ԿարևորՏնտեսական

Որքան կշարունակվի անորոշությունը և տնտեսական ինչ գին կունենա Հայաստանի համար

Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը գնաճի դեմ պայքարն է, նաև՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներով երկիրն ապահովելու հարցը։ Փորձագետները կարծում են, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումների հետևանքով լուրջ խնդրի առջև են կանգնելու  նաև արտահանողները։ Հայաստանի կառավարությունում նույնպես իրավիճակը բարդ են գնահատում՝ չբացառելով անկանխատեսելի հետևանքները։ Որքան կշարունակվի անորոշությունը և տնտեսական ի՞նչ գին կունենա Հայաստանի համար։

Ռուս-ուկրաինական  հակամարտության սրման ֆոնին տնտեսական խնդիրները խորանում են և ՌԴ-ում,  և Արևմուտքում։ Պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր  եվրոպական ու ամերիկյան շուրջ 300 ընկերություն արդեն սահմանափակել կամ դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։  Վերջիններից մեկը Amazon առցանց ռիթեյլերն է, որը  նույնպես հայտարարել է Ռուսաստան եւ Բելառուս ապրանքների առաքումը դադարեցնելու մասին։ S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը նույնպես հայտարարել է Ռուսաստանում առեւտրային գործունեությունը դադարեցնելու մասին։ ՌԴ իշխանությունների գնահատմամբ՝ Արևմուտքը  փաստացի տնտեսական պատերազմ է վարում ՌԴ-ի դեմ։ Իսկ հետևանքները զգում են ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում։ 

ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված, բայց պարտականությունները պաշտոնապես դեռ չստանձնած, ԲՏԱ արդեն նախկին նախարար  Վահագն Խաչատուրյանի գնահատմամբ՝  ստեղծված իրավիճակը  լուրջ մարտահրավեր է տնտեսությանը՝ անկանխատեսելի հետևանքներով։

«Ոչ մի լավագույն տնտեսագիտական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող էր հայտնվել այսպիսի լուրջ տնտեսական սահմանափակումների մեջ»։

Արևմուտքի ու ԱՄՆ-ի պատժամիջոցները հիմնականում ֆինանսական ուղղվածություն ունեն։  Խաչատուրյանը կարծում է, որ  ֆինանսական համակարգը պետք է  որ կարողանա դիմակայել դժվարություններին՝ սպասարկելով և մեր  քաղաքացիներին, և այն անձանց, որոնք այս օրերին  Հայաստան են գալիս  տնտեսական գործակցություն այստեղ կազմակերպելու նպատակով։ Բանկային փոխանցումներին առնչվող դժվարությունները Խաչատուրյանին հիշեցնում են 90-ական թվականները։

«Նախկինում մենք ֆինանսական հոսքերի ապահովման խնդիրներ չունեինք, այժմ ունենք։ Երբ  ռուսական, բելառուսական ու այլ երկրների կողմից կան սահմանափակումներ, փոխանցումները չեն աշխատում։ Սա ինձ ավելի շա տ 90-ականների սկիզբն է հիշեցնում, երբ  ֆինանսական հոսքերի ապահովման համար օգտագործվում էին ոչ թե ժամանակակից միջոցներ, այլ պարզապես ճամպրուկով էին գումար տեղափոխում։ Մեր երկրում, համոզված եմ նաև ՌԴ-ում, ամեն ինչ անում էին, որ անկանխիկի հոսքը մեծանա, բայց առօրյայում պարզվեց, որ ամենառեալը կանխիկն է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր սկզբունքները փոխենք։ Պարզապես մինչև x ժամանակ, որը կարող է տևել մինչև տարեվերջ, այս պրոբլեմներն ունենալու ենք»։

Փորձագետները ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ցնցում են համարում նաև Հայաստանի տնտեսության համար։ Սա իր բացատրությունն ունի․ արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում առաջատարը ՌԴ-ն է։ Ընդ որում՝ ներմուծվող ապրանքներն ավելի շատ են, քան՝ արտահանվողը։ 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 53.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով:   Բացի դրանից՝  լուրջ խնդրի առաջ են կանգնած ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածներն ու նրանց ընտանիքի անդամները։  2021-ին ընդհանուր տրանսֆերտների 40 տոկոսը փոխանցվել է հենց ՌԴ-ից։ Խնդիրներ կունենան նաև հայ արտահանողները՝ ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Բնակչության գնողունակության անկումով պայմանավորված՝  ռուսները նախապատվությունը տալու են  ավելի ցածր գին ունեցող  ապրանքներին։ Այս իմաստով ՌԴ-ից ներկրվող ապրանքները  , նաև՝ Հայաստանից արտահանվողները ոչ մրցունակ են լինելու և արտահանման մասով որոշակի կրճատումներ ենք ունենալու»։

Տրանսֆերտների կրճատումը ուղիղ գծով բերելու է գնողունակության նվազման՝ համաշխարհային գնաճի ու պարենի դեֆիցիտի ֆոնին։

Տնտեսագետ Գրիգոր Նազարյանն ընդգծում է․«Ռուբլու արժեզրկումն ակնհայտ է։ ՌԴ-ն հիմա փորձում է ինտերվենցիաներով կայունացնել իրավիճակը, այս պահին ռեսուրսն ունի։ Սակայն, երկարաժամկետ առումով խնդիրներ այնուամենայնիվ ծագելու են,  չնայած ռեսուրսներով աշխարհի ամենահարուստ երկրներից է»։

Հայ արտահանողների համար խնդիր են նաև օդային տարածքների սահմանափակումները։ Դրանք բարդություններ են ստեղծելու ապրանքները Եվրոպա արտահանելիս՝ կարծում են փորձագետները։

Կանխատեսումներ անել չի շտապում Հայաստանի Կենտրոնական բանկը։ Գլխավոր դրամատունը հայտարարում է, որ  ընդհանուր գնաճի վրա ազդեցությունները կարող են ավելի մեղմ կամ ուժեղ լինել՝ կախված հասարակության և ֆիրմաների գնաճային սպասումներից: Փոխարժեքի հատկապես կարճաժամկետ տատանողականության դեպքերում նման ռիսկերը սովորաբար թույլ են գնահատվում՝ արձանագրում է Կենտրոնական բանկը՝  խոստանալով ցանկացած ռիսկի դրսևորման դեպքում համարժեքորեն արձագանքել։

Back to top button