ԿարևորՔաղաքական

Անդրանիկ Քոչարյանը հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի  15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին ու Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում պաշտպանության եւ անվտանգության տիրույթում իրականացվող բարեփոխումներին, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ նշելով, որ այդ երկիրը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները` չվերադարձնելով հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է տարածաշրջանում միջազգային հանրության օժանդակությամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Ներկայացնելով անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ոստիկանությունում, զինված ուժերում, ԱԱԾ-ում իրականացվող քայլերը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ բարեփոխումների կյանքի կոչման հարցում մեր երկիրը պարբերաբար քննարկումներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների օրակարգը, բանակաշինության գործընթացում իր տեսլականը՝ կարեւորելով Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը նաեւ պաշտպանության բնագավառում:

Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Կարդացեք նաև
Close
Back to top button