Բնական ընտրություն

Ջրում արագ է, բակտերիաներից՝ ապահովագրված․ շնաձկան մաշկը՝ բիոնիկ հայտնագործությունների շարքում․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Մարզական աշխարհի «արգելված» հաղթանակի բանալին»

Հարվարդի համալսարանի ամերիկացի պրոֆեսոր Ջորջ Լոդերը երկար տարիներ շնաձկան կաշին ուսումնասիրելուց հետո կատարեց մի պարզ փորձարկում․ փոքրիկ նավի մակետը պատեց շնաձկան կաշվով և բաց թողեց ջրի մեջ։ Արդյունքում` նավակի արագությունը մեծացավ 12% ով։ Գաղտնիքը՝ շնաձկան կաշվի կառուցվածքային առանձնահատկության մեջ էր։ Շնաձկան կաշին կամ այլ կերպ ասած շագրենի կաշին դրսից պատված է մանր, սրածայր «ատամներով», որոնք ոչ միայն օգնում են ձկանը ջրի մեջ արագ լողալ, այլ նաև, ինչպես կպարզեին հետագայում, պաշտպանում են մաշկը տարբեր վնասակար միկրօրգանիզմներից։ Պարզելով այս գաղտնիքը շնաձկան մշակված կաշին սկսեց օգտագործվել լողորդների համար հատուկ կոստյումներ պատրաստելիս։ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, կրթության որակի պատասխանատու, կարի արտադրանքի գծով ինժեներ-տեխնոլոգ Աստղիկ Սարգսյանն է զրուցակիցս․

«Շնաձկների մաշկը թեթև է շատ, տասը անգամ ավելի դիմացկուն է, քան` օրինակ գոմէշի կաշին կամ հորթի կաշին։ Այդ կաշվից 20-րդ դարի կեսերից օդաչուների բաճկոններ էին պատրաստում, հետո՝ լողի համար բարձր տեխնոլոգիական կոստյումներ, որոնց շնորհիվ բարձրանում էր մարզիկների արագությունը ջրում։ Ընդամենը տարիներ առաջ՝ 2009 թվականին, լողորդները, որոնք այդ կոստյումներով էին լողի աշխարհի առաջնության ժամանակ, 5 օրում սահմանեցին ռեկորդ և արդյունքում լողի միջազգային ֆեդերացիան արգելեց նմանօրինակ կոստյումներ կրել մրցումների ժամանակ»,- ասում է Աստղիկ Սարգսյանը։

Սուզման կոստյումները հաճախ պայմանականորեն անվանում են լողորդի երկրորդ մաշկ․ դրանք օժված են նաև հատուկ պաշտպանիչ հատկություններով, որովհետև ջուրն այն բնական միջավայրը չէ, որտեղ երկար ժամանակ սովորաբար անցկացնում է մարդը։ Կենսաբան Նորայր Գաբրիելյանի խոսքով շնաձկան կաշին մարզիկների հագուստի արտադրության մեջ կիրառվում է հենց այդ պաշտպանական նկատառումներով․

«Շնաձկան կաշին դիմանում է մեխանիկական հարվածների, և ջրի տակ եթե մարդը միջին կարգի մեխանիկական հարված ստանա, ամենայն հավանականության շնաձկան կաշվից կամ կաշին պարունակող, այսինքն այդպիսի բաղադրություն ունեցող հագուստը չի պատռվի»,- ասում է Նորայր Գաբրիելյանը։

Շնաձկան կաշին լողորդի կոստյումի արտադրության մեջ կիրառվում է նաև ջրում հեշտ, այսպես ասած՝ սահուն տեղաշարժ ապահովելու համար։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս, «Մարոնյան» fashion studio-ի տնօրեն, հագուստի մոդելավորող, դիզայներ Հռիփսիմե Մարոնյանի խոսքով՝ ջրում հեշտ տեղաշարժվելու համար ողջ մարմինը պետք է պատված լինի համապատասխան բաղադրություն ունեցող կտորից կարված հագուստով.

«Լողորդների հագուստները պատրաստվում են այնպիսի նյութերից, որ հնարավորություն տան ջրային միջավայրում ավելի հեշտ տեղաշարժվելու, ավելի սահուն են այսպես ասած և դա է պատճառը, որ նրանց հագուստը ծածկում է գրեթե ամբողջ մարմինը»,- ասում է Հռիփսիմե Մարոնյանը։

Գլուխ 2

«Ժամանակակից բժշկության «հակաբակտերիալ» գաղտնիքը»

Կռճիկային ենթակարգի ձկներին պատկանող այս ջրային կենդանիների ամենահին ներկայացուցիչները գոյություն են ունեցել դեռևս 420-450 միլիոն տարի առաջ։ Գոյության այս երկարատև պատմությունը պայմանավորված է բարձր դիմադրողականությամբ, դիմացկունությամբ և, բառի ուղիղ իմաստով, չհիվանդանալու կարողությամբ։ Պարզվում է՝ շնաձկները չեն ախտահարվում վիրուսային հիվանդություններով, նրանց աննշան տոկոսի մոտ միայն կարող են քաղկեղածին բջիջներ ի հայտ գալ։ Պարզվում է՝ գաղտնիքը նորից մաշկի մեջ է։ Ամերիկացի միկրոբիոլոգ Էնթոնի Բրենան 15 տարի շնաձկան կաշվի ուսումնասիրությամբ զբաղվելուց հետո պարզել է՝ մաշկի հատուկ, կոլագենի խիտ բաղադրությունը, վերնամաշկին պատված «ատամիկները» թույլ չեն տալիս, որպեսզի բակտերիաները բազմանան մաշկի վրա կամ ներթափանցեն օրգանիզմ։ Ավելին՝ ջրային միջավայրում բնակվող մակաբույծները ևս շրջանցնում են շնաձկանը։ Աստղիկ Սարգսյան․

Շնաձկան կաշին՝ մանրադիտակի տակ

«Շնաձկան կաշին կարող է օգտագործվել բժշկության ոլորտում, հատկապես 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքների համար,  տարբերությունն այն է, որ ավանդական թրջոցների և վիրակապերի հետ համեմատած, շնաձկան կաշին չենք փոխում, այսինքն` մինչև ապաքինում նույն կտորն է մնում մաշկին և այժմ հետզոտություններ են ընթանում, որպեսզի մասշտաբային արտադրություն սկսվի, նմանօրինակ կաշի արտադրվի, որ նաև բնությանը վնաս չհասցնենք, այսինքն շնաձկան կյանք չարժենա»,- ասում է Աստղիկ Սարգսյանը։

Շնաձկան կաշին գիտականորեն անվանում են շագրենի կաշի։ Դրա կիրառությունն ունի խորը պատմական արմատներ։ Դրանից պատրաստել են դարբնի հագուստ, վահաններ, աղեղներ, ապարանջաններ, մարտական հագուստ, իսկ վերնաշերտին գտնվող ատամիկների շնորհիվ կաշին օգտագործվել է նաև որպես հղկաթուղթ․ Աստղիկ Սարգսյանը պատմում է․

«Ձկան կաշին մշակվում է, ինչպես մնացած կենդանիների մաշկը, ուղղակի այն անջրաթափանց է, երկարակյաց և բարձր դիմացկունությամբ է օժված, քանի որ իր բաղադրության մեջ կոլագենի մանրաթելը խիտ դասավորությամբ է։ Դեռ հին ժամանակներից ձկան կաշին մեծ կիրառություն է ունեցել, տարբեր ազգեր մշակել են ձկան կաշին՝ հումամշակ մաշկ ստանալու համար և կարել են հագուստ, կոշիկ, օրինակ հին ցեղերից Նանայցիները գլխի էին ընկել, թե տարբեր ձկների կաշիներից հատկապես ինչ կարելի է կարել։ Ըստ այդմ` օրինակ կետերի կաշվից կարում էին խալաթներ, գայլաձկներինը՝ հիմնականում օգտագործում կոշիկների համար և այլն»,-ասում է Աստղիկ Սարգսյանը։

Այժմ աշխարհի հայտնի դեղագործական լաբորոտորիաներում փորձեր են արվում ոչ միայն բժշկական ունիկալ հակաբակտերիալ հատկանիշներով օժտված սարքավորումներ ստեղծելու, այլև մաշկի փոխպատվաստումը հենց շնաձկան կաշվով կամ համարժեք բաղադրություն ունեցող մաշկով փոխարինելու համար: Բժշկության և սպորտի ոլորտում վերջին տարիներին արված հայտնագործությունները փաստորեն այդքան էլ գաղտնիք չէին․ լուծումը ընդամենը գիտնականները փնտրել և գտել են կենդանական աշխարհում։

Back to top button