Խոշորացույց

2036 թվականը` նոր ատոմակայան ունենալու վերջին հնարավորությունը. «Խոշորացույց»

Միջուկային վառելիքը էներգիայի մաքուր աղբյուր է. երկու տարվա քննարկումներից հետո ԵՄ- ն նման եզրահանգման հասավ այս տարվա հունվարին։

Այնինչ վերջին մի քանի տասնամյակներում եվրոպական մի շարք երկրներ փակեցին իրենց ատոմակայանները եւ, եթե հիշում եք, նաեւ Հայկական ԱԷԿ-ի փակման հարցն էր անընդհատ քննարկվում։

Այստեղ կարելի է հիշել նաեւ 20- րդ դարավերջի Հայաստանը, որտեղ էկոլոգիական շարժումն սկսվեց նաեւ հակամիջուկային էներգիայի կարգախոսներով, 1989 թվականը, երբ փակվեց Մեծամորի ԱԷԿ-ը, իսկ արդեն մի քանի տարի հետո, երբ պարզ էր, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորը հենց ատոմակայանն է, կրկին այն բացվեց։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչպես 1990-ականների կեսերին Հայաստանում տեղի ունեցավ գիտական եւ տեխնոլոգիական բացառիկ իրադարձություն. վերագործարկվեց կանգնեցված ատոմային ռեակտորը

Անցած տարվա վերազինումից հետո մեր ատոմակայանը ապահով եւ անվտանգ կարող է շահագործվել մինչեւ 2036 թվականը, իսկ դա, ըստ ՄԱԿ էներգետիկ փորձագետ, ատոմային ինժեներ Արա Մարջանյանի, նշանակում է, որ արդեն 2026-ին պետք է սկսվեն նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները։

Թեեւ վերականգնվող էներգետիկան շարունակում է մնալ ժամանակակից էներգետիկայում աշխարհում կարեւոր ճյուղ, բայց հենց ատոմային էներգիան է, որն արտադրում է երաշխավորված հզորություն, ուստի եւ Հայաստանի էներգետիկ անկախության երաշխավորն է։

Հռիփսիմե Հովհաննիսյանն այցելել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ եւ ծանոթացել միջուկային ֆիզիկայի ապագա մասնագետների հետ
  • Ատոմային էներգետիկայի ու բնապահպանության հետ կապված որոշումներն ընդունվում են հաշվի առնելով գիտական վերլուծություննե՞րը, թե՞ քաղաքական նպատակահարմարությունը,
  • այսօր խոսվում է ոչ մեծ չափերի եւ ավելի պարզ կառուցվածք ունեցող միջուկային սարքավորումների ներդրման մասին, ինչե՞ր են դրանք եւ ինչո՞վ են տարբերվում ավանդական ռեակտորներից
  • ատոմային էներգետիկայի ամենամեծ խնդիրը թափոններն են, որտե՞ղ են դրանք պահվում եւ արդյո՞ք օգտագործման համար պիտանի չեն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում ՄԱԿ էներգետիկ փորձագետ, ատոմային ինժեներ Արա Մարջանյանի հետ քննարկում ենք Հայաստանում ատոմային էներգետիկայի անվտանգ շահագործման խնդիրները, երկրի ու պետության համար դրա ռազմավարական, գիտական, բնապահպանական նշանակությունը։

Back to top button