Հասարակություն

Նոր հնարավորությո՞ւններ, թե՞ նոր խնդիրներ․ ինչպես կարձագանքի գործարար համայնքը ՌԴ պատժամիջոցներին

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցները գնալով խստանում են։ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը օրերս հայտնել է, որ երկրի Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստների կեսը սառեցվել է։

«ՌԴ-ի ընդհանուր պահուստների ծավալը $640 միլիարդ է։ Մոտ $300 միլիարդ պահուստներ այժմ այն վիճակում են, որ մենք չենք կարող դրանք օգտագործել»,-ասել է նախարարը։ ԱՄՆ-ի հավելյալ պատժամիջոցների շրջանակում էլ Ռուսաստանում արգելվել է ամերիկյան դոլարի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը։ Որքան օղակը սեղմվում է Ռուսաստանի  տնտեսության շուրջ, այնքան  ակնառու են դառնում խնդիրներն առևտրային գործընկեր երկրներում։ Պատժամիջոցների բացասական ազդեցությունը կզգա նաև Հայաստանի տնտեսությունը, բայց որոշ փորձագետներ ստեղծված իրավիճակում նաև նոր հնարավորություններ են տեսնում։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հայ գործարարների համար կստեղծեն խնդիրնե՞ր, թե՞ նոր հնարավորություններ․փորձագիտական կարծիքները տարբեր են։ Գործարար, տնտեսագետ Երվանդ Թարվերդյանը, «Ռադիոլուր»-ի հետ  զրույցում  սեփական փորձն աչքի առաջ ունենալով, թվարկում է արտահանմանը խոչընդոտող հանգամանքները, որոնք առաջ են եկել այս օրերին։ Նկատում է՝ հայկական ապրանքները ՌԴ չեն արտահանվում։ Եղանակային վատ պայմաններին, ինչի հետևաքնով Լարսը փակ է տասը օրից  ավելի, գումարվել են նաև ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ։

«Ռուսական ռուբլին մոտ 60 տոկոսով արժեզրկվել է։ Հայաստանի առևտրային  առաջին գործընկերը ՌԴ-ն է, հատկապես գյուղոլորտի ապրանքները  հիմնականում ՌԴ են արտահանվում։ Հայաստանի արտահանողները չեն կարող 60-70 տոկոսով թանկ գներով արտահանել իրենց արտադրանքը։ Ադապտացվելու համար երկար ժամանակ է պետք»։

Գինի, կոնյակ, ձկնամթերք՝ որոշակի քանակությամբ, պահածոներ ու թարմ պտուղ-բանջարեղեն, հումքային արտադրանք․ ՌԴ արտահանվող ապրանքների հիմնական ցանկն է։   2021-ի  դեկտեմբերի տվայլներով՝ Հայաստանից ավելի քան 200 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել։ Սա շուրջ 38.5 տոկոսով ավելի է 2020-ի (145830 տոննա) ամբողջ տարվա և 41.3 տոկոսով՝ 2019-ի (142893 տոննա) ծավալից: 2021-ին արտահանման առաջատարը կարտոֆիլն էր՝ ավելի քան 48 հազար տոննա, ինչն ավելի է թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի ցուցանիշից: Ավելի քան 35 հազար տոննա էլ ծիրան է արտահանվել։ Արտահանման առաջին եռյակում նաև լոլիկն է՝ մոտ 35 հազար տոննա (34961 տոննա), 2020-ի և 2019-ի համեմատ դարձյալ աճ կա:

Տնտեսագետ Թարվերդյանն ընդգծում է՝ հայկական գյուղմթերքն այս տարի ռուսական շուկայում մրցունակ չի լինելու։ Ռիսկի տակ է ոչ միայն թարմ պտուղ-բանջարեղենի, այլ նաև  վերամշակված գյուղմթերքիարտահանումը․

«Մեր ապրանքի գինը դրամով, փաստացի, երկու անգամ ավելի ցածր է լինեու անցյալ տարվանից։ Եթե լավ գյուղատնտեսական տարի լինի, օրինակ՝ ծիրանի կամ մյուս պտուղների դեպքում, մենք գնի կեսը՝ կուրսով հաշված, կորցնելու ենք։ Նույնը նաև վերամշակմանն է վերաբերում։ Հայկական ապրանքը դիտարկենք գնողունակությունը թույլ չի տալու, որ հայկական ապրանքը շուկայում լինի։ Հետևաբար, մեր արտահանողը վնաս է կրելու»։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվանից 24.5%-ով ավելի։  Անցյալ տարի, ինչպես և նախորդ տարիներին,  Հայաստանից արտահանվող ապրանքների կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը եղել է 28%, իսկ ներմուծման կազմում՝ 33.3%:  Թե՛  արտահանման, թե՛  ներմուծման գծով Ռուսաստանին հաջորդող երկրների կշիռները շատ ավելի ցածր են։ Արտահանման մասով Ռուսաստանին հաջորդում է Չինաստանը՝ 13% տեսակարար կշռով, ներմուծման գծով ևս նշված երկիրն է՝ 16.2% կշռով։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը նկատում է՝ մատակարարման շղթայում խնդիրներն ակնհայտ են․

«Արտահանման գործընթացը կասեցված է, ինչը խոչընդոտներ ու ռիսկեր է առաջացնում հենց մեր արտահանողների համար՝ պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ։ Հայկական ապրանքների գները ռուսական շուկայում արդեն մրցակային չեն։ Կարճաժամկետ  հատվածում արտադրողները, արտահանում իրականցնելիս, խնդիրներ են ունենալու։ Երկարաժամկետում, եթե ռուբլին կայունանա, գուցե հնարավոր լինի նորից ոլորտներ նվաճել․ սա այն դեպքում, եթե ՌԴ-ից դուրս եկած ընկերությունները չվերադառնան»։

Փորձագիտական դաշտում ստեղծված իրավիճակը դիտարկվում է նաև որպես  հնարավորություն։ Շուկան բացվում է, և այնտեղ կարող են գործունեություն ծավալել նաև  հայ գործարարները։ Հենց այստեղ է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մտահոգվելու առիթ տեսնում․ 

«Այսօր մեր տնտեսության ո՞ր ոլորտն է, որ պատրաստ է մեծ ծավալի ու ամենակարևորը՝ ստաբիլ մատակարարում իրականացնել որևէ շուկա, այդ թվում՝ ռուսական։ Արտահանման ծավալների մասին խոսում ենք 2015թվականից, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին։ Ասում էին՝ 180 միլիոնանոց շուկա է, տեսեք՝ ինչ է  լինում։ Իրական կյանքը ցույց տվեց, որ մեր տնտեսության մեջ(եթե կազմակերպություններից վերանանք) ուղղակի պատրաստ չեն առանձին ոլորտներ նորմալ մատակարարում իրականացնել»։

Ներմուծման կշռում էլ  առաջատարը ՌԴ-ն է։ 2021-ին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 մլրդ 782 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2%-ով։  Ներմուծման մասով պատկերը ավելի հուսալի է՝ արձանագրում են տնտեսագետները։ Սա, ըստ էության հնարավորություն է։ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանին լսենք․

«Ռուսական ռուբլու անկումը պարարտ հող է նախապատրաստում ՌԴ-ից ներմուծվող ապրանքների ծավալի աճի համար։ ՌԴ-ն տարբեր շուկաներում՝ ոչ միայն Հայաստանում, մրցակցային առավելություն է ձեռք բերելու, և կարծում եմ, որ դրանից օգտվելու է»։

Ներմուծման ծավալները կավելանան, հայկական շուկայում ավելի ցածր գին ունեցող ապրանքներ կհայտնվեն։ Բայց կա նաև մտահոգվելու առիթներ․մասնավորապես, ըստ փորձագետների, տեղական արտադրանքի բարձր ինքնարժեքը։ Ասում են՝ այս դեպքում էլ տեղական արտադրողներն են կանգնելու խնդիրների առջև։  Չի բացառվում, որ մրցակցությանը չդիմանան։

Back to top button