ԿարևորՄշակույթ

«Սերը գնաց այս երկրից»․ Ալվարդ Պետրոսյան

Կյանքից հեռացել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը: Անվանի մտավորականը 75 տարեկան էր:

«․․․Վերջին մի լաց ու արցունք,

Մեռնող գրգիռ մի վերջին,

Ատելությունն ուսն առած՝

Սերը գնաց այս երկրից»:

Ալվարդ Պետրոսյանի տողերն են։ Շիտակ մտավորական․ այսպես են բնութագրում նրան։ Անչափելի էր նրա` խոսքի, գույնի, ձեւ ու չափի խորությունը, որը չեն կշռում, դրանք քեզ անհաշտ են պահում՝ կյանքին դեմ-հանդիման։ Չէր սիրում հեշտ ապրող մարդկանց, դրա համար էլ ընտրում էր կուռ ու արժանապատվությունը ձեռքի մեջ ամուր պահածներին։ Նրա գրիչը միշտ սուր էր, ազնիվ, ու ազնվորեն էլ ապրում էր։ Հարցազրույցներից մեկում իր մասին ասել է․

 «Դժվար ապրող մարդկանցից եմ, «դրամատիկ սոպրանո եմ», և ամենապայծառ իրավիճակում անգամ դրամատիկ մի բան խցկվում է հայացքիս մեջ: Եվ ինչքան շատ է աղմուկն ու լույսը, այնքան թախիծը ավելի է շատանում: Բայց մի մանկություն կա մեջս, որը փայփայելով պահել եմ, ու դա օգնում է սովորականի մեջ ֆանտաստիկ մի բան տեսնել: Հետո պիտի հասկանայի, որ Մարկեսը մոգական ռեալիզմով ոչինչ էլ չի հնարել: Դա հայացք է, որ կա նաև իմ մեջ, ու ես ոչինչ չեմ հնարում, պարզապես տեսնում եմ»:

Տասնյոթ տարեկանում նրա գործերը տպվում են «Բագին» ամսագրում: 70-ականների վերջերից ընթերցողի սեղանին դրվեցին նրա «Երկրի պապերը», «Թռչնականչ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Ապրելու օրենքը», «Խմբերգերի ժամանակը», «Ապրելու զրո ժամ» գրքերը։ «Հիշի՛ր»․ սա էլ նրա վերջի ժողովածուն է։ «Հիշի՛ր…»-ով գրողը վերադարձրեց մեզ մեր հիշողությունն ու մեր զգացած-չզգացածը, մեր հարցերն ու մեր ճշմարիտ պատասխանները, մեր ստանալիքը։

Դա նորի ծնունդն էր՝ արտահայտված արձակ եւ չափածո ստեղծագործություններով, «Սեւագրություն» եւ «Ցավի ծիածան» բանաստեղծական շարքերով։ Ասում է. «Տխրությունը նաեւ ազնվացնում է, եւ այսօրվա մեր կյանքում այնքան շատ կան որդեկորույս մայրեր, այս բանաստեղծությունները նրանց համար էլ է… Իսկ «Հիշիր»–ը հուշագրություն չէ, թեեւ այդպես է վերնագրված։ Սա ավելի շատ իմ ապրած ժամանակի ախտորոշումն է, նաեւ՝ անհատների, անհատականությունների, կարծում եմ՝ հետաքրքիր ձեւակերպել եմ իմ աշխարհակալներին»։

Մի առիթով էլ գրողը նկատել է՝ իր ապրած դժվար, շատ տարօրինակ, խառը ժամանակները, ինչու չէ՝ հարուստ կյանքը ներդաշնակորեն նոր սերնդին փոխանցելու խնդիր կա, արժեքների, պատվիրանների փոխանցման խնդիր, և այն պատառիկները, որ մնացել են այդ կյանքից չփոխանցելու իրավունք չուներ։ Պետրոսյանը հոգու թելերով կապված էր Արցախին, ու նրա վերջին հացազրույցները հենց Արցախի մասին էին: Արցախցու հարս էր։ Ամուսնու, ինչպես ինքն էր ասում` չոր կողը։

«Մենք անընդհատ հարատև կռվի մեջ ենք։ 32 տարի, 1988 թվականից ոտքի վրա էինք, և էնպիսի հաղթական բան կար մեջներս։ Հաճախ եմ եթերում, հարցազրույցների ընթացքում ասել, որ Շուշին բանաստեղծություն է, հաղթանակը՝ Շուշիի, Շուշին ինքը՝ մեր ամբողջ սերնդի միացյալ ուժերով գրված բանաստեղծությունն է: Դուք կարող եք պատկերացնել, չէ՞ թե հիմա ինչ ողբերգություն է ապրում իմ սերունդը: Ձեր սերունդը՝ երիտասարդները դեռ ժամանակ ունեն ինչ–որ բան շտկելու՝ նորից ու նորից: Դաշնակցությունը մի հետաքրքիր բառակապակցություն ունի՝ «հարատև կռիվ»։ Երևի հայերի ճակատագիրն է, մենք անընդհատ հարատև կռվի մեջ ենք լինելու, որովհետև մեր հարևաններն են ստիպելու մեզ, որ անընդհատ կռվենք: Հենց մի պահ մեր զգոնությունը կորցնենք, փորձանքի մեջ կընկնենք, կկորցնեք: «Էս ամբողջ ընթացքում մտածում եմ, որ որդիս ու իր հայրը՝ դերասան Լորենց Առուշանյանը վերևից նայում ու լաց են լինում, ես իրենց նախանձում եմ, որ իրենք վերևում են, ու ես իրենց հետ չեմ, որովհետև էս ինչ կատարվեց՝ իմ սերնդի ֆիսակոն էր, պարտությունը»:

Միշտ կրկնում էր՝ մենք սովետական կայսրության միակ հանրապետությունն էինք, որ 21-րդ դար մտանք հաղթանակով:

«Իրենք մեզ նման բարդույթներից ազատագրված չէին, չէ՞ որ մեր սերունդը ցեղասպանված ժողովրդի զավակ լինելու բարդույթից էր ազատվել՝ մեր հաղթանակով: Մենք 1994 թվականից սկսած ապրում էինք որպես հաղթած ժողովրդի զավակներ: Երևի պետք չէր գոռոզանալ, պետք չէր հպարտանալ։ Աստված պատժում է, մենք շատ հպարտացանք, երևի ավելորդ հպարտությունը զգոնության կորուստ է»:

Կյանքի վերջին տարիներն Ալվարդ Պետրոսյանն ապրեց միակ որդու կորստյան ցավը սրտում։ Փակվեց աշխարհի առաջ ու հետո բացվեց՝ աստիճանաբար, զգույշ։ «Իմ խուլիգան մամա»,–այսպես էր տղաս ասում», հարցազրույցներից մեկում պատմում է Ալվարդ Պետրոսյանը։ Հետո մանրամասնում է՝ քանի որ թմբլիկ եմ, դրանից հանդիսավոր տպավորություն եմ թողնում, բայց ես սիրում եմ անկարգությունները։

Back to top button