ԿարևորՄշակույթ

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Էդուարդ Վուլֆսոնը

Հունիսի 6-ից 13-ը կայանալիք Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի մեծանուն ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը։ Վերջինս ջութակ նվագել սկսել է 6 տարեկանից, իսկ արդեն 9 տարեկանում Ռիգայի կոնսերվատորիայում ունեցել է իր առաջին համերգը։ Նա Պագանինիի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է եկել մի շարք երկրներում, համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Նատալյա Գուտմանը, Յուրի Բաշմետը, Յեհուդի Մենուհինը, Իդա Հենդելը, Դմիտրի Յաբլոնսկին, որի հետ ձայնագրել է Ռախմանինովի 2 տրիո։ 

Շուրջ 10 տարի է՝ Էդուարդ Վուլֆսոնն օգնում է նոր սերնդի մենակատարներին ավելի լայն հանրությանը ներկայացնելու իրենց տաղանդը։

Նա եղել է հունգարացի հայտնի ջութակահար Քրիստոֆ Բարատիի ուսուցիչը և օգնել է երիտասարդ երաժշտին հանդես գալու մեծ բեմերում։ 2015թ․-ից նա աշխատում է երիտասարդ և տաղանդավոր ջութակահար Դանիել Լոզակովիչի հետ, որն այսօր համարվում է իր սերնդի ամենապահանջված մենակատարներից մեկը։

Պրոֆեսոր Վուլֆսոնի հետ աշխատող երաժիշտները բազմաթիվ են, որոնք ամենահեղինակավոր միջազգային մրցույթներում արժանացել են կարևոր մրցանակների։

Այս տարի խաչատրյանական մրցույթն անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի երաժիշտներ։

Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը դասական երաժշտության սպասված և նշանակալի մջոցառում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Մրցույթը հիմնադրվել է 2003թ. հունիսի 6-ին` Հայաստանի և աշխարհի 20-րդ դարի դասական երաժշտության հենասյուն, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ: Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ:

Մրցույթը նպատակ ունի բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Խաչատրյանի անվան մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Back to top button