ԿարևորՀասարակություն

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է քրեականացնել կոչերը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ․ նախագիծը մերժվել է

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ արտահայտություններն ու կարծիքները։

Հեղինակներից Արամ Վարդեւանյանն ասել է, որ առաջարկությունը հիմնականում ուղղված է  Հայաստանից դուրս հնչող վտանգավոր հայտարարություններին։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ  առաջարկել է՝ օրինագծում հենց այդպես էլ նշել, որպեսզի հստակություն լինի։ Օրինագիծը չի ընդունվել։

«Հայաստանի տարածքայի ամբողջականությունը կամ դրա մի մասը կասկածի տակ դնելու մասին արտահայտությունները իրավական հետեւանքներ պետք է ունենան»,-Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ընդդիմադիր Արամ Վարդևանյանը։ Նա և «Հայաստան» խմբակցությունից ևս երկու պատգամավոր փոփոխություններ են առաջարկում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում։ Պատգամավորը մանրամասնեց՝ իրենց առաջարկությունները վերաբերելու են հիմնականում երկրի տարածքից դուրս հնչող արտահայտություններին․

«301-րդ  հոդվածը գոյություն ունի։ «Կոչ» եզրույթը եւ «արտահայտություն» եզրույթը տարբեր են։ Համոզված եմ, որ եթե  սա ընդունվի, վերաբերելու է ՀՀ տարածքից դուրս գրանցվող դեպքերին, ու կնշանակի, որ սահմաններն անցնելու դեպքում իրավական հետեւանք է ունենալու։  Եթե որեւէ մեկն ասի, որ Սեւանը մերն է, պետք է իմանա, որ  պատասխանատվության է ենթարկվելու»։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը փորձեց հստակեցնել՝ տպավորություն է, որ առաջարկը ուղղված է Ալիեւի դեմ։ Նկատեց՝ բայց դրա համար ունենք 301 եւ 300.2 հոդվածները․

«ՔՕ-ն ունի 301 հոդված, 300.2 հոդվածը։ Մեկը տարածքային ամբողջականության դեմ գործողություն կատարելու մասին է,  մյուսը՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ կոչեր հնչեցնելու»։  

 «Կոչը մի բան է, կարծիքն ու արտահայտությունը՝ մեկ այլ  բան, եւ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած կարծիք ու արտահայտություն եւս պետք է քրեականացվի»,- բացատրեց ընդդիմադիր պատգամավորը։ Ասաց՝ իրենց առաջարկը, եթե ընդունվի, կարող է որոշ չափով զսպել  հակառակորդին։  

Պետաիրավական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց  հստակեցնել  հոդվածը, որպեսոզի որոշակի լինի,  որ այն դրսից, օրինակ՝ Բաքվից հնչող հայտարարությունների համար է։ Արամ Վարդուանյանն ընդունեց առաջարկը, սակայն ոչ թե այն փոխելու, այլ եւս մի կետ ավելացնելու պայմանով։

Վահագն Հովակիմյանն առարկեց․ «Մենք պետք է նման դիսկուսները բացառենք։ Չպետք է լինի, որ մեկը ավելի հայրենասեր երեւա։ Մեր երկրի սուվերենությանը վնասող քննարկումներ մի՛ հարուցեք»։

ՔՊ-ական պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։

Արդարադատության փոխնախարար, կառավարության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանն ասաց, որ կառավարությունը  բացասական եզրակացություն է ներկայացրել օրինագծի վերաբերյալ, քանի որ այլ հոդվածներով համանման պատասխանատվություն նախատեսվում է։ Բացի դա․  

«Այո, հրապարակային կոչն ու արտահայտությունը, կարծիքը տարբեր հասկացութային ապարատներ են։ Դրա համար, ՔՕ-ն, հաշվի առնելով խոսքի ազատությունը, ցանկացած ժողովրդավար երկրում  օգտագործում է ոչ թե արտահայտություն, կարծիք , այլ «հրապարակային  կոչ» տերմինը»։

Արամ Վարդեւանյանն ընդունեց, որ իրենց առաջարկը վերաբերում է նաեւ ՀՀ տարածքում ՀՀ տարածքային ամբողջականությանը  վտանգող կարծիքներին, քանի որ վերջին շրջանի պատմությունը  ցույց է տվել, որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ են տրամադրվել  հակառակորդին։

Քվեարկության արդյունքում 6դեմ 4կողմ ձայնով ընդդիմության ներկայացրեծ օրինագիծը չընդունվեց։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանի կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքին և արդյունքներին։ Զեկույցը ներկայացնում էր Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցը՝ ուղղված նախարարին, վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներին։

Ինչու՞ է Սահմանադրությունը բարեփոխելու հարց առաջացել․ «Հայաստան»  խմբակցությունից Արթուր Ղազինյանին հետաքրքիր էր, թե  մասնավորապես ինչ խնդիրներ են եղել Սահմանադրության մեջ, որ անհրաժեշտություն է առաջացել  բարեփոխել այն, նաև՝ ինչո՞ւ է երկու անգամ հանձնաժողով ձեւավորվում։  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց  սահմանադրական բարեփոխումների ընթացքը։ Ասաց՝ առաջին հանձնաժողովի ընթացքը կասեցրեց 44- օրյա պատերազմը։ Բացի դա՝ քաղաքական խոսակցությունները գերակշռում էին մասնագիտականին, ինչը հաշվի առնելով էլ այսօր կտարանջատվեն  քաղաքական ու նեղ մասնագիտական հարթակները։

Իսկ Սահմանադրությունը բարեփոխելու կարիք առաջացավ, քանի որ,  օրինակ, Սահմանադրությամբ չէր նախատեսվում, որ երկրի նախագահը կարող է հրաժարական տալ։

«Սահմանադրությունը գրվել է, բայց հաշվի չի առնվել, որ նախագահը կարող է հրաժարական տալ։Այլ օրինակ բերեմ՝ գենշտաբի կամ մնացածների հետ կապված խնդիրները»։

Պետաիրավական հանձնաժողովում քննարկված հարցերը առաջիկայում կներկայացվեն Ազգային ժողովի լիագումար նիստում։

Back to top button