ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը

Հանրային հեռուստաընկերության իրականացրած ներքին մրցույթի արդյունքում «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը:

21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր և պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ ազդեցություն է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը: 

«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշում է Ռոզան:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով` Առաջին ալիքը շատ բարդ ընտրության առաջ է եղել, սակայն արդյունքում որոշում է կայացվել հնարավորություն տալ նորահայտ արտիստի ներկայացնել մեր երկիրը. ««Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակները հիմնականում մեզ շատ հայտնի արտիստներ են եղել, մինչդեռ միջազգային այս մրցույթը լավ հարթակ է երիտասարդներին բացահայտելու, նրանց ինքնարտահայտման հնարավորություն տալու տեսանկյունից: Մենք շատ ուրախ ենք վերադառնալ եվրատեսիլյան ընտանիք նոր ասելիքով»:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշում է. «Ֆոկուս խմբերի միջոցով մենք դիտարկել ենք թե՛ հայ հանդիսատեսին ծանոթ արտիստների, թե՛ նոր անունների թեկնածությունը: Արդյունքում ընտրվել է Ռոզա Լինը՝ փոքր քաղաքից մի աղջիկ մեծ սրտով և հետաքրքիր պատմությամբ: Այժմ մեր թիմը երգի մշակման ավարտական փուլում է, որը տեսահոլովակի հետ միասին շուտով կներկայացնենք Եվրատեսիլի երկրպագուների դատին»:

«Եվրատեսիլ 2022»-ն այս տարի անցկացվելու է Թուրինում: Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ալբանիայի, Լատվիայի, Շվեցարիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լիտվայի, Նիդերլանդերների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Դանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի և Հունաստանի ներկայացուցիչները:

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին:

Back to top button