ԿարևորՄիջազգային

Հայաստանը Ուկրաինայից եկած փախստականներին ընդունում է նաև ոչ լիարժեք փաստաթղթերով

Կացարաններ, աշխատանք ու փաստաթղթային հարցեր․ սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց բախվում են Ուկրաինայից հեռացած և Հայաստանում ապաստան փնտրողները։

ՄԱԿ–ի տվյալներով՝ փետրվարի 24-ից՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, շուրջ 2,3 միլիոն մարդ ստիպված լքել է Ուկրաինան։ Նրանց գրեթե կեսը երեխաներ են։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ թվային տվյալները հստակ չեն, թե փախստականներից քանիսն են Ուկրաինայից Հայաստան եկել, բայց հստակ է, որ նրանք ոչ միայն ուկրաինահայեր են, այլև ազգությամբ ուկրաինացիներ։

«Հայաստանում ապաստան գտած փախստականների մեջ, իհարկե, կան նաև ազգությամբ ուկրաինացիներ։ Շատ ուկրաինացիներ այստեղ ընկերներ, ծանոթներ ունեն, ունենք նաև խառը ամուսնություններով ընտանիքներ։ Չնայած այս պահին Ուկրաինայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցված է, բայց իմ հայրենակիցները ճանապարհ գտնում են Հայաստան հասնելու համար»,– ասում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմով

Ուկրաինայի քաղաքացիները Հայաստանում կացարանի, աշխատանքի և ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում՝ արձանագրում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Դժվարանում է ասել, թե  Հայաստանում ապաստան գտած ուկրաինացիները որքան ժամանակ կապրեն Հայաստանում, կարծում է ՝ քանի դեռ պատերազմական գործողությունները չեն ավարտվել , նրանց ՝ Ուկրաինա վերադառնալը իրատեսական չէ։

Հայաստանում ապաստանած փախստականները հիմնականում փաստաթղթային խնդիրներ ունեն՝ ասում է Հայաստանում Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչը։ Շեշտում է՝ հակամարտության առաջին օրվանից Հայաստանն ընդունել է Ուկրաինայի փախստականներին նույնիսկ ոչ լիարժեք փաստաթղթերով։

«Մենք արդեն մշակած աշխատանքային մեխանիզմներ ունենք այն ուկրաինացիների համար, որոնք եկել են Հայաստան և փաստաթղթային խնդիրներ ունեն։ Շատերը Ուկրաինայից հեռացել են ժամկետանց կամ ոչ լիարժեք փաստաթղթերով։ Օրինակ՝ ունենք դեպքեր, երբ երեխաները միայն ծննդյան վկայականներով են հատել սահմանը։ Այս դեպքում, Հայաստանն անխոչընդոտ ընդունել է նրանց»,– մանրամասնում է Դենիս Ավտոնոմովը։

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ պետական աջակցության համակարգված օգնության ծրագրեր Ուկրաինայից տեղահանվածների համար այս պահին դեռ չկան։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն էլ նկատում է՝ իրենք էլ դեռ կացարաններով կամ աշխատանքով ապահովելու խնդրանքով հայկական կողմին չեն դիմել։

«Ուկրաինայից եկած փախստականները մեզ դիմում են նաև կացարանների հարցերով։ Ուզում եմ շեշտել, որ մեզ դիմել են նաև երևանցիներ, հայեր, որոնք իրենց օգնությունն են առաջարկում․ պատրաստ են նույնիսկ անվճար կացարաններ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ տրամադրել փախստականներին»։

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունն օրերս  գործարկել է «Ապաստան» կայքը, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայից տեղահանվածներին մի հարթակում փնտրել ու գտնել բնակարաններ։ Դենիս Ավտոնոմովը ասում է՝ այս հարթակում հնարավոր է նաև առաջարկներ ներկայացնել։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ Ուկրաինայից Հայաստան տեղափոխվածներից կացարանների հետ կապված դիմումներ չեն ստացել, իրենց հիմնականում խորհրդատվության համար են դիմել։

«Այս պահին մեզ դիմել են Հայաստան վերադարձած Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները, որոնք իրենց ազգականների տանն են Հայաստանում, կացարանի խնդիր չունեն, բայց հետաքրքրվում էին, թե ինչ աջակցություններից կարող են օգտվել, քանի որ տարեցներ են։ Նաև ունենք Հայաստան վերադարձած երիտասարդ աղջիկներ, որոնց մենք օգնել ենք Եվրոպայից Հայաստան վերադառնալ»,– ասում է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

Ռուս–ուկրաինական հակամարտության սրմանը զուգահեռ ավելացել են նաև Ռուսաստանի դաշնությունից ստացվող զանգերն ու հարցերը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ։ Հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ 10 օրվա ընթացքում նման շուրջ 300 զանգ են ստացել։

Կարդացեք նաև
Close
Back to top button