ԿարևորՀասարակություն

Տանելու են այդ մթերքը փչացնեն, թափեն․ սննդամթերքի անվտանգության տեսչականի ղեկավարը՝ հախուռն գնումների մասին

Շաքարավազի, ալյուրի ու ձեթի՝ Հայաստանում առկա ռեսուրսները կարող են բավարարել երկրի բոլոր քաղաքացիների 2-3 ամսվա կարիքները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցնում է՝ խուճապի կարիք չկա․

«Մենք առաջիկա 2-3 ամսվա որևէ խնդիր չունենք, խուճապի կարիք չկա։ Տանելու են այդ սննդամթերքը փչացնեն, թափեն, անիմաստ է։ Մենք բանակցություններ տանում ենք, որ կարողանանք ապահովել պարենը նաև հետագայում։ Որովհետև Ռուսաստանի արտադրության կամ արտահանման ծավալների մեջ մենք շատ փոքր տոկոս ենք կազմում, և մեր սպառած սննդամթերքն իրենց պարենային անվտանգությանը, կարծում եմ, չի վնասի»։

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքները Հայաստանը ևս զգում է իր շուկայի վրա, սակայն մտահոգությունները հաճախ անհիմն են։ Օրինակ, չնայած Ռուսաստանից հացահատիկի արտահանման սահմանափակումներին, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն օրերս հայտարարել էր․

Չնայած Ռուսաստանը մինչև 2022թ․ կես սահմանել է հացահատիկի արտահանման  սահմանափակումներ այդ թվում՝ ԵԱՏՄ, այդուհանդերձ, կարիքի դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակ՝ ՌԴ տրամադրած լիցենզիաների միջոցով։

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսչական մարմինն ամփոփել է սպառողների անվտանգության իրավիճակը։ Կարծում են, որ խնդիրը երբեք էլ մինչև վերջ չի լուծվի, ինչպես չի լուծվում աշխարհի որևէ երկրում, սակայն դրական տեղաշարժ նկատվում է։ Ամենաուրախալին, Ավետիսյանի խոսքով, այն է, որ սպառողն այսօր ավելի պահանջատեր է։

«Յուրաքանչյուր սպառող, որը մեզ հետ համագործակցում է, զանգում է, բողոքում է այն  խնդիրներից, որ կա սննդի անվտանգության ոլորտում, մենք դրանից ոչ միայն չենք նեղանում, այլ նաև ուրախանում ենք, որ կա ևս մեկ գործիք։ Անցած տարի երևի միակ տարին էր, որ 100 տոկոսով կարողացանք իրականացնել մեր բոլոր պլանային ստուգումները, բացի այդ՝ 300 ստուգում ենք արել բողոքների հիման վրա։ Եթե հաշվի առնենք, որ պլանային ստուգումները տարեկան միջինում մոտ 1000 են, 300-ը բավականին մեծ թիվ է։ Փաստորեն 30 տոկոսով ավելի վերահսկողական միջոցառումներ ենք իրականացրել և ստացել ենք համապատասխան արդյունքներ»։

Սպառողները ապրանքների դեֆիցիտի թեմաներից խուճապի մատնվելու փոխարեն պետք է ավելի ուշադիր լինեն, թե ինչ սնունդ են սպառում, ընդ որում՝ իրենց իսկ ընտրությամբ։ Տեսչականում  ամենալուրջը մտահոգ են մսամթերքի ոլորտի խնդիրներով․

«2020-ից ունենք իրավական կարգավորում, որը պարտադրում է սպանդանոցային մորթը, սակայն ժամանակը և պրակտիկան ցույց է տալիս, որ կա միս վաճառող  մարդկանց խումբ, որոնք մեխանիզմներ են մշակել, որով խաբում են թե մեզ, թե սպառողներին։ Մենք էլ հակազդում ենք և մտածում ենք այլ մեխանիզմներ, որոնցով կարողանանք կանխել խաբելու պրոցեսը և թույլ չտալ, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառվի խանութներում, էլ չեմ ասում փողոցային առևտրի մասին»։

Նախորդ տարի տեսչականի ստուգումներով կասեցվել է ոչ պատշաճ պայմաններում աշխատող շուրջ 60 կազմակերպության գործունեություն, մեծ մասը՝ հաց արտադրողներ։ Տնտեսվարողները հաճախ օգտվում են հանգամանքից, որ պակաս ռիսկային համարվող այս ոլորտում տեսչականը լիազորված է ստուգում անցկացնել 3 տարին մեկ։

«Շատ հաճախ փոքր հացի փռերը լինում են թաքնված, մեզ մոտ գրանցած չեն, և ավելի շատ գնում ենք բողոքների հիման վրա ստուգումներ անելու։ Բոլոր խնդիրները վերաբերում են սանիտարահիգիենիկ պայմաններին։ Առաջին հերթին տուգանում ենք մեր ցանկում չգրանցվելու համար, հետո նոր վարչական վարույթի շրջանակում այլ խախտումների համար ենք տուգանքներ կիրառում»։

Տեսչական մարմնի տուգանքները 100-300 000 դրամ են։ Կառույցի ղեկավարը պատմում է՝ խախտում թույլ տված տնտեսվարողները հիմնականում խնդրում են չհանրայնացնել իրանց անունները, քանի որ տուգանքից ավելի իրենց վնասում է ոչ բարեխիղճ տնտեսվարողի համբավ ձեռք բերելը։

Back to top button