ԿարևորՀասարակություն

«Էյ Թի Փի»-ն կանաչապատել է ավելի քան 1200 համայնք Հայաստանում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության «Անտառային կոմիտեի» նախագահ Վլադիմիր Կիրակոյանը «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են անտառածածկ տարածքների ավելացման և անտառվերականգնման ոլորտում ՀՀ կառավարության հանձնառության շրջանակում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես «10մլն» ծառ համազգային ծառատունի կարևորությունից։

«Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ծառ տնկելը և խնամելը, ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել մեր երկրի և ապագա սերունդների համար։ Եվ այս կարևոր գործում որքան հնարավոր է արդյունավետ պետք է համատեղել պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ջանքերը»,-նշել է նախարարի տեղակալը։

«Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը։ «Էյ Թի Փի»-ի նպատակն է ծառերի միջոցով բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակն ու պահպանել շրջակա միջավայրը։ Այն կանաչապատել է ավելի քան 1200 համայնք Հայաստանում, ծառատունկեր է իրականացնում Հայաստանի բոլոր մարզերում, ներառյալ Արցախում։

Անդրադարձ է կատարվել նաև հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերին․ ավելի քան 57000 աշակերտ և ուսուցիչ մասնակցել են «Էյ Թի Փի»-ի կրթական ծրագրերին։ Կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներ, համագործակցության տարբեր ձևաչափեր և նախագծեր՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է նախարարության և հիմնադրամի փոխգործակցությունը։

Back to top button