ԿարևորՀասարակություն

Հայրենիքի դավաճանության հակված են նրանք, ովքեր չունեն հոգեբանական նույնացում սեփական էթնոսի հետ․ Կարինե Նալչաջյան

Հին աշխարհում պետական գաղտնիքը թշնամուն հանձնող հավաքագրված անձանց «ներքին լրտեսներ» էին անվանում։ Թշնամու ճամբար ապատեղեկատվության ուղարկված լրտեսներին կոչում էին «մահվան լրտեսներ», իսկ այն սակավ երջանիկներին, ում հաջողվում էր վերադառնալ՝ «կյանքի լրտեսներ»: Ո՞րն է  հայերիս վերաբերմունքը պետական դավաճանությանը, և ե՞րբ է քաղաքացին, պաշտոնյան, զինվորականը հայրենիքի նվիրյալ  ծառայողից դառնում  լրտես-դավաճան։

Հայրենիքին դավաճանելը, հօգուտ թշնամու լրտեսություն անելն անբարոյական վարքի ակնառու դրսևորումներից է, ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։Նրա խոսքով՝ մենք այսօր բարոյական նահանջ ենք ապրում։

«Հայրենիքին ավելի շատ հակված են դաճանելու այն մարդիկ, որոնք չունեն սեփական ազգի, սեփական էթնոսի հետ հոգեբանական նույնացում, այսինքն, «ես հայ եմ» զգացողությունը այդ մարդկանց մոտ թույլ է։  Այս դեպքում հեշտ է դավաճանել այն խմբին, որի հոգեբանական մասնիկը դու քեզ չես զգում»։

Խոսելով դավաճանությունը շատ գումար վաստակելու հնարավորությամբ մոտիվացնելու մասին՝ հոգեբանը հիշեցնում է Հուդայի պատմությունը, որն ընդամենը 30 արծաթով մատնեց Աստծու Որդուն։

Կարինե Նալչաջյանն ասում է, որ դավաճանության պատճառները տարբեր են, բայց հիմքում նույն շահն է. «Այս մարդկանց կարելի է գնել փողով, սա 30 արծաթի պատմությունն է։ Շատ փող, քիչ փողը հարաբերական մեծություն է։ Մենք բոլորս զարմացած ենք` լավ, այսքան դավաճան որտեղից։ Կան «հեդոնիստ» դավաճաններ, որոնք հանուն հաճույքի կարող են ամեն ինչ վաճառել։ Փողն իր հետևից բերում է հաճույքներ, սրանք մարդիկ են, որոնք չունեն կայուն արժեհամակարգ։ Եթե մեզ համար հայրենիքը բացարձակ արժեք է, ապա այդ մարդկանց` «հեդոնիստ» դավաճանների համար իրենք նույնիսկ իրենց համար արժեք չեն, ուստի, ցանկացած հարմար առիթի դեպքում նրանք կարող են մեծ կամ փոքր գումարով ծառայել թշնամուն` սեփական երկրի, ժողովրդի, ազգի անվտանգությունը «30 արծաթով» ծախելով»։

Դավաճանության, լրտեսության հակված մարդկանց բնորոշ է նաև վրիժառությունը. 

«Հանուն վրեժի, մանուկ հասակում հոգեբանական որոշակի բարդույթներ չհաղթահարելու հետևանքով, նրանք քինախնդիր են դառնում։ Դավաճանի վատթար տեսակներ կան` ցինիկ դավաճաններ են կոչվում։ Նրանք խաբեբաներ են ու ստախոսներ, դավաճանում են նրանց, ում կարող է սիրո, նվիրվածության և հավատարմության խոստում են տվել։ Դավաճանությունն ուղեկցում է մարդկությանը, և այնտեղ, որտեղ չկա բարոյական հասունություն, գլուխ է բարձրացնում դավաճանությունը»։

 «Ռադիոլուր»-ի մյուս զրուցակցի` գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով՝ դավաճանությունը, լրտեսական գործունեությունը որևէ արդարացում չունեն, անընդունելի է նման վարքագիծը։ Իրավական տեսանկյունից,  Աբրահամյանն ասում է, որ 44-օրյայից հետո պատերազմի հանգամանքներով, պատերազմին վերաբերող լրտեսական, դավաճանության դրվագներով 4 քրեական գործ է հարուցվել։ Դրանցից 2-ը 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս պահին տվյալ երկու գործերով ընթանում է դատաքննություն։ Համեմատաբար վերջերս հարուցված երկու գործերով էլ նախաքննությունը շարունակվում է․ խոսքը բացահայտված գործակալական մեծ ցանցերի մասին է։

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի` լրտեսական գործակալական ցանցի ներկայացուցիչների փոխանցած տեղեկությունների պատճառով պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորված հարվածներ է հասցրել կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների։ Թե ինչպես է ազդել պետական դավաճանությունը պատերազմի ելքի վրա, կպարզի քննությունը։ Գոռ Աբրահամյանը վստահեցնում է` կատարվածին տրվելու են իրավական գնահատականներ։

«Ամեն ինչ պետք է քննության առարկա դառնա։ Միայն ձեռք բերված ապացույցների ամբողջական գնահատման արդյունքում պետք է վերջնական գնահատականներ տրվեն անձանց գործողություններին` պարզելու համար, թե ով ինչ հանցանք է գործել, կատարվածը որքանով է համապատասխանում լրտեսության, պետական դավաճանության՝ քրեական օրենսգրքով սահմանված չափորոշիչներին։ Զգացմունքները՝ զգացմունքներ, ապրումները՝ ապրումներ, բայց զսպվածությամբ, օբյեկտիվ բազմակողմանի քննության ապահովմամբ պետք է բոլոր հարցերի պատասխանները տրվեն»։

Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 10-ի, այնուհետև մարտի 7-ի հայտարարությամբ հանրությանը տեղեկացրել էր, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանում և Արցախում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավվել են զինված ուժերի ստորաբաժանումներում ծառայող անձանց: Հարուցված քրգործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են երեք տասնյակից ավելի անձինք, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ: Ըստ ԱԱԾ-ի՝ գործակալական այս ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին:

Back to top button