Մտքի ուժը

COVID-19-ով վարակվածները՝ սնկային հիվանդությունների կրո՞ղ․ «Մտքի ուժը»

COVID-19-ը նոր մարտահրավեր է համաշխարհային առողջապահության մասնագետների  համար։ Այս վիրուսը, որը երկու տարուց ավելի է, ինչ աշխարհին ստիպում է ապրել իր կանոններով, գիտական աշխարհի համար նաև նոր հնարավորություններ է ստեղծել։ Եվ ահա, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի  Տիգրան Մուշեղյանի անվան մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես նոր սթրեսածին գործոն, որոշել են COVID-19-ն ուսումնասիրել։ 

Ընտրությունը պատահական չէ, քանի որ այս ամբիոնում տարբեր էսքտրեմալ, սթրեսածին իրավիճակներում օրգանիզմների օնտոգենեզի կայունության և հոմեոստազի գնահատմանն ուղղված աշխատանքներ իրականացվում են։ Ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ասում է․

Աննա Կարապետյան

«COVID-19-ը վարակիչ հիվանդություն է։ Առաջացման պատճառը՝ վերջերս հայնաբերված SARS-CoV-2 է։ COVID-19-ի պայմաններում համաշխարհային առողջապահության համար նոր մարտահրավերներ են առաջանում։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ COVID-19-ով  վարակված ու անգամ ապաքինված մարդկանց օրգանիզմում դիտվում են տարբեր երկորդային երևույթներ, նաև՝ երկրորդային վարակներ։ Դրանք սպառնալիք են առողջության համար, հատկապես իմունային համակարգի հետ կապված խնդիիրներ ունեցող մարդկանց համար։ Եվ, քանի որ գրանակության մեջ արդեն նշվում է, որ կորոնավիրուսի պայմաններում նաև միկոզներն են զարգանում, մենք որոշեցինք ուսումնասիրել դրանք։ Միկոզները սնկային հիվանդություններն են»։  

Հատկապես COVID-19-ի ժամանակ հիվանդների մեծ մասը բուժվում էր հակաբիոտիկներով։ Ավ ահա, վերջիններիս չարաշահումը խախտում է օրգանիզմի հավասարակշռությունն ու բերում սնկերի կենսագործունեության ակտիվացման։ Մասնագետներն ասում են, որ գիտական տերմինաբանությունում նոր եզրույթ է առաջ եկել՝ COVID-19 ասոցացված թոքային ասպերգիլոզ։ Սա միկոզային հիվանդություն է, որի հարուցիչը ասպերգիլլուս սնկի թունավոր նյութերն են։ Աննա Կարապետյանը պատմում է․  

«Այս նախագծի շրջանակում մենք փորձելու ենք տեսնել՝ արդյո՞ք COVID-19-ը առաջ է բերում վերին շնչուղիների միկոզային հիվանդություններ։ Պետք է մշակենք ալգորիթներ՝ դրանց  ուսումնասիրման համար։ Կփորձենք հասկանալ, թե տեղային իմունային պատասխանը ինչպես է լինում»։

Գիտական հետազոտությունը երկու մաս կունենա, այսպես ասենք, գործնական և տեսական։ Նախ կձևավորվեն պացիենտների խմբերը։ Կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլագիայի ամբիոնի ասիստենտ Աննա Գրիգորյանն է պատմում.  

Աննա Գրիգորյան

«Հետազոտության մեջ առաջադրվող խնդիրների ուսումնասիրման համար ձևավորվելու է պացիենտների խումբ։ Ուսումնասիրելու ենք COVID-19-ով կապակցված հիվանդների վերին շնչուղիների լորձաթաղանթը և խորխը՝ իմունային  բորբոքման համար բնորոշ ռեակտիվ փոփոխությունների բացահայտման համար։ Աշխատանքի համար հիմք են COVID-19-ով տառապող հիվանդների ու COVID-19-ով հիվանդների կապակցված միկոզներով  հիվանդների վերին շնչուղիների ՝ քթի խոռոչի և քթըմպանի լորձաթաղանթից վերցրած փորձանմուշները՝ բիոպտատները»։

Ճիշտ այնքան արագ, որքան COVID-19-ի հարուցիչն է մուտացիայի ենթարկվում, նույն արագությամբ էլ գիտական աշխարհում հետազոտություններն են կատարվում։ Վիրուսի ուսումնասիրման առանձին մեթոդներ՝ խորխի, լորձաթաղանթի փոփոխություններ կան, բայց համակցված ու տարբեր մոտեցումներով առաջին անգամ է կատարվում։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Տիգրան Մուշեղյանի անվան մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը կարծում է, որ իրենց հետազոտությունը կօգնի վերլուծել Հայաստանում բնակվող ու քովդիով տառապող հիվադների մասին որոշակի տեղեկատվությունը։

Հետազոտությունն արվում է գիտության կոմիտեի տրամադրած եռամյա դրամաշնորհի միջոցներով։ Ծրագիրը մեկնարկել է  2021-ի դեկտեմբերին։ Գիտական խումբն ունի 5 անդամ, պարտադիր պայմաններից է երիտասարդ՝ մինչև 35 տարեկան անդամի ներգրավվածությունը գիտական աշխատանքներում, ինչն էլ պահպանվել է։

Հետազոտությունների, այսպես ասենք, լաբորատոր մասը կատարվելու է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Տիգրան Մուշեղյանի անվան մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի լաբորատորիայում։ Այստեղ մուտք գործելու համար կան պարտադիր պայմաններ։ Ամբիոնի ասիստենտ Աննա Գրիգորյանն ասում է՝ խալաթը, ձեռնոցն ու դիմակը, փորձերից առաջ ու հետո ձեռքերի ախտահանումը, պարտադիր են։ Լաբորատորիայում առաջին հայացքից սառնարան հիշեցնող սարքը թերմոստատասն է։

Միլենա Շահբազյան

Առահասարակ հյուսվածաբանի ախտորոշումը չափազանց կարևոր է ցանկացած հիվանդության ընթացքը ճիշտ վարելու համար՝ ասում է ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը։  Ընտրած մասնագիտության մասին ջերմությամբ է խոսում նաև մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Միլենա Շահբազյանը։ Նրան նույնպես COVID-19-ն է հետաքրքրում․

«Ուսումնասիրելու ենք քովիդի ժամանակ հիվանդների արյան ընդհանուր   փոփոխությունները, որոնք ազդում են տարբեր բջիջների վրա՝ հանգեցնելով ֆունկցիոնալ փոփոխությունների։ Հետազոտելու ենք COVID-19-ով հիվանդների արյունը։ Շատ հետաքրքիր է իմ մասնագիտությունը։ Անմիջական ղեկավարիս շնորհիվ ես սիրեցի  ու ընտրեցի այս ամբիոնը։ Հետագայում ուզում եմ խորանալ այս մասնագիտության մեջ, քանի որ կենսաբժշկական ուղղվածություն ունի։ Բժշկության մեջ կարևոր է ճիշտ ախտորոշումը։ Եթե ախտորոշումը ճիշտ լինի, բուժումն ավելի արդյունավետ կլինի»։

Back to top button