ԿարևորՏնտեսական

Հացահատիկի պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն․ էկոնոմիկայի փոխնախարար

Ռուս–ուկրաինական շարունակվող պատերազմը սրում  է  տնտեսական անորոշությունները։ Արևմուտքը խստացնում է  պատժամիջոցները , ՌԴ-ն պատասխանում է հակադարձ քայլերով։

Վերջին որոշումներից մեկը ՌԴ գյուղատնտեսության նախարարության առաջարկն է՝ մինչեւ աշուն արգելել հացահատիկի արտահանումը։ Հայաստանը հացահատիկ ներկրում է Ռուսաստանից։  2021թ.-ին ներմուծվել է շուրջ 275 000 տ ցորեն, իսկ Հայաստանում ցորենի արտադրությունը կազմել է 97 000տ։  Առաջիկա ամիսների համար ցորենի բավարար պաշարներ ունենք՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նաև տեղեկացրել, որ ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են  ռե-էքսպորտի սահմանափակմանը, հետևաբար Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն։

ՌԴ  գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է մարտի 15-ից մինչև օգոստոսի 31-ը արգելել  հացահատիկի արտահանումը։  Արգելքը  վերաբերում է ցորենին, տարեկանին, գարիին, եգիպտացորենին։ Նշվում է, որ,  ըստ անհրաժեշտության,  բացառություններ կարվեն  արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից տրված լիցենզիաներով։  

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վստահեցնում է՝  առաջիկա ամիսների համար բավարար պաշարներ ունենք․

«2022թ արդեն իրականացվել են բավարար չափով ներկրումներ։  2021թ․ նոյեմբեր–դեկտեմբերին շուրջ 100 հազար տոննա ցորենի ներկրում իրականացվել է առաջիկա ամիսներին երկրի պահանջարկի բավարարման համար ։ Սակայն ներկրումները պետք է շարունակվեն։ Երբ կունենանք պաշտոնական որոշումը, այդ ժամանակ մեր գործընկերների հետ կաշխատենք մեխանիզմների վրա»։  

Հայաստանը հացահատիկ ներկրում է Ռուսաստանից։  2021թ.-ին ներմուծվել է շուրջ 275 000 տ ցորեն, իսկ Հայաստանում ցորենի արտադրությունը կազմել է 97 000տ։ Էկոնոմիկայի փոխնախարարը կարծում է, որ  ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են  ռե-էքսպորտի սահմանափակմանը, հետևաբար Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն։  

Նույն կարծիքին է նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը․

«Եթե հանկարծ այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ ցանկացած երկիր, այդ թվում Հայաստանը, կարիք ունենա  լրացուցիչ ներմուծում  իրականացնելու, ապա լիցենզավորված  գործընթացով այդ գործունեությունը հանգիստ հնարավոր կլինի իրականացնել»։

Մինչև արգելքն արդեն սահմանվել են  քվոտաներ հացահատիկի արտահանման համար։  2022թ․-ի փետրվարի 15-ից հունիսի 30-ը ռուսական հացահատիկի արտահանումը երրորդ երկրներ սահմանափակվել է 11 միլիոն տոննա քվոտայով, որից 8 մլն տոննան ցորենն է։ ՌԴ գյուղնախարարության տվյալներով՝ ներկայում հացահատիկի պաշարներով ՌԴ բավարարվածությունը կազմում է շուրջ 150%, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի զգալի պաշարներ մինչև հացահատիկի բերքահավաքը հավելյալ արտահանում ապահովելու համար։ Իսկ սահմանափակումները կիրառվում են ստեղծված իրավիճակում հացահատիկի չնախատեսված արտահոսք թույլ չտալու համար։ 

Փորձագիտական դաշտում   ընդգծում են՝  հացահատիկի ներկրման աշխարհագրությունը Հայաստանում դիվերսիֆիկացված չէ, ինքնաբավության մակարդակն էլ տարեցտարի, վիճակագրության համաձայն, նվազում է։ Հայաստանը ռազմավարական նշանակության այս պարենամթերքով  2000–ականների սկզբին շուրջ  40 տոկոսով ինքնաբավ էր՝ արձանագրում է գյուղոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։ Այդ տարիներին Հայաստանում մինչև 229  հազար հա հացահատիկ էր մշակվում։ Այժմ մշակվող տարածքները կրճատվել են շուրջ 3 անգամ ։ Զուգահեռաբար տարեցտարի նվազել է ցորենի ինքնաբավության ցուցանիշը․ եթե 2016–ին այն 53, ապա 2020–ին արդեն  25  տոկոս էր․

«Աշնանացանի 99 տոկոսը ցորենի արտադրությունն է ներկայում։ Նախկինում անգամ 159 հազար հա մշակվող տարածք ենք ունեցել։ Իսկ այսօր աշնանացան ցորենի ցանքատարածքները մոտ 50 հազար հա–ի միջակայքում են՝ մի փոքր ավելի  կամ պակաս, նվազել են մոտ  2․5 անգամ։ Սեփական արտադրության շատ փոքր  ծավալներ ենք ապահովում՝   կարողանում ենք բավարարել կարիքների մինչև  23–24 , իսկ լավատեսական ցուցանիշով՝ 25 տոկոսը»։

2021–ի աշնանն արդեն իրականացվել է ցորենի ցանք, ու  բերքահավաքը սպասվում է արդեն 2022–ի աշնանը՝ ասում է փոխնախարարը։  ՀՀ–ում ցորենի ցանքատարածությունները  60 հազար հա են կազմում, արտադրվում է մոտ  100 հազար տոննա ցորեն։ Մեր երկրում հիմնականում աշնանացան ցորեն է արտադրվում․

«Հայաստանի ցանքատարածությունները փոփոխությունների գրեթե չեն ենթարկվել, սակայն, անցյալ տարի մի փոքր՝ 2․7 տոկոսով ավելացում ենք ունեցել։ Բայց սակավաջրության պատճառով բերքատվություն է նվազել։ Հայաստանում  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 1․8-2 տոննա է, բայց կարելի է հասցնել առնվազն  3․5-4–ի»։

Խնդիրներ կան ու լինելու են, իսկ աշխարհաքաղաքական զարգացումները սրում են դրանք՝ արձանագրում է գյուղատնտեսության ոլորտի փորձագետ,  նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Նա հիշեցնում է՝ Հայաստանում պարենային անվտանգության խնդիրները  սրվել են Արցախյան վերջին պատերազմից հետո։ Հողատարածքների կորստից զատ՝ նաեւ ջրի, տեխնիկայի, գյուղատնտեսական ներուժի կորուստ ենք ունեցել․

«Միանշանակ է, որ անկախ ռուս–ուկրաինական պատերազմից, մենք պետք է գոնե երկու–երեք ամսվա առաջին անհրաժեշտության պահուստներ ունենանք։ Այժմ պետք է շտապ լրացնել պահուստները։ Մեր տեղական արտադրության ծավալները փոքր են, չգիտենք, թե  տարին ինչպիսին կլինի։ Փոքր տարածքներից  քիչ քանակությամբ  բերք ենք ունենալու»։ 

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է աշնանացան ցորենի բարձրորակ սերմնացուի սուբսիդավորման ծրագիր՝ ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու հստակեցնում՝  սուբսիդավորվել է  սերմնացուի գնի 30 տոկոսը։

Էկոնոմիկայի նախարարությունից նաև տեղեկացնում են, որ  աշխատանքային խումբ կստեղծվի՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ խուճապի պետք չէ մատնվել, բայց և պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Back to top button