ԿարևորՄիջազգային

Հայերն Ուկրաինայում հայտարարված հումանիտար միջանցքներից չեն օգտվել

Ռուս-ուկրաինական պատերազմի 15-րդ օրը լարված է անցել հատկապես Մարիուպոլ, Խարկով և Կիև քաղաքներում, որտեղ բնակվում են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ նախորդ օրերին կողմերի համաձայնությամբ գործած հումանիտար միջանցքներից հայերը գրեթե չեն օգտվել:

«Վերջին 2-3 օրերին 2 անգամ «կանաչ միջանցք» է հայտարարվել, բայց, ցավոք սրտի, ուզում եմ հաստատել, որ հայ բնակիչները ոչ մի քաղաքից չեն կարողացել դուրս գալ։ Այդ միջանցքները, փաստորեն, նախատեսված են եղել միայն ծերերի, հղիների, երեխաների և արտասահմանից եկած ուսանողների համար։ Կոնկրետ Սումի քաղաքում մենք դեպք ունենք, որ հայերը չեն կարողացել դուրս գալ, իրենց ասել են՝ «սպասեք մյուս միջանցքին։ Խնդիր ոչ թե այն է, որ հայերին թույլ չեն տալիս դուրս գալ, այլ մենք երևի չենք ունեցել ծերեր ու հղիներ»,– ասում է Դավիթ Մկրտչյանը։

Մարտի 5-ին հումանիտար միջանցք պետք է գործեր նաև Մարիուպոլում՝ հիշեցնում է Դավիթ Մկրտչյանը, բայց հայտարարված լռության ռեժիմը խախտվեց, միջանցքը չգործեց, ավելին մարդկանց տարհանող ավտոբուսներներին հետևել են կրակոցները։

«Մարիուպոլ քաղաքում հայտարարված կետերին ավտոբուսները չեն հասել։ Միայն մի կետում սննդամթերքը, դեղորայքը դատարկել են, և ովքեր կարողացել են այդ կետերում դուրս գալ, դուրս են եկել։ Մնացածին դա անել այդպես էլ չի հաջողվել։  Հետո, արդեն 10կմ քաղաքից դուրս, ավտոբուսներն ընկել են ռմբակոծությունների տակ։ Վարորդն ու ուղեկցող զինվորները վիրավորվել են»,– պատմում է հայ համայնքի փոխնախագահը։

Վերջին 3 օրերին ծանր մարտեր են ընթանում նաև Կիևի մերձակայքում՝ ասում է Հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Հայեր կան նաև Կիևի հարավային շրջաններում, նրանց դեռ չի հաջողվում դուրս գալ։

«Ընդհանուր առմամբ, ծանր վիճակ է, որովհետև, օրինակ, օկուպացված քաղաքներում լույսի, ջրի, գազի, սննդամթերքի, դեղորայքի խնդիրներ կան։ Մարիուպոլ և Խարկով քաղաքներն ընդհանրապես ոչնչացնում են, իսկ այդ քաղաքները մեծ բնակչություն ունեն, կոնկրետ Խարկովում 40000–ից ավելի հայություն կար։ Թե հիմա քանիսն են դուրս եկել, ով ինչ վիճակում է, առայժմ ճշտել չի հաջողվում»։

Հայ համայնքի փոխնախագահն ասում է՝ պատերազմող Ուկրաինայում օրեցօր սահմանափակվում են նաև համայնքի հնարավորությունները։ Շատ բնակավայրեր մեծ դժվարությամբ են օգնություն ուղարկում․  

«Մեր ձեռքերը այդ քաղաքներում կարճանում են, զինադադարն էլ օգտագործում ենք, որ մարդկանց գոնե հաց ու ջուր հասցնենք»,– ասում է Մկրտչյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչները վստահեցնում են՝ անկախ նրանից կգործեն հումանիտար միջանցքները, թե ոչ, Ուկրաինայից հայերի հոսքը չի դադարում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահին Հայաստան տեղափոխվելու դիմում է ստացել Ուկրաինայից դուրս եկած և երրորդ երկրում գտնվող 100 ուկրաինահայից։ Գրասենյակից հայտնում են՝ մեր հայրենակիցները գալիս են  իրենց միջոցներով կամ տարբեր երկրների հայկական կառույցների աջակցությամբ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հորցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նախօրեին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել էր, որ շատ դիմումներ են ստանում նաև Ռուսաստանից։

«Հակամարտության սրման հենց առաջին օրվանից Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով մեծաքանակ դիմումներ ենք ստացել։ Զանգեր ստանում ենք հիմնականում այն անձանցից, որոնք ուզում են դառնալ ՀՀ քաղաքացիներ և ընթացակարգի հետ կապված հարցեր ունեն։ Վերջին մեկ շաբաթվա մեջ նմանատիպ շուրջ 300 հայտ ենք ստացել․ սա բավականին մեծ թիվ է»,– ասում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի: Կառույցի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին համեմատության համար նշել է, որ Բոսնիայում և Կոսովոյում պատերազմների հետևանքով փախստականների թիվը կազմել է 2-3 միլիոն, բայց՝ 8 տարվա ընթացքում: Թե Ուկրաինայից քանի հայ կամ այլազգի է տեղափոխվել Հայաստան՝ տվյալներ չկան։ Մարտի 9–ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է, որ գործարկվել է «Ապաստարան» պաշտոնական կայք էջը։ Սա հարթակ է Ուկրաինայից տեղահանվածները անձանց և նրանց օգնել ցանկացողների համար։

Back to top button