն գումարը, կխթանեն արտահանումը․

«Խոսքն  ընդամենը 100 մլն դրամի մասին է, բայց կարծում ենք, որ արգելքը վերացնելով էապես կլավացնենք Հայաստանից  փոքր արտահանումների ծավալը»։

Հայտնի է նաև, թե ինչու 1 մլն դրամ․ ուսումնասիրել են ու պարզել՝ մանրածախ վաճառքի  ապրանքները հազիվ այդ շեմը գերազանցեն։  ՊԵԿ–ում, նաև խորհրդարանական հանձնաժողովում մտավախություն ունեն։ Հովիկ Աղազարյանը էկոնոմիկայի նախարարին  հիշեցնում է գործարարների՝ մտքի ճկունության մասին․

«Մենք բոլորս գիտենք, թե մեր բիզնեսմենները որքան ճկուն  մտածողություն ունեն, կմասնատեն բիզնեսը, ու 100 մլն դրամը կդառնա 3 մլրդ դրամ։ Ո ՞վ է պատասխան տալու» ։

Պատասխան տվողը դեռ հայտնի  չէ, բայց հայտնի է՝ բիզնեսի մասնատումը ձեռնտու է գործարարին, տրամաբանություն էլ չկա ՝ վստահեցնում է  բիզնեսից գործադիր տեղափոխված  Քերոբյանը։ Պետական գանձարանից 100 մլն դրամ պակաս եկամուտը նաև «Հայաստան» խմբակցությունից  Հռիփսիմե Ստալբուլյանին էր անհանգստացնում։ Քննարկման ընթացքում հնչած մտահոգությունները փարատվեցին, բայց նորերն առաջացան․ եթե բիզնեսը չզարգանա, հարկ չվճարի, ինչպե՞ս են աշխատավարձ ու  պարգևավճար ստանալու․

«Անկեղծ ասած՝ այս վերաբերմունքը չեմ հասկանում։ Ի՞նչ է  նշանակում՝ անընդհատ բիզնեսի ու տնտեսվարողի դեմ արտահայտվել։ Շատ լավ է․ թող բիզնեսը զարգանա, աճի։ Ես մտավախություն ունեի, որ 100 մլն դրամը կնվազի, բայց քննարկման արդյունքում պարզ է դառնում, որ կարող է քանակն ավելանալ, ու շահութահարկի մասով նաև բյուջեն կավելանա։ Ի վերջո, եթե բիզնեսը չաշխատի, աշխատատեղ չապահովի, մենք, պետական աշխատողները աշխատավարձ ու պարգևավճար չենք ստանալու։ Պարո՛ն Աղազարյան, ուզում եմ բիզնեսի հանդեպ  ձեր այս վերաբերմունքը վերացնեք»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծին տրվեց դրական եզրակացություն։ Նախագիծն ընդգրկվեց Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգ։

Back to top button