ԿարևորՄիջազգային

Պետք է բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար. Զելենսկի

Մոսկվայի պատվիրակության հետ բանակցություններում Կիևի ներկայացուցիչները պետք է բոլոր ջանքերը գործադրեն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր պատվիրակությունների ներկայացուցիչները՝ մեր երկրների պատվիրակությունները, ամեն օր շփվում են տեսաֆորմատով, մեր պատվիրակության առջեւ հստակ խնդիր կա՝ ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա, հանդիպում, որը, վստահ եմ, մարդիկ սպասում են։ Մենք հասկացանք, որ սա դժվար պատմություն է, դժվար, բայց անհրաժեշտ ճանապարհ, և մեր նպատակն է, որ այս պայքարում, այս բարդ բանակցային աշխատանքի ընթացքում, Ուկրաինան ստանա այն անհրաժեշտ արդյունքը, որը պետք է մեզ, խաղաղության, անվտանգության համար, որպեսզի ունենանք նորմալ ու արդյունավետ երաշխիքներ»,- ասել է նա տեսաուղերձում։

Կիրակի օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կշարունակվի երկուշաբթի օրը՝ տեսակապի միջոցով։ Ավելի ուշ ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան տեղեկացրել է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:30-ին՝ չնշելով ժամային գոտին։

Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։ Զրույցից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից, սակայն դրանք պետք է ոչ թե ինքնանպատակ լինեն, այլ կոնկրետ պայմանավորվածություններ ամրագրելու միջոց։

Back to top button