ԿարևորՀասարակություն

Կերդվի, բայց խոստում դեռ չի տալիս. ի՞նչ տրամադրությամբ է գալիս նոր նախագահը

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նորանկախ Հայաստանի հինգերորդ ու խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի երկրորդ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանը, կերդվի՝ աջ ձեռքը Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության մայր օրինակի վրա։ Կերդվի հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով, ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ Ամուր երդումը` ԱԺ հատուկ հանդիսավոր նիստում։

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, որ պաշտոնը ստանձնել էր 2018-ի ապրիլին, այս տարվա հունվարի 23-ին հայտարարեց` որոշել է հրաժարական տալ։ Որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից` շեշտել էր ու բացատրել, որ ՀՀ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Փետրվարի 3-ին՝ կառավարության հերթական նիստի մեկնարկին, Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե ում են տեսնում այդ դիրքում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց հանրապետության նախագահի թեկնածուի պաշտոնում Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից։ Վարչապետն ընդգծում է․

«Կարևոր եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության բերումով Հանրապետության նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է համազգային, պետական շահերով։ Հավատացած եմ, որ կառավարությունը, խորհրդարանը նույնպես պետական, ազգային և համազգային շահերով են առաջնորդվում»։

Մարտի 3-ին խորհրդարանի իշխանական մեծամասնությանը միայն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով հաջողվեց ընտրել իր առաջադրած թեկնածուին՝ Վահագն Խաչատուրյանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բոյկոտեցին նախագահի ընտրության թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը: Առանց ընդդիմության մասնակցության էլ՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները․   

«ԱԺ 107 պատգամավորից նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է 71-ը, առկա էր 71 քվերաթերթիկ ։ 71-ն էլ կողմ են քվեարկել։ Կողմ՝ 71, դեմ՝ 0»։

Որո՞նք են լինելու Խաչատուրյանի առաջին քայլերը նախագահականում` կառավարության վերջին նիստին գործընկերների հրաժեշտից հետո`հաջորդած ճեպազրույցում չասաց, բայց որոշ քաղաքական շեշտադրումներ առանձնացրեց․

«Ամենակարևոր պարտականությունը, որ պետք է հետևել ՀՀ Սահմանադրությանը։ Սա ամենալավ պարտականությունն է։ ՀՀ–ում ամենապատասխանատու պաշտոնն է։ ՀՀ նախագահի օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգն է։ Հանրապետության նախագահը որևիցե ձևով կաշկանդված չէ քաղաքական ամբողջ սեկտորի հետ աշխատելու առումով, բայց դա չի նշանակում, որ իր օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում պետք է ինքնուրույն լինի և համահունչ չլինի Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որդեգրած արտաքին քաղաքականությանը։ Չի կարող այդպիսի բան լինել»։

Այս ընթացքում Խաչատուրյանը նաեւ հասցրեց հայտարարել, որ նրանք Սահմանադրական դատարանին քիչ հարցերով դիմել, իսկ մամուլը հասցրեց նկատել, որ մինչ այդ Խաչատրյան ազգանունով իրենց հայտնի քաղաքական գործչի անվան մեջ ու տառ ավելացավ, ու փաստացի երկրի նախագահի ազգանունը Խաչատուրյան է։ Անցնելով առաջ։ Նորընտիր նախագահի երդմնակալությանը չի մասնակցի Սերժ Սարգսյանը։ 3-րդ նախագահի գրասենյակը ֆեյսբուքով տեղեկացրեց՝ հրավերը ստացել են, սակայն Սարգսյանը «չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը”։ Ոչ միայն 3-րդ նախագահի, այլև մյուսների՝ հատուկ նիստին չմասնակցելը Վահագն Խաչատուրյանին չի անհանգստացնում․

«Բայց ինձ ինչու՞ պետք է անհանգստացնի։ Կարևորը, որ մենք հրավիրել ենք։ Մենք բաց ենք, ու հրավիրվածների ցանկը շատ մեծ է։ Որևէ սահմանափակում չկա։ Ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը։ Այդտեղ չի կարող պարտադրանք լինել։ Մեր երկիրը նրանով է տարբերվում, որ ժողովրդավարական երկիր ենք, ու մեր մոտեցումները դիմացինի նկատմամբ այդպիսին են։ Պետք է հարգել այդ մարդկանց իրավունքը, և ես հարգում են այդ մարդկանց իրավունքը, որից իրենք օգտվում են»։

Նախագահն ընտրվում է յոթ տարով։ Խորհրդարանական կառավարման համակարգով ապրող մեր երկրում նա առավելապես ներկայացուցչական գործառույթներով է օգտվում։

Back to top button