ԿարևորՀասարակություն

Ինչպես հակազդել թշնամի պետության քարոզչական գրոհներին․ խորհուրդներ ՏՏ մասնագետից

Թվային հարթակներում տեղեկատվական գրոհներին հակազդելը տեղեկատվական գործիքների տիրապետում և ճիշտ օգտագործում է պահանջում։ Խոցելի խմբում հատկապես դեռահասներն են։ Թշնամու հետ օնլայն ցանկացած շփում բացառելու և քարոզչական գրոհի զոհ չդառնալու համար անչափահասը նախ պետք է տեղեկացված լինի և տիրապետի տեղեկատվական գրոհի հակազդման գործիքներին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Ասատրյանը և նշել է անհրաժեշտ առաջին քայլերը։ 

Սոցիալական հարթակում հայ դեռահաս աղջկա հետ կապ հաստատած ադրբեջանցի երիտասարդը փորձում է հոգեբանական գրոհի միջոցով որոշակի քարոզչություն իրականացնել։ Համացանցում նման բովանդակությամբ այս տեսանյութը միակը չէ։ Սա ընդամենը դրանցից հրապարակային դարձած մեկն է։

Ինչպես հակազդել  ինֆորմացիոն հնարավոր արտահոսքին, ինչպես պաշտպանել  երեխաներին ադրբեջանական քարոզչական գրոհների զոհը դառնալուց։ Փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Ասատրյանը խնդրի լուծումը մեդիագրագիտության համատեքստում  է դիտարկում։ 

«Ծնողների, դեռահասների մեդիագրագիտությունը բարձրացնելու մեջ է խնդիրը, կան մի շարք մեդիա գործիքներ, անհրաժեշտ է դրանք պրոպագանդել,  դրանց գործածությունը առօրյայում մատչելի դարձնել` հոգեբանական-տեղեկատվական տեռորը կանխելու համար»։

Հատուկ պատրաստություն անցած, կոնկրետ նպատակներ ունեցող հակառակորդի համար հոգեբանական տարբեր հնարքներով  դեռահասից ինչ–որ տեղեկություններ  կորզելը դժվար չէ։ Մի դեպքում պատճառը համապատասխան գիտելիքների պակասն է, մյուս դեպքում հոգեբանական ճնշման և թշնամու հետ օնլայն հարթակում դեմ առ դեմ հանդիպելու շփոթմունքը։ Գործիքները, որոնցով  կարելի է ներազդել հակառակ ճամբարից քարոզչական գրոհի ծուղակում հայտնված զոհի վրա, բազմաթիվ են։

21-րդ դարում տեղեկատվական-հոգեբանական հարթակում պատերազմելը հաղորդակցային տեխնոլոգիաների աճի հաշվին զարգացման նոր փուլ է մտել։ Արժեքային կողմնորոշիչների, հայացքների, կարծիքների, տրամադրությունների, դիրքորոշումների, վարքի փոփոխությանը միտված  ադրբեջանական հատուկ ծառայությունների կազմակերպած տեղեկատվական գրոհներն անմիջական սպառնալիք են ազգային անվտանգությանը։

Ինչպես կանխել թշնամի պետության կողմից քարոզչական գրոհները՝ թվային հարթակներում,  կապի տարատեսակ միջոցներով: «Ռադիոլուր»-ի զրուցակցի պատասխանը հետևյալն է.

«Առաջին հակազդման միջոցը երկխոսության մեջ չմտնելն է, ապա ծնողներին տեղեկացնելը, որից հետո անհրաժեշտ է զանգահարել ԱԱԾ թեժ գիծ` 1-91 հեռախոսահամարով` տեղեկացնելու կատարված հարցման մասին։ Սրանք առաջին քայլերն են, որ  պետք է կատարվեն հետպատերազմյան մեր երկրում։ Թշնամին փորձում է «փափուկ ուժի» միջոցով սողոսկել մեր դիրքեր, սա պետք է կանխել»։

Տեղեկատվության անվտանգության մասնագետի կարծիքով` հայկական երկու պետությունների քաղաքացիներին Ադրբեջանից ցանկացած կապի միջոցով ստացված զանգերն ու կոնտակտները հնարավոր  է բացառել  միայն տեղեկացված լինելու դեպքում։

Back to top button