ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է ակտիվանալ․ ի՞նչ ակնկալել Ֆրանսիայի համանախագահի հնարավոր այցից

Փարիզը հստակ վերաբերմունք է ցույց տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ընդգծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն է դրա հիմնական ձեւաչափը։ Քաղաքական այս մեսիջն են քաղաքագիտական շրջանակներում տեսնում նաեւ Մակրոնի վերջին հայտարարություններում։  

Առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը կայցելի տարածաշրջան՝ Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել էր Էմանուել Մակրոնը։ Հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ 44-օրյա պատերազմից հետո համանախագահների այց տեղի չի ունեցել, իսկ սա ընկալվում է որպես կարեւոր քաղաքական մեսիջ։

Պատերազմից հետո միջնորդների դերակատարումը ղարաբաղյան խնդրում ակտիվ չէ, թեեւ Հայաստանն ու Արցախը պարբերաբար ամենաբարձր մակարդակով շեշտում են խնդիրը բանակցությունների ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Որ հակամարտությունն ավարտված չէ, եւ դրա կարգավորման միակ մանդատը հենց ԵԱՀԿ ՄԽ-ն է՝ տարբեր առիթներով հայտարարել են նաեւ խմբի անդամ երկրները՝ այդպիսով փաստացի հակադրվելով Բաքվի պնդումներին, թե խնդիրը լուծված է, հարցը՝ փակված։

Եվրախորհրդարանը մոտ մեկ ամիս առաջ ընդունեց 2021թ. «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ էր անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ անհապաղ վերադառնալ արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,— ասվում է փաստաթղթում, որով և կոչ է արվում Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ իր միջնորդական դերին:

ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը վերագործարկելու եւ ակտիվացնելու մասին Մակրոնի հայտարարությանն անդրադառնալով՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ դա խնդրի նկատմամբ որոշակի վերաբերմունքի դրսեւորում է, եւ Հայաստանն, ըստ նրա, պետք է աջակցի Ֆրանսիայի շահագրգռությանը։

Ֆրանսիան ցույց է տալիս իր հանձնառությունը։ Ցույց է տալիս, որ շահագրռգված է ՄԽ-ի պահպանմամբ եւ ակտիվացմամբ, որովհետեւ դա ընդհանրապես միջազգային քաղաքական դերակատարման կարեւոր խողովակ է։

ՄԽ-ի ֆրանսիացի համանախագահի հարավկովկասյան տարածաշրջան այցի  հայտարարությունը Բադալյանը դիտարկում է նաեւ մոտ մեկ ամսից  Ֆրանսիայում   նախագահական ընտրությունների անցկացման համատեքստում։

Մակրոնն ապրիլին ունի ընտրություն սա շատ կարեւոր հարց է իր համար։ Եվ հայկական գործոնը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում էական դերակատարում ունի ոչ միայն մեծաթիվ հայկական համայնքի առկայությամբ պայմանավորված, այլ նաեւ այն առումով, որ  հայ համայնքըՖրանսիայի կյանքին ինտեգրված համայնք է, բավականին հեղինակություն ունի ֆրանսիական շրջանակներում, եւ այդպիսով հայկական համայնքի գործոնը, նախընտրական նշանակությունը բավականին մեծանում է։  

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, ՄԽ-ի մեկ համանախագահի այցն  էական օգուտ չի կարող տալ։ Մակրոնի հայտարարությունն ընդամենը մեկ երկրի վերաբերմունքն է արցախյան խնդրի նկատմամբ։ Ռուս–ուկրաինական պատերազմը, նրա կարծիքով, մշուշոտ է դարձնում ՄԽ-ի միջնորդական առաքելությունն ու ցույց տալիս, որ խնդիրները լուծվում են ուժով։

ՄԽ նախագահությունը կոլեգիալ մարմին է, եւ ցանկացած դիրքորոշում կոլեգիալ մարմնով է ընդունվում։ Այս դեպքում կարող եմ ասել, որ սա զուտ Ֆրանսիայի դիրքորոշում կարելի է համարել եւ դրական ազդակ Ֆրանսիայի կողմից՝ ՄԽ–ի ձեւաչափի շարունակման հարցում։ Իրականում ՄԽ–ը մի տեսակ մշուշոտ է այլեւս դարձել՝ պայմանավորված ռուս–ուկրաինական պատերազմով, տարբեր բեւեռներում հայտնվելու իրողությամբ, այսինքն ԱՄՆ, Ֆրանսիան մի կողմում են, ՌԴ մյուս կողմում է։  Եվ մեկ այլ հակամարտության հարցով ձեւավորված  միջնորդ խմբի նույն կազմում գործունեությունն անհամատեղելի է։

Բացի դա, ըստ ռազմական փորձագետի, պրակտիկան ցույց է տալիս, որ հայտարարություններն ու կոչերը լուսանցքում են մնում, իսկ ռեալ գործողությունները՝ իրականացվում ռազմական ճանապորհով։ Բաքուն այսօր էլ  սադրանքների է դիմում Արցախի հետ շփման գծում ու հայ–ադրբեջանական սահմանին՝ ինչ-ինչ շահերով պայմանավորված։ Սակայն այդ սադրանքներն, ըստ Կարեն Հովհաննիսյանի, մեծ մասամբ ուղղված են ՌԴ դեմ։

Դե ֆակտո, ֆիզիկապես սրանք մեր դեմ են ուղղված, սակայն  շատ ավելի շատ ուղղված են ՌԴ դեմ։ Սրանք մեսիջներ են, որոնք Թուրքիան Ադրբեջանի ձեռամբ հղում է Ռուսաստանին։ Այսինքն՝ Թուրքիան հիշեցնում է իր մասին, որ  ինքը Հարավային Կովկասում ներկայացվածություն ունի, եւ ներկայացվածությունը Ադրբեջանի տեսքով է, եւ որ չի կարող ՌԴ-ն անել այն, ինչ անում է Ուկրաինայում։

Փորձագետը համոզված է, որ սադրանքներով Բաքուն փորձում է արժեզրկել ռուս խաղաղապահների դերը։

Back to top button