ԿարևորՀասարակություն

Ո՞րն է Սյունիքի նոր մարզպետի «բանալի» բառը

Սյունիքում բարդ ժամանակներ են, ու կառավարման բանալի բառը «միասնականություն»-ն է՝ շեշտում է նոր մարզպետը։ Նա արդեն մոտ մեկ տարի Տավուշից Սյունիք է եկել՝ ղեկավարելով Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Պատրաստ է աշխատել բոլորի, նույնիսկ մարզի համայնքների ընդդիմադիր ղեկավարների հետ։ Խնդիրներին տեղյակ է, լուծումներ նոր պետք է փնտրի։  

Սյունիքի մարզի խնդիրներին՝ անվտանգային հարցերից մինչև գյուղերի զարգացում, ճանապարհաշինություն, խմելու և ոռոգման ջուր, արոտավայրեր, կրթության կազմակերպման  հարցեր և այլն՝ նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը  հասցրել է ծանոթանալ։ Մեկ տարի որպես վարչապետի խորհրդական ղեկավարում է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Բայց լուծման տարբերակներ գտնելու համար դեռ ժամանակ է պետք՝ ասում է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետարանում ներկայացրել է Ռոբերտ Ղուկասյանին՝ նկատելով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, նաև ստեղծված քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակում Սյունիքում պետք է ընդհանուր հայտարարարի գալ խնդիրներին լուծում փնտրելիս։ Գնել Սանոսյան

«Ամենակարևոր բանի մասին, որ պիտի խոսեմ, անկախ մեր պաշտոնից, դիրքից, քաղաքական հայացքներից՝ դա Սյունիքի միասնականությունն է։ Իհարկե, ամբողջ մեր հայրենիքում միասնականություն է պետք,  բայց առավել ևս Սյունիքում։  Միասնական պիտի աշխատենք։ Սարի վրա կանգնած  էն մարդիկ ուզենք–չուզենք հանգամանքների բերումով այնտեղ են։ Ընդհանրապես մեր ո՛չ կուսակցական պատկանելությունն են հասկանում, ո՛չ էլ իրենց հետաքրքրում է։ Մենք բոլորս նույնն ենք իրենց աչքին։ Էդ նշանակում է, որ իրենց հետ տարվող պայքարում պիտի միասնական լինենք»։

Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է աշխատել բոլորի հետ ու գործակցելու խնդիր չի տեսնում նույնիսկ համայնքների՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ղեկավարների հետ։ Քաղաքականությունը պիտի տարանջատվի միասնականությունից՝ ասում է Ղուկասյանը․

«Ինձ համար բանալի բառը «միասնական»-ն է։ Մենք հաջողում ենք, երբ միասին ենք, սա լինելու է հիմնական  ուղղությունը, որի շուրջ բնական է, պետք է տանել սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, անվտանգային հարցերը, այդ ոլորտները պիտի զարգացնենք, բայց ամեն ինչից առաջ միասնական լինելն է»։

Մարզի պաշտպանությանը վերաբերող  հարցերին Սյունիքի նորանշանակ մարզպետը չի պատասխանում։ Համոզված է՝ ուժային կառույցները զգոն են, իրենց գործն անում են։

Ռոբերտ Ղուկասյան․«Գիտեմ, որ Դուք էլ եք տեղյակ մեր միջգերատեսչական աշխատանքային խմբում հաստատված բազմաթիվ ծրագրերին, որոնք թեև անուղղակի են առնչվել պաշտպանությանը, բայց դրանք փորձել ենք չլուսաբանել, որովհետև չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Ինչ վերաբերում է ընդհանուր անվտանգային հարցերին, ապա մարզում ներկայացված է պաշտպանության նախարարությունը, և ունենք ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր և մի շարք կառույցներ, որոնք զբաղվում են ,ու էլի եմ ասում՝ յուրաքանչյուր ոք պիտի զբաղվի իր ոլորտով»։

Աշխատել խոստանում է, կադրային փոփոխություններ՝ ևս, ջարդ՝ ոչ։ Ռոբերտ Ղուկասյան․

«Կադրայինը ընթացիկ է, այստեղ պետք է նկատի ունենալ, որ ամեն ինչ լինելու է աշխատանքի օգտակար գործողության գործակցի հիման վրա»։ 

Սյունիքի նոր մարզպետը  խոստանում է հասանելի լինել լրագրողների համար, բայց նաև շեշտում՝ հարցերին մանրամասն կանդրադառնա 100 օրից։

Back to top button