Լարսն այսօր կբացվի․ պատերազմի հետևանքով հոսքն ավելացել է


Շուրջ 10 օր փակ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, հավանաբար, այսօր կբացվի։
«Եղանակային պայմանները հույս են ներշնչում»,-«Ռադիոլուր»-ին ասել է Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը՝ նշելով, որ ռուսական կողմում ավելի քան 3000 ավտոմեքենա է կուտակված, դրանց 15-20 տոկոսը հայկական են․
«Երեկվանից եղանակը բարելավել է, ճանապարհների մաքրման արդյունքում հույս ունեմ, որ այսօր արդեն մարդատար մեքենաների համար կբացվի»:
Լարսի բացումը սկզբում կվերաբերի միայն մարդատար մեքենաներին, որոնց սահմանահատումը Վրաստանի կառավարության որոշմամբ Ամանորից առաջ թույլատրելի է շուրջօրյա ռեժիմով։
«Ես հույս ունեմ, որ մոտ հինգ օրից որքան էլ ձյուն և փոթորիկ լինի, գարուն է, Լարսն ամբողջովին բացվելու է։ Ուղղակի վիճակը միայն բարդացնում են խուճապային տրամադրությունները, որոնք կապված են պատերազմի հետ»,-նկատում է Լարսում ՀՀ մաքսային կցորդը։
Լարսը փակ է արդեն 10 օր։ Սակայն պատերազմի սկզբից՝ փետրվարի 25-ից Լարսով ևս հոսքը մեծացել է․
«Միայն բեռնատարների հոսքն է ավելացել մոտ մեկ ու կես անգամ։ Ռուսաստանից ռուսներ, բեռալուսներ, ուկրաինացիներ գալիս են Վրաստան և Հայաստան»։
Ի դեպ, ցամաքային այս ճանապարհը համավարակի սկզբից շարունակում է որոշ սահմանափակումներով գործել հատկապես Ռուսատանի քաղաքացիների ելքի համար: