ԿարևորՔաղաքական

«Խաղաղասիրական» ռազմական հայեցակարգ․ ինչո՞ւ ՀՀ ԶՈՒ-ն չի սաստում ադրբեջանական սադրանքները

Կառավարության ծրագրի՝ պաշտպանական ոլորտին առնչվող հատվածում նախանշված է, որ ռազմական դոկտրինի մշակումը կսկսվի 2022–ի երրորդ եռամսյակում՝ ազգային անվտանգության ռազմավարության վերանայումից հետո։ Այդ փաստաթղթում հստակ սահմանվելու է Հայաստանի «խաղաղասիրությունը»։  

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում հաստատել է, որ փաստաթղթում ամրագրվելու  է այն ձևակերպումը, համաձայն որի՝ ՀՀ ԶՈՒ–ն զարգանալու և վերափոխվելու է ոչ թե ագրեսիայի, այլ՝ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով։ Ինչ է սա նշանակում և ինչպես է ընկալվում  սահմանային նոր լարվածությունների ֆոնին։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը չի տիրապետում որևէ տեղեկատվության Ադրբեջանի հետ մոտալուտ և հնարավոր նոր պատերազմի մասին՝ ԱԺ-ում լրագրողներին ասել է կառույցի փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։

«Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն, կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսի»։

Հարցը շրջանառվում է ոչ միայն Ադրբեջանի հրահրած սահմանային լարվածության, այլև ՝ կողմերի՝ միմյանց ներկայացվող առաջարկների ֆոնին։ Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկների փաթեթ է ներկայացրել Երևանին։ Դրանից ավելի վաղ Հայաստանի  արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Երևանն առաջիկայում պատրաստվում է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։ Այսօր էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ասել, թե  Բաքվի առաջարկած կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է արցախահայության իրավունքների և ազատությունների երաշխավորումը և  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը։

Վերլուծական դաշտում կարծում են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի արտգործնախարարությունը լավագույն տարբերակն է գտել վերջնագիր  հիշեցնող առաջարկներին պատասխանելու համար։ Այդ պատասխանով փորձ է արվում վերադառնալ ոչ միայն Արցախի հարցի միջազգայնացմանը ԵԱՀԿ-ի շրջանակներում, այլև նույն դաշտ տեղափոխել սահմանագծման ու սահմանազատման, ճանապարհների ապաշրջափակման և այլ հարցերը՝ փորձելով դուրս գալ աշխարհաքաղաքական ծուղակից։ Կա նաև ռուս խաղաղապահների գործոնը։ Ըստ որոշ գնահատականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի հրահրած լարվածությունը կարող է ուղղված լինել հենց նրանց՝ տարածաշրջանից դուրս մղելու նպատակով։ Որքան էլ զարմանալի է՝ այս փուլում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները վերլուծաբանները կապում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման հետ։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը պատահական չի համարում, որ Հայաստանի վարչապետը  միջազգային գործընկերների հետ հեռախոսազրույցներում մշտապես ընդգծում է հենց ՄԽ-ի ձևաչափի անհրաժեշտությունը։

«Եթե հայկական կողմը պատասխանում է Ադրբեջանի այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» այդ 5 կետերին և բանակցությունների կազմակերպման համար դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը և նշում է այն փաստաթղթերը, որոնց շրջանակներում հայկական կողմը տեսնում է, որ կարող են այդ բանակցությունները տեղի ունենալ, նշանակում է, որ սրա վերաբերյալ քիչ թե շատ պետք է լինի կոնսենսուս։ Նկատի ունեմ, որ որոշակի  համաձայնություն  պետք է լինի ՌԴ, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև։ Այն բոլոր տնտեսական պատժամիջոցները, որ կիրառվում են Ռուսաստանի դեմ, բերելու են վերջինի դիրքերի թուլացման նաև Հարավային Կովկասում։ Որպեսզի այդ դիրքերը չթուլանան, մասնավորապես, ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում, ՄԽ համանախագահության ձևաչափը իդեալական է այս ճանապարհով գնալու համար»։  

Հակառակ պաշտոնական Բաքվի 5 կետանոց առաջարկներին և պաշտոնական Երևանի փորձերին՝ ակտիվացնելու ՄԽ աշխատանքը, սահմանային իրավիճակը վերջին շրջանում կրկին լարված է։ «Կայուն լարված»՝ այսպես է ձևակերպում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Հստակեցնում է, որ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ուժերը չեն մտել, լարվածության ուղղությունը հիմնականում Արցախն է։ Փոխնախարարը հիմնավորում է, թե ինչու հայկական ԶՈՒ-ն կոշտ և արագ չի արձագանքում հակառակորդի յուրաքանչյուր տեղաշարժին։

«Միգուցե դուք ակնկալում եք մի քայլ, սակայն ԶՈՒ-ի և պատասխանտու այլ մարմինների համար քայլերի ընտրությունը տարբեր է, որովհետև իրենք ունեն ավելի շատ տեղեկատվություն, իրենք գնահատում են օպերատիվ իրավիճակը և այդ քայլերը իրականացվում են տրամաբանված։ Անխոհեմ, պահի թելադրանքով իրականացվող որևէ քայլը կարող է ճակատագրական լինել ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ ՀՀ ԶՈՒ ձեռնարկում են միջոցներ, որպեսզի կայունությունը ամրապնդվի, սա չի ենթադրում, որ հարձակման կամ մեր նկատմամբ ագրեսիվ պահվածքի դեպքում մենք ոչինչ չենք անելու։ ամսի 13–14 գիշերվանից և այսօր ևս մենք թեև լուրջ խնդիր չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ոչ Սյունիքի մասին չէ խոսքը, Արցախի հատվածում է լարվածությունը։ Ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների և այլ գործողությունների միջոցով էսկալացիայի որևէ խնդիրներ չծագեն»։

Փոխնախարարը հատուկ ընդգծում է՝ Հայաստանն ամեն ինչ անում է լարվածությունից խուսափելու համար։ Հայկական կողմի «խաղաղասիրությունը» արտացոլված է լինելու անգամ ռազմական հայեցակարգում, որի մշակումը կսկսվի 2022–ի երրորդ եռամսյակում՝ ազգային անվտանգության ռազմավարության վերանայումից հետո։ Թեև փաստաթուղթը դեռ չկա, բայց ընդդիմությունն արդեն տեսնում է բովանդակության խնդիրներ։ ԱԺ–ի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը բարձրաձայնեց ընդդիմությունից Գեղամ Մանուկյանը․

Գեղամ Մանուկյան․ «Պարոն Սարգսյան, կառավարության հաշվետվությունում գրված է, որ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգով ԶՈՒ-ն  զարգանալու և վերափոխվելու է ոչ թե ագրեսիայի, այլ՝ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով։ Մեր ԶՈՒ-ն երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող եղե՞լ է, որ հիմա էլ հայեցակարգով ուզում եք ոչ ագրեսոր ԶՈՒ ձևավորել, թե՝ ուղղակի «անատամ» ԶՈՒ, որը պաշտպանությունից հակահարձակման երբևէ ի վիճակի չլինի անցնելու»։

«Բնականաբար, մեր նպատակը «անատամ» բանակ ունենալը չէ։ Պաշտպանությունն իր մեջ ներառում է նաև հակահարձակում և այլն, սակայն, մենք պետք է ամրագրենք, որ ՀՀ ԶՈՒ նպատակը պատերազմ հրահրելը չէ, իր հարևանների նկատմամբ ագրեսիա դրսևորելը չէ։ Նախորդիվ, եթե նույնիսկ ամրագրված չի եղել, բնականաբար, այն ժամանակ էլ ՀՀ ԶՈՒ նպատակը չի եղել ագրեսիվ գործողությունները»։  

Բարեփոխումների ծրագրով նախանշվելու է նաև արտաքին հետախուզություն ունենալու առաջնահերթությունը։

Back to top button