ԿարևորՔաղաքական

Արցախը պետք է քաղաքական կարգավիճակ ունենա․ քաղաքագետ

Պաշտոնական Երեւանի կողմից ՄԽ–ի ձեւաչափում Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու  պատրաստակամության մասին հայտարարությունից ու Բաքվի առաջարկների  հրապարակումից հետո գլխավոր հարցը վերաբերում է Արցախի կարգավիճակին։ Ինչպիսին այն կարող է լինել․ քաղաքագետները կարևորում են անվտանգության երաշխիքները, նաև ընդգծում՝ Արցախը պետք է քաղաքական կարգավիճակ ունենա։

Պաշտոնական Երեւանն արդեն  հայտարարել  է, որ պատրաստվում է  դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։

Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններին և խաղաղության պայմանագիր կնքելուն, եթե ընդունվեն իր առաջ քաշած  հինգ առաջարկները։ Դրանցից առաջինով առաջարկվում է ամրագրել, որ կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, իսկ երկրորդով` ամրագրել, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային նկրտումներ։

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը հստակեցնում է՝ Արցախյան խնդիրը  միջազգային հարց է, եւ Հայաստանի շահերը համընկնում են Արեւմուտքի շահերի հետ․

«Երեկ Բլինկենը զանգեց եւ խոսեց վարչապետի հետ , որտեղ նորից շեշտվել  է, որ Արցախի հարցը լուծվելու է ՄԽ–ի սահմաններում։  Մենք մեր քաղաքականության եւ դիվանագիտության մեջ պետք է հիմնվենք մեր քայլերի, մեր շահերի վրա եւ հաստատենք ուղիղ կապեր Արեւմուտքի ուժային կենտրոնների հետ։ Ոչ ոք չի խանգարում Հայաստանի հանրապետությանը ուղիղ կապեր հաստատել  Ֆրանսիայի հետ, ԱՄՆ–ի հետ, մանավանդ այդ երկու երկրներն ուզում են եւ պատրաստ են ձեւավորել այդ կապերը»։

Բաքվի ներկայացրած առաջարկների մեջ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ձևակերպումը  ենթադրում  է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համար ակնհայտ է այս ձեւակերպման նպատակը, սակայն անհասկանալի է բովանդակությունը։ ԵԱՀԿ ՄԽ–ն միջնորդական առաքելություն էր իրականացնում  Արցախյան խնդրում․ ինչո՞ւ է որոշվել այդ ֆորմատը կիրառել  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար՝ հարցնում է։ Քաղաքագետը կարևորում է անվտանգության երաշխիքները ՝ հիշեցնելով, որ Բաքուն մերժում է անգամ, այսպես ասած, «Արցախը Ադրբեջանի կազմում» ձեւակերպումը, քանի որ համարում  է, թե Արցախ կամ Ղարաբաղ անվանմամբ տարածք գոյություն չունի․

«Խոսքն այն մասին է, որ այդ կարգավիճակը, ինչպիսին էլ այն լինի, պետք է Արցախի բնակչության համար անվտանգության երաշխիքներ ապահովի, այդ թվում եւ միջազգային երաշխիքներ, անվանումը կապ չունի։ Կարեւորը դրա բովանդակությունն է, այսինքն, որ Արցախը ունենա սեփական ԶՈՒ,  անունը ինչ կդնեն, էական չի։ Էնտեղ անհրաժեշտության դեպքում մշտապես լինեն միջազգային խաղաղապահ ուժեր, ցանկալի է միջազգային մանդատով, այն, ինչ այսօր ռուս խաղաղապահները չունեն»։

Հայաստանում փորձում են հասկանալ,  թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Արցախն Ադրբեջանի կազմում։ Ժամանակին խոսվում էր լայն ինքնավարության մասին, վերջին շրջանում  շրջանառվում է մշակութային ինքնավարություն տերմինը։ Այս կարգավիճակին դեմ են Արցախում։ Քաղաքագետը նույնպես այս առումով մտահոգություններ ունի։

«Մշակութային ինքնավարությունը տարածքային չափանիշեր չի ենթադրում։ Կարող է լինել հայկական թատրոն կամ մշակութային որեւէ հաստատություն ունենալու հնարավորություն, բայց դա ինքնավարություն չէ։

Արցախը պետք է քաղաքական կարգավիճակ ունենա, քանի որ գոյաբանական խնդիր կա այնտեղ»։

Քաղաքագետների կարծիքով  ռուս–ուկրաինական իրավիճակի հանգուցալուծման  դեպքում մեր տարածաշրջանում իրավիճակը կփոխվի։ Մեզ համար կարեւոր է շտապելը՝ համոզված է Արմեն Բաղդասարյանը, քանի որ չգիտենք, թե ռուս–ուկրաինական պատերազմն ինչ ընթացք ու արդյունք կունենա։

Back to top button