ԿարևորՀասարակություն

100 նոր 12-մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուս կներկրվի Հայաստան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կարվի օպտիմալացում: Երևանի ավագանին այսօր կայացած հերթական նիստում հավանություն տվեց որոշման նախագծին:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, կարևորելով կառուցվածքային փոփոխության իրականացումը, նշել է, որ այն ոլորտում համակարգված ու միասնական մոտեցմամբ աշխատանքի երաշխիք կլինի: Համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին նախազգուշացումներն ու դատական ծանուցումներն այսուհետ կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, ինչն իր հերթին գործառույթը կդարձնի առավել վերահսկելի և թափանցիկ:

Ավագանին հաստատել է նաև Երևանի զարգացման 2021թ. ծրագրի իրականացման ու քաղաքի 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունները: Հարկ է նշել, որ, մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, զույգ նախագծերը նախ դրվել են հանրային քննարկման, բնակիչների մասնակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել են բաց լսումներ:

Ներկայացնելով 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի պլանավորման, ինչպես նաև գնումների գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բարեփոխումների նոր համալիր ծրագրեր են նախաձեռնվել մի շարք ոլորտներում:


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն, իր հերթին անդրադառնալով 2021թ. բյուջեի փաստացի եկամուտներին, իրականացված ծախսերին ու կատարողականին, ընդգծել է, որ քաղաքի համար կարևոր ծրագրերը ժամանակին ու լիարժեք կյանքի կոչելու համար հարկավոր են համալիր լուծումներ, ինչն էլ համայնքն այսօր նախաձեռնել է. հաշվի կառնվեն բոլոր ռիսկերը, կլինեն համակարգային փոփոխություններ ու աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

«60 %-ը գնումների ճիշտ կազմակերպման հետ կապված խնդիրն է և 40 %-ը՝ մարդկային գործոնի, որոնք կարող են ազդեցություն ունենալ ելակետային արդյունքի վրա: Այս պահի դրությամբ իրականացվում են փոփոխություններ և ընդհանուր պատկերացումը կներկայացվի Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին»,- նշել է քաղաքապետը:

Օրակարգի 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով հաստատվեցին քաղաքի համար կարևոր հավելյալ մի քանի ծախսային ծրագրեր:

Մասնավորապես, կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով էլ կհատկացվի 190 մլն. դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածք:

Back to top button