Գոյության ծածկագիր

Թիվն ու հաշիվը սպորտում․ լավ մարզիկ լինելու բանաձևը՝ մարզիկ+մաթեմատիկա․ «Գոյության ծածկագիր»

1880-ականներին ճապոնացի վարպետ Ջիգորա Կանոն իր տանը խաղում էր կատվի հետ։ Խաղը վերածվեց մենամարտի․ Կանոն ինչ եղանակով ու ինչ բարձրությունից էլ կատվին փորձում էր նետել, նա ընկնում էր 4 թաթի վրա։ Կատվի ճկունությունն ուսումնասիրելը հետագայում Ջիգորա Կանոյին օգնեց ստեղծել գերճկունություն պահանջող մարտարվեստը՝ ձյուդոն։ Իսկ հետո ճշգրիտ գիտությունը տեղավորվեց առաջին հայացքից մաթեմատիկայի հետ որևէ առնչություն չունեցող սպորտի ավելի քան 360 հնարքներում։

«Այս սերունդը ավելի պրագմատիկ է, ցանկացած պահի կարող է հարց հնչել՝ ենթադրենք՝ ուսումնասիրել ենք, ապացուցել ենք, ձևակերպել ենք այս թեորեմը․ ինչո՞ւմ, կյանքի ո՞ր հատվածում, ո՞ր բնագավառում կարա ինձ սա պետք գալ։ Ու պետք է անմիջապես ցույց տալ այդ թեորեմի կամ պնդման կիրառելիությունը սպորտի մեջ։ Այսինքն՝ դու պիտի կարողանաս երիտասարդին ցույց տաս, որ դա անհրաժեշտ է»։

Սարգիս Վարդանյանը մաթեմատիկայի մասնագետ է։ Ավելի քանի 20 տարի մաթեմատիկա է սովորեցնում տարբեր մասնագիտության տեր մարդկանց, դրանցից 8 տարին՝ ապագա մարզիկներին ու մարզիչներին։ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում նրա գործը ոչ միայն մաթեմատիկա սովորեցնելն է, այլ նաև ապագա սպորտսմեններին բացատրելը, որ լավ մարզիկ կարելի է դառնալ միայն մարզիկ+մաթեմատիկա բանաձևով։ Պատմում է, թե հատկապես որ մարզաձևերում է տեսանելի հաշվարկը․

Իզուր չի, որ ֆուտբոլում, բասկետբոլում խաղացողներին առաջարկվում են տարբեր տրամաբանական խնդիրներ, որոնք լուծելիս առաջ է բերվում ուղեղի ճկունություն։

«Կարող ենք ընդգծել որոշակի ֆուտբոլային խմբերի խաղը, որտեղ վառ երևում է մաթեմատիկայի կիրառությունը, մասնավորապես՝ երկրաչափության։ Օրինակ՝ Պեպ Գվարդիոլան երկար ժամանակ հաղթում էր խաղեր տարբեր թիմերի հետ, որովհետև ինքը առաջարկել էր մի խաղային սխեմա, որտեղ կիրառվում էր եռանկյունիների մեթոդ․ իրենց դիրքերում կանգնած ֆուտբոլիստները դասավորվում էին եռանկյունաձև տեսքով և այդ միջոցով իրենք աշխատում էին գնդակը փոխանցել մեկը մյուսին, այդ ընթացքում հակառակորդը անհամեմատ մեծ քանակի էներգիա էր ծախսում գնդակը խլելու համար, ինչը, պարզ է, ուժերի կորուստ է, որը առավելություն էր տալիս Բարսելոնային կամ Բավարիային, որտեղ տվյալ դեպքում մարզում էր Պեպ Գվարդիոնան։ Եռանկյունիների մեթոդը երկար ժամանակ աշխատանքային էր ու հաղթանակներ էր բերում»։

Արարատ-Երևան ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը այսպիսի հնարքների կիրառմանը լավ է ծանոթ։ Ֆուտբոլասերների այնքան սիրելի 90 րոպեներում 11 ֆուտբոլիստներ գիտակցված, թե չգիտակցված կերպով մաթեմատիկա են «ցուցադրում»․ ասում է՝ ցանկացած դիրքում հաշիվ, չափ ու տրամաբանություն կա․

Խաղի ժամանակ մարզիչը պահանջում է ֆուտբոլիստներից դաշտի ցանկացած հատվածում ստեղծել եռանկյունի, որ կարողանան ճիշտ խաղարկել։

«Որ ֆուտբոլիսը որտեղ, քանի մետր պետք է լայնանա, նեղանա։ Պաշտպանություն կազմելիս այսպիսի բան կա՝ պաշտպանների հեռավորությունը մաքսիմում 6-10 մետր պետք է լինի․ օրինակ, եթե լինի 15 մետր, հակառակորդին ավելի հեշտ կլինի ճեղքել այդ պաշտպանությունը, իսկ որ լինի 6-10 մետր, փոխօգնությունն ավելի կմեծանա։ Դա էլի հաշվարկներ են, որոնք բերվում են դաշտ»։

Թիմային մարզաձևերում հաշվարկները սկսվում են դաշտ դուրս գալուց շատ ավելի առաջ։ Դրանք անհատական են յուրաքանչյուր մարզիկի, թիմի համար, փոխվում են` նաև հնարավոր հակառակորդների գործոնը հաշվի առնելով․

«Ժամանակակից ֆուտբոլում շատ մեծ դեր են խաղում հաշվարկները։ Օրինակ՝ սկսած սպորտային ռեժիմից, մարզումներից, ֆուտբոլիստի ֆունկցիոնալ-ֆիզիկական վիճակից ֆուտբոլիստը ինչքան պիտի հանգստանա, քանի ժամ քնի, քանի ժամ մարզվի, դրանք հաշվարկներ են, որ անում են մարզիչները։ Մարզման ժամանակ պետք է հաշվել՝ քանի շրջան վազեն, պուլսը, սրտի աշխատանքը քանի զարկ լինի րոպեում։ Առանց էդ հաշվարկների ինչ-որ հաջողության հասնել շատ դժվար կլինի»։

Ֆուտբոլային աշխարհում որպես ֆուտբոլիստ, մարզիչի օգնական, այժմ արդեն մարզզական տնօրեն հանդես եկող Տիգրան Ղարաբաղցյանը իր կարիերայի ընթացքում մարզիկների տարբեր մոտեցումներ է տեսել։ Պատմում է՝ բոլորը չեն, որ խաղում են հաշվարկներին ուշադրություն դարձնելով, բայց դրանով վնասում են թե՛ իրենց, թե՛ թիմին։ Ամենապարզ հաշվարկը, որ պիտի անի ֆուտբոլիսը՝ իմաստ ունի՞ վազել, օրինակ, այս 10 մետրը, թե՞ դա անարդյունավետ է և էներգիայի խնայողությունն ավելի կօգնի ինձ ու թիմին։ Զուտ մաթեմատիկական հաշվարկներից զատ առավել կարևոր է տրամաբանությունը․

«Համոզված եմ, որ առանց տրամաբանության լավ ֆուտբոլիստ չի կարող լինի, մեր խաղի մեջ էպիզոդները այնքան արագ են փոխվում։ Դու պետք է վայրկյանական որոշումները կայացնես, այստեղ տրամաբանությունը շատ կարևոր է, որ պատկերացնես՝ ինչ կարող է լինել այս էպիզոդում, արդյոք պետք է մտնել պայքարի մեջ, թե ոչ։ Շատ կարևոր է տրամաբանելու ունակությունը»։

Ոչ խելացի սպորտսմեն չի լինում։ Եթե ինչ-որ մեկը ասի՝ վայ, ի՞նչ սովորել, գնանք պարապենք, մեծ արդյունքների չի կարող հասնել։

Գագիկ Սարգսյանը կյանքի 16 տարիներից 11-ը ձյուդոյի գորգի վրա է անցկացրել։ Հայրը, մայրը ձյուդոյիստ են, վերջինս՝ աշխարհի չեմպիոն։ Տղան այլ մարզաձևեր ևս փորձել է, բայց հասկացել՝ իրենը «ճկուն ճանապարհով դեպի հաղթանակ» սպորտն է։ Պատմում է, այստեղ կարևոր են նույնիսկ հագուստի թևքի երկարությունն ու լայնությունը։ Բոլոր հնարքների կիրառման մեջ մի քանի սանտիմետրը կարող է լուրջ խնդրի կամ հաջողության հանգեցնել․

«Օրինակ, եթե մենք բռնենք արմունկի մասից, մասնակի արմունկը լինում է անշարժ ու մեզ տալիս է առավելություն մասնակցի դեմ պայքարելու ընթացքում, կարող ենք բռնել նաև արմունկի հատվածից՝ ամենաներքևից, դա էլ է առավելություն, որովհետև նա չի կարող բռնել քո ձեռքը կամ օձիքը։ Դա կապ ունի, որովհետև դու քո մրցակցի շարժունակությունը կրճատում ես, նրա արագությունն էլ է քչանում, ամպլիտուդն էլ է քչանում»։

Ձյուդոյում պետք է հաշվել ոչ միայն սեփական քայլերը, այլ դիմացինի շարժը, սովորութային դիրքերը, ժեստերը և այլն։ Բայց այս դեպքում ևս հաշիվն ավելի շատ արվում է մինչ մրցումը, քան բուն մարտի ընթացքում․

«Մարզումները պետք է ճիշտ գրաֆիկով գծի մարզիչը, նա պիտի ճիշտ քաշերով աշխատել տա, որովհետև մենք շատ ենք ֆիզիկական անում, ֆիզիական պատրաստությունը ահավոր կարևոր է ձյուդոիստի համար, եթե դու սխալ քաշ տաս քո մարզիկին, օրինակ՝ 60 կգ է ձեր մարզիկը ու նրան տաք 120 կգ ծանրաձող ու ասեք կքանիստ արա, նրա ողնաշարի ճկունությունը բնականաբար կիջնի, իսկ ճկունությունը ահավոր կարևոր է ձյուդոյի մեջ, կնվազի, ինքը կդառնա ոչ շարժունակ մարզիկ՝ սխալ հաշվարկի արդյունքում»։

Ի՞նչ չափով ծանրաձող կընտրի մարզիչը ծանրամարտիկի համար, թեթև ատլետիկայի մրցման ժամանակ մարզիկը ի՞նչ անկյան տակ կնետի, օրինակ, նիզակը՝ առավելագույն հեռավորություն ապահովելու համար, բիլիարդում ի՞նչ անկյան տակ կլինի հարվածը գնդին, այն ի՞նչ ընթացք, ուժ, արագացում, անդրադարձ կունենա, ֆիտնեսում ի՞նչ ժամանակացույցով, ծանրաբեռնվածությամբ ու քանակով վարժություններ կառաջարկի մարզիչը այս կամ այն արդյունքը գրանցելու համար։

Back to top button