ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է NFT-ին և ի՞նչ կիրառություններ ունի․ ոչ փոխարինելի նշանների հայկական շուկան

Groksmith ընկերությունը (նախկինում` Hex Division) մինչև ռեբրենդինգը, ստարտափներին տրամադրել է խորհրդատվական ծառայություններ։ Այժմ Groksmith-ը գործարկում է նոր` Venture Builder բիզնես մոդել, որի շրջանակում, միանալով նորաստեղծ ստարտափներին, ընկերությունը ներգրավվում է դրանց ստեղծման աշխատանքների ամբողջ գործընթացում՝ այն դարձնելով առավել էֆֆեկտիվ և արագ: Ընկերության հետ հաջող համագործակցության օրինակ է Հայաստանում ստեղծված և այժմ արագորեն զարգազող Wirestock-ը, որը վերջերս ներգրավել է $2,3 մլն ներդրում։ Groksmith-ը պարբերաբար իրականացնում է Groktalk-եր, որոնք համախմբում են տարբեր փորձ և նախասիրություն ունեցող մասնակիցների՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ներկայացման և նեթվորքինգի համար: Այս անգամ համայնքը քննարկել է աղմուկ հանած NFT-ների` ոչ փոխարինելի նշանների  իրական ներուժը։ Արդյո՞ք դա «անեծք» է, որից քչերն են գլուխ հանում, թե՞ միլիոններ աշխատելու իրատեսական տեխնոլոգիա։

Իրական և թվային աշխարհում գոյություն ունեցող ցանկացած տվյալ կարող է դառնալ  NFT` ոչ-փոխարինելի նշան։ Ցանկացած ֆայլ ասելով՝ կարող ենք պատկերացնել նկար, ձայնագրություն․ այդ թվում՝ և այս ռեպորտաժը: Հիմնական միտքն այն է, որ տվյալ միավորը(token) պետք է յուրահատուկ արժեք ունենա։ Թե ինչ է նշանակում յուրահատուկ արժեք,  “Nooor Blockchain Armenia” ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Վիկտորիա Խեչումյանը օրինակով է բացատրում։

«Կարող ենք պատկերացնել, որ երկու 10 հազար դրամանոց ունենք, դրանցից մեկը պատահականորեն է մեր ձեռքում հայտնվել և դրա վրա կա հայտնի մարդու, օրինակ՝ Մայքլ Ջեքսոնի ստորագրությունը։ Հիմա մենք ունենք երկու 10 հազար դրամանոց թղթադրամ, բայց այդ թղթադրամներն իրականում համարժեք չեն, որովհետև մյուսի վրա  բացառիկ, յուրահատուկ արժեք կա։ Դա հայտնի մարդու ստորագրությունն է։ Ու ստացվում է, որ եթե ստորագրությամբ թղթադրամն ինչ-որ մեկը ցանկանա գնել մեզնից 10 հազար դրամով, մենք պատրաստ չենք լինելու այդ գումարով վաճառել, որովհետև այն ավելին արժե»։

Եթե դուք գնել եք որևէ ոչ փոխարինելի նշան, ապա համարվում եք դրա սեփականատերը։ Այդ հնարավորությունը ստեղծվում է Blockchain տեխնոլոգիայի շնորհիվ։ Այս տեխնոլոգիան ապակենտրոնացված է․ չկա մարմին, որը կարող է տվյալ համակարգում ինչ-որ բան փոխել կամ, առանց բոլոր մասնակիցների համաձայնության, նոր տվյալ գրանցել։ Միակարգ լինելը (peer-to-peer) խոսում է այն մասին, որ տվյալ համակարգի բոլոր մասնակիցները ունեն հավասար իրավունքներ և տիրապետում են նույն տեղեկությանը։ Այսինքն, ցանկացած մասնակից(node) կրում է տվյալ համակարգում տեղի ունեցող գործողությունների, գործարքների մասին նույնական ինֆորմացիա։ Իսկ ի՞նչ հնարավորություն են տալիս NFT-ները արվեստի գործիչներին․

«Եթե ես նկարիչ, լուսանկարիչ, թվային արտիստ կամ ցանկացած այլ ստեղծարար գործունեությամբ եմ զբաղվում և որոշում եմ իմ աշխատանքը թվային աշխարհ տանել ու ստեղծել NFT, այսինքն, այդ տեխնոլոգիայից օգտվել, ես հստակ գրանցում եմ իմ սեփականության իրավունքը և նաև հնարավորություն  եմ տալիս տեսնելու, թե ինչ ճանապարհով  է անցնելու հետո իմ ստեղծած արժեքը»։

Այն, ինչ գրանցվում է բլոկչեյն համակարգում, փոփոխելի չէ։ Այսինքն, մի անգամ համակարգում գրանցվելուց, բոլորի կողմից հաստատվելուց հետո փաստացի որևէ մեկը չի կարող համակարգում ինչ-որ բան փոխել։ Ի վերջո, ի՞նչ է NFT-ին․ բիզնե՞ս, արվե՞ստ, թե՞ պարզապես տեխնոլոգիա, որի կիրառությունը թույլ է տալիս որոշակի խնդիրներ լուծել։ Իրականում, սահմանափակումներ չկան․ տեխնոլոգիայի կիրառությունը կարելի է տեսնել գիտության, անշարժ գույքի բնագավառում, գինիների արտադրության և գյուղատնտեսության մեջ։  Վիկտորիա Խեչումյան․

«NFT-ները միայն նկարների մասին չէ ամեն նախագիծ ինչ-որ խնդիր է լուծում կամ ինչ-որ համայնքի համար է որոշակի խնդիր լուծում։ Դրա շուրջ շուկա է ձևավորվում, արժեքների փոխանակում է տեղի ունենում, ու այդ հոսքն անընդհատ է։ Դրա շուրջ կարելի է բիզնես կառուցել, մի կողմից նոր շուկաներ են ստեղծվում, որտեղ կարելի է NFT վաճառել, մյուս կողմից NFT-ները որպես ստարտափ են ձևավորվում։ Մեկ այլ կողմից՝ NFT-ները ներդրումներ անելու դաշտ են։ Շուկան շատ հագեցած է, և անընդհատ աճելու մեծ պոտենցիալ կա»։ 

Հայկական Musk Factor հեռուստասերիալի NFT-ն առաջին անգամ վաճառվել է միջազգային հարթակում։ Այն գնահատվել է 8 հազար դոլար։ Տեխնոլոգիաները գլոբալ են, և էական չէ դա ստեղծողի և կիրառողի գտնվելու վայրը։ Այդուհանդերձ, արդյո՞ք բավարար ռեսուրսներ կան հայկական շուկայում նախագծեր իրականացնելու և հաջողության հասնելու համար։ Վիկտորիա Խեչումյանի դիտարկմամբ՝ բոլոր նախադրյալները կան՝ թե՛ մասնագետներ, որոնք տեխնոլոգիապես այդ ամենը պատկերացնում են, և  թե՛ մարկետոլոգներ, որոնք տիրապետում են շուկային․

«“Nooor Blockchain Armenia”-ում շատ տարբեր համագործակցության առաջարկներ ենք ստանում, որովհետև կան արդեն ձևավորված ընկերություններ, որոնք երկար տարիների աշխատանք են տարել և արդեն պատրաստի ստեղծագործություններ ունեն, որոնք  կարող են դառնալ NFT։  Կան սկսնակներ, որոնք դեռ չունեն պատրաստի նյութեր, բայց ունեն գաղափար ու գիտեն՝ ինչ է պետք անել։ Երկու կողմից էլ անընդհատ հոսք կա, փորձում ենք իրենց  օգնել, որ այդ նախագծերն առաջ գնան»։   

NFT-ի ների մասին զրույցն անցկացվում է պարբերաբար իրականացվող Groktalk-երի շրջանակում։ Հայկական բարձր տեխնոլոգիական համայնքում ղեկավարների շրջանում շփման մշակույթ միշտ է եղել։ Դա նպաստել է էկոհամակարգի զարգացմանը․ մարդիկ միմյանց հետ ծանոթացել են, բիզնես հիմնել, ներդրումներ ստացել։ Groktalk-երը բաղկացած են երկու մասից․ մասնագետը, որը փորձ ու գիտելիքներ ունի  որևէ առարկայից, ներկայացնում է այն, հաջորդում է հարց ու պատասխանը, նոր կապերի ստեղծումը։ Groksmith ընկերության տնօրեն Հովհաննես Կուլողլյան

«Մեր նպատակն այն է, որ այդ շփումը տեղի ունենա ոչ միայն հիմնադիրների շրջանում, այլ բոլոր մասնագետների, բարձր տեխնոլոգիական համայնքի բոլոր մարդկանց միջև»։

Groksmith ընկերությունը մինչ ռեբրենդինգը ստարտափներին տրամադրել է խորհրդատվական ծառայություններ։ Ընկերության նոր անվանումը բաղկացած է երկու բառից: Grok բառը ֆանտաստ գրող Ռոբերտ Հայնլայնի «Անծանոթը անծանոթ աշխարհում»(Stranger in a Strange Land)» գրքից է: Գրքում երկրի մասին ոչինչ չիմացող,  Մարսի քաղաքակրթության մեջ մեծացած երիտասարդը 25 տարեկանում վերադառնում է երկիր։ Բացահայտում է, որ մարսերենում եղած մի շարք բառեր չկան երկրի լեզուներում, քանի որ նախևառաջ դրանց գաղափարը չկա երկրում։

«Grok-ն այդպիսի մի բառ է։ Ուղիղ իմաստով նշանակում է խմել, իսկ փոխաբերական իմաստով՝ ինչ-որ երևույթի այնքան խորը գիտակցում, որ կմեկտեղվես, կմիաձուլվես այդ երևույթի հետ։ Smith-ը դարբինն է, որն արդեն գիտակցումից հետո աշխատանքի մասն է։ Այդ երկու բառերը միացնելով՝ ստացվում է գիտակցված աշխատանք, այսինքն, մենք փորձում են մեր կատարած աշխատանքին շատ գիտակցաբար մոտենալ»։ 

Groksmith ընկերությունն այժմ գործարկում է նոր` Venture Builder բիզնես մոդել։ Միանալով նորաստեղծ ստարտափներին՝ ընկերությունը ներգրավվում է դրանց ստեղծման ամբողջ ընթանցքում` այն դարձնելով առավել արդյունավետ և արագ:

Back to top button