ԿարևորՄիջազգային

Մարիուպոլի հայ համայնքի հետ կապն ընդհատված է. Ուկրաինայի հայերի միություն

Ուկրաինայի պատերազմի 19-րդ օրը հարավարևելյան Մարիուպոլ քաղաքը շարունակում է մնալ ռազմական գործողությունների ամենաթեժ կետը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Առավոտյան ուկրաինական աղբյուրները հայտնում էին նաև Ուկրաինայի արևմուտքում գտնվող Ռովնո քաղաքի մերձակայքում և Կիևի արվարձաններում նոր պայթյունների մասին՝ հավելելով, որ գիշերն օդային տագնապ է հայտարարվել երկրի գրեթե ողջ տարածքում։

«Իրավիճակն օրեցօր ծանրանում է, քանի որ շրջափակված քաղաքներից չեն կարողանում խաղաղ բնակչությանը տարհանել կամ հումանիտար օգնություն տեղափոխեն այդ քաղաքներ։ Արդեն մենք էլ չենք կարողանում հայերին կամ այլ ազգի ներկայացուցիչներին օգնենք․ մարդիկ ցանկանում են դուրս գալ, բայց չգիտեն ինչպես»,-մանրամասնում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը և հավելում՝ որոշ քաղաքների հետ կապն ընդհատված է, մի քանի օր է հնարավոր չէ, օրինակ, Մարիուպոլի հայ համայնքի հետ կապ հաստատել։

«Ամբողջ աշխարհից զանգեր ենք ստանում Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքների վերաբերյալ․ ովքեր դեռ այդ քաղաքներում են, նրանց բարեկամները, հարազատները զանգահարում են, խնդրում են, որ օգնենք, հարցնում են՝ ինչպես կարող են կապ հաստատել։ Բայց մենք էլ ոչ մի կերպ չենք կարողանում կապ հաստատել, հոսանք ու կապ չկա այնտեղ, ոչ մի ինֆորմացիա չունենք»։

Ծանր մարտեր են ընթանում Մարիուպոլում, Խարկովում, Զապոռոժեում՝ պատմում է հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանը։ Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ վերջին երկու օրերին Խարկովում իրավիճակը չի փոխվել, լարվածությունը չի նվազել։

«Իրավիճակը նույն կերպ լարված է, ռմբակոծությունները շարունակվում են, այդ թվում՝ նաև բնակելի թաղամասերում։ Որոշ թաղամասերում եղել են նաև լույսի, ջրի, գազի խնդիրներ, բայց քաղաքային իշխանությունները հիմնականում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում և ստացվում է վերականգնել ենթակառուցվածքները։ Խանութները աշխատում են․ իհարկե, ապրանքները սուղ են, բայց սնունդ, դեղորայք հայթայթել ստացվում է»։

Հովհաննիսյանն ասում է՝ խաղաղ բնակչության տարհանման համար քաղաքից համեմատաբար անվտանգ ելքեր դեռ կան․ մարդիկ, որոնք ուզում են հեռանալ, ըստ Հովհաննիսյանի, կարողանում են դուրս գալ։

«Խարկովի մարզի փոքր ավաններում, գյուղերում, դեռ կան մարդիկ, որոնք հնարավորություն չեն ունեցել դուրս գալու և դեռ սպասում են հարմար հնարավորության։ Սակայն քաղաքից գնացքը, օրինակ, մինչև այսօր օրը մի քանի անգամ մարդկանց տարհանում է»,-պատմում է Համլետ Հովհաննիսյանը։

Մարտի 14-ին Սումիից խաղաղ բնակչության տարհանում չի լինի՝ տելեգրամյան իր ալիքում գրել էր քաղաքի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Ըստ նրա՝ կողմերը «կանաչ միջանցքներից» և ոչ մեկի վերաբերյալ առայժմ համաձայնության չեն եկել։

Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ վերջին օրերին հումանիտար միջանցքները գրեթե չեն գործել․ Ուկրաինայի հայաշատ քաղաքներում մինչև այսօր էլ կան հայեր, որոնք ցանկանում են դուրս գալ, բայց հնարավորություն չկա։ Պատմում է՝ օրեցօր նաև համայնքի հնարավորություններն են ավելի սահմանափակ դառնում։

«Ուրբաթ և շաբաթ օրերին Սումմից ենք 4-5 ընտանիք դուրս բերել, Չերնիգովից են 8 մեքենայով հայերը դուրս եկել։ Մարիուպոլում կան շատ հայեր, Դոնբասում, Խարկովում կան հայ ընտանիքներ, որոնք չեն կարողանում դուրս գալ։ Չերնիգով քաղաքում ունենք հայ ընտանիքներ, որոնք ինձ հետ կապ են հաստատել, ուզում են գոնե երեխաներին դուրս բերել, բայց դեռ չի ստացվում»,– պատմում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։

Հակատանկային մեխանիզմեր Ուկրաինայի Օդեսա քաղաքում

Ուկրաինայում օրեցօր սրվող հումանիտար խնդիրներին անդրադարձել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Կիրակնօրյա ավանդական պատարագից հետո, դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ռմբահարումները և բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակիչներին մարտական գոտիներից դուրս հանելու համար: Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են դրսևորում և ապաստան են տալիս ուկրաինացի փախստականերին:

«Սրտի ցավով միանում եմ պատերազմն ավարտելու մասին մարդկանց աղոթքներին»,-ասել է Հռոմի Պապը:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ միայն հումանիտար միջանցքներով մարտական գործողությունների վայրերից արդեն դուրս է հանվել գրեթե 125 հազար մարդ։ Ռուսական աղբյուրներն էլ հայտնում են, որ Ուկրաինայից Ռուսաստան տարհանվածների թիվը գերազանցել Է 220 հազարը:

Մարտի 11-ի դրությամբ ՄԱԿ-ի տվյալներով 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ևս 2 միլիոնը ներքին տեղահանվածներ են։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան 1,5 միլիոն, ապաստանել է հարևան Լեհաստանում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախօրեին հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր մայրաքաղաքի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ հեռացել է Կիևից։

Back to top button