ԿարևորՀասարակություն

Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակում գույքահարկի վճարման փաստաթղթերի ներկայացման պահանջների մասով վարչարարության բարելավման վերաբերյալ կայացած քննարկման արդյունքներով տրված հանձնարարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Արդյունքում կպարզեցվի ու կբարելավվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և(կամ) հաշվառման գործողության վարչարարությունը, ինչպես նաև կտնտեսի այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները: Ըստ այդմ, նախատեսվում է տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն այդ պահի դրությամբ ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքի ստուգումն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այսպիսով  երկու խնդիր է լուծվում. «Առաջինը՝ նախ զրոյական տեղեկանք կոչված երևույթը թղթային տարբերակով ընդհանրապես վերացնում ենք: Երկրորդ՝ եթե նույնիսկ զրոյական վիճակ չէ գույքային հարկերի վճարման առումով, դրա համար պարտադիր չէ, որ քաղաքացին այցելի տեղական ինքնակառավարման մարմին, Ճանապարհային ոստիկանություն»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ բարեփոխումը՝ թվայնացման այս գործընթացը, սրանով չի ավարտվում և քայլեր են ձեռնարկվում այն  նաև անշարժ գույքի վրա տարածելու ուղղությամբ:

Վարչապետն ընդգծել է, որ թվայնացման ամենակարևոր գործառույթներից մեկը քաղաքացիների ժամանակը խնայելն է. «Քաղաքացին մի գործառույթ անելու համար ստիպված չլինի ամենատարբեր պետական և ոչ պետական մարմիններում շրջել, ժամանակ կորցնել, հերթեր կանգնել, այլ վիրտուալ տիրույթում իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ և անհրաժեշտ գործառույթներն իրականացնել: Ես հույս ունեմ, որ մենք թվայնացման գործընթացը  կարագացնենք և հետևողականորեն այս ուղղությամբ առաջ կշարժվենք»:  

Back to top button