ԿարևորՀասարակություն

Անահիտ Ավանեսյանը` ԴՆԹ փորձաքննությունների, սքրինգային ծրագրի, աղի օգտագործման մասին

Աղի, աղամանի թեման այսօր տեղափոխվել էր  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով։ Նախարար Ավանեսյանը խորհրդարան էր եկել՝ ներկայացնելու  2021 թվականին առողջապահության նախարարության իրականացրած քաղաքականության կատարողականը: Հնչել են տարբեր ցուցանիշեր, նաև՝ մտահոգիչ տեղեկատվություն։

Մինչ այս պահը Հոլանդիա, Վրաստան, Գերմանիա և մի շարք այլ երկրներ կրկնակի փորձաքննության ուղարկված աճյունների մասունքների նմուշները 100%-ով համապատասխանել են Հայաստանում ստացված արդյունքներին՝ խորհրդարանում շեշտում է առողջապահության նախարարը՝ հաստատելով նաև, այնուամենայնիվ, կան զոհված զինծառայողների ծնողներ, որոնք անգամ եռակի փորձաքննությունից հետո էլ  չեն վերցնում  մասունքները՝ չվստահելով փորձաքննությանը։

Անահիտ Ավանեսյան․ «Այո, կան դեպքեր, երբ արդյունքները կրկնակի նույնականացվել են, որոշ դեպքերում՝ եռակի, հաստատվել են այլ երկրներում, բայց հարազատները դեռ պատրաստ չեն վերցնել աճյունները և հուղարկավորել»:

Չհուղարկավորված քանի՞ մասունք կա՝ Ավանեսյանը տեղեկատվությանը չի տիրապետում, հորդորում է քննչական մարմիներից ճշտել։

«Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնել և, ի վերջո, հուղարկավորել, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ ինչ-որ մի ժամանակ հետո պետք է  անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, եղբայրական գերեզմանի մասին խոսք չի գնում»:

Առողջապահության նախարարը խորհրդարան էր եկել՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում  ներկայացնելու իր հնգամյա ծրագրի 6 ամսվա ընթացքը։ Հընթացս՝ երկրի համար կարևոր մի շարք ցուցանիշներ ծնելիության աճի ու մանկական մահացության մասով։

«2021 թվականին կյանքի առաջին տարում արձանագրվել է երեխաների մահացության դեպքերի նվազում: Պետական աջակցությամբ 426 շահառու օգտվել է արհեստական բեղմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից: Գրանցվել է 188 հղիություն: Գրանցվել է 75 երեխայի ծնունդ»,- ասաց Ավանեսյանը:

Ու աղմուկ հանած  աղի նախագծի մասին․ հանրային օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջելու աղաման տեղադրելու դեպքում տնտեսվարողին 30 հազարով տուգանելու նախագիծը, հումորներով ու քննադատությամբ հանդերձ, չի փոփոխվի՝ ասաց նախարարը։ Նաև շեշտեց՝ քրեական պատասխանատվություն էլ   չի լինի. իրենց հանձնառությունը մեկն է՝ պահտպանել քաղաքացիների առողջությունը աղի չարաշահումից։ 

Աղի դեմ հակաքարոզի համար նախարարը կամ նախարարությունը դրամաշնորհ ստացե՞լ են, և եթե այո՝ որտեղից։ Ժողովրդագրական ամենատարբեր թվերի կողքին այս հարցն է հետաքրքրում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։ Նախարարին հարցը ծիծաղելի է թվում։ Հարցին, թե որտե՞ղ է իրենց տանն աղամանը, Ավանեսյանը պատասխանում է՝ այն իր տեղում է՝ պահարանում։

«Նախարարությունը ստանում է բյուջեով իրեն հատկացված միջոցներ, որի շրջանակներում են նաև հանրային առողջության իրազեկման, քաղաքականության մշակման և վարման բոլոր գործընթացները: Իսկ ես ստանում եմ աշխատավարձ՝ իրականացնելու այդ ոլորտի լիազոր մարմնի կառավարումը: Հավելյալ գրանտների, միջոցների մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Այո, մենք հետևողականորեն տանելու են քաղաքացիների առողջության պահպանման մարտավարություն: Մենք  պետք է հոգ տանենք մեր մասին այն ժամանակ,երբ առողջ ենք, պետք է վնասակար սովորություններից զերծ մնանք»,-ասաց նախարարը:

Մամուլից աղմուկը խորհրդարանում տրվող հարցերի մեջ է ներառվում։ Մեղադրում են պաշտոններում  ծանոթ-բարեկամ նշանակելու համար։ Նոր փոխնախարարի պաշտոնում շրջանառում  նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանի անունը։ 

«Խնամի, ծանոթ, բարեկամի» սկզբունքով պաշտոնների նշանակմանը վերջ է դրվել 2018թ-ին, և այդ քաղաքականությունը շատ հետևողական կերպով շարունակվում է»։ 

Եվ աղմկոտ հարցերի կողքին՝ կարևոր անելիքների մասին․ 2021թ․ մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում հետազոտվել է շուրջ 7000 կին։ Նախագիծը կիրականացվի նաև Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում։ Ցուցակում հաջորդը կլինի Շիրակի մարզը։

«Սա ամենակարևոր ծրագիրն է։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման շնորհիվ պացիենտները ամբողջովին վերականգնվում են։ Կանայք  պահպանում են նաև իրենց վերարտադրողական առողջությունը»,-ընդգծում է Ավանեսյանը։

Back to top button