ԿարևորՄիջազգային

Ուկրաինայից Լեհաստան տեղափոխված հայերը շուտով կացարանի խնդիր կունենան․ հոսքը չի դադարում

Ուկրաինայում պատերազմի 14–րդ օրն է։ Առավոտյան, մինչ ուկրաինական կողմը հայտնում էր Կիևում և հարակից շրջաններում ուժեղ պայթյունների մասին, ռուսական կողմը հայտարարեց, որ մարտի 9-ին էլ կգործեն մարդասիրական միջանցքները՝ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Ռուսաստանն այս անգամ «կանաչ միջանցքներ» է բացում ավտոտրանսպորտով, երկաթուղով և օդային ճանապարհով մարդկանց ՌԴ կամ Բելառուս տարհանելու համար։ Մյուս ուղղությունները, համաձայն ռուսական կողմի հայտարարությունների, ուկրաինական կողմի հետ դեռ համաձայնեցվում են։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ կապ հաստատեցինք դժվարությամբ։ Անհաջող մի քանի փորձից հետո, ի վերջո Մկրտչյանը հաղորդագրությամբ պատասխանեց՝ համապարփակ տեղեկատվություն  դեռ չունեն՝ գործե՞լ է առավոտյան հայտարարված լռության ռեժիմը, թե՞ ոչ, կամ տարհանվե՞լ են արդյո՞ք հայեր։

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալքեսանյանը նախօրեին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել էլ, որ Ուկրաինայից տեղահանված Հայաստանի քաղաքացիներ մեծամասամբ Ուկրաինային սահմանակից ԵՄ 5 երկրներում են։

«Ներկա պահին Ուկրաինայից հեռացած հայերը հիմնականում կենտրոնացած են 5 երկրներում․ առաջինը Լեհաստանն է։ Արդեն շատ մեծ քանակ են կազմում տեղահանված հայերը։ Մոլդովայում, ևս շատ հայեր կան, այստեղ շուտով կացարանների խնդիր կունենանք։ Քաղաքացիներ ունենք նաև Հունգարիայում և Սլովակիայում»

Սլովակիայում ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ ռուս–ուկրաինական հակամարտության առաջին օրվանից՝ փետրվարի 24-ից մինչև այսօր Ուկրաինայից Սլովակիայի սահմանը ցամաքային ճանապարհով հատել է Հայաստանի 134 քաղաքացի։ Սլովակիայի հայ համայնքն էլ տեղում կացարաններ, սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ է տրամադրում։ Պատվո հյուպատոսը մանրամասնում է՝ հայերը հիմնականում դեպի արևմտյան Եվրոպա են տեղափոխվում։

«Հայաստան տեղափոխվողների քանակը անհամեմատ քիչ է։ Ստույգ գիտենք միայն, որ 5 քաղաքացի է մեկնել Հայաստան։ Մեծամասնությունը գնում են դեպի արևմտյան Եվրոպայի երկրներ՝ ապաստան գտնելու։ Մենք նաև հայտարարել ենք, որ հնարավորության դեպքում Հայաստանը պատրաստ է առանձին ինքնաթիռ տրամադրել ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու համար, բայց դեռ քիչ են ցանկացողները»,– ասում է Բագրատ Հակոբյանը։

Եթե սկզբում սահմանային անցակետերում մարդիկ մի քանի օր էին սպասում, ապա այսօր արդեն գործընթացը մի քանի ժամ է տևում՝ ասում է Սլովակիայում ՀՀ պատվո հյուպատոսը։ Հիշեցնում է՝ Սլովակիայի տարածքում հայերը կարող են 15, լավագույն դեպքում՝ մինչև 90 օր մնալ։

«Նույնիսկ եթե տեղահանվածը ՀՀ անձնագիր չունի, բայց ՀՀ քաղաքացի է, դեսպանատան կողմից տրամադրում ենք համապատասխան տեղեկանք՝ հայրենիք վերադառնալու համար։ Պատահում է նաև դեպքեր, որ անձնագիրը վնասված է, ժամկետանց է։ Այս դեպքերում ևս Սլովակիան թույլ է տալիս հատել իր սահմանը»,– մանրամասնում է Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոսը։

Բագրատ Հակոբյանի տվյալներով՝ ռազմական գործողությունների սկզբից Սլովակիան Ուկրաինայից ընդունել է շուրջ 153 հազար փախստական։ ՀՀ պատվո հյուպատոսը հիշեցնում է՝ ՀՀ ԱԳՆ-ն դեռ փետրվարի 26-ին հայտարարություն էր տարածել, որ Ուկրաինայից դուրս եկող Հայաստանի քաղաքացիները Ուկրաինային սահմանակից ԵՄ երկրների՝ Սլովակիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Հունգարիայի սահմանը կարող են հատել առանց նախապես ձեռք բերված վիզայի։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ռազմական գործողությունների առաջին օրվանից ՀՀ քաղաքացիները հատել են առավելապես լեհ–ուկրաինական սահմանը։ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանի տվյալներով՝ Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվել է շուրջ 4000 ՀՀ քաղաքացի։ Պետրոսյանը վստահեցնում է՝ իրականում, այս թիվը շատ ավելի մեծ է, քանի որ ոչ բոլորն են սահմանն անցնելուց հետո համայնքային կազմակերպություններին դիմում։

«Արդեն 4 օր է, որ հայերի հոսքը կրկնակի, եթե ոչ եռակի մեծացել է։ Դեպի Լեհաստան գալիս են ավելի հեռու շրջաններից՝ Մարիուպոլից, Խարկովից։ Սահմանն անցնում են ոտքով կամ մեքենաներով։ Կա նաև Լվովից Լեհաստան գնացքներով անցնելու տարբերակ, բայց գնացքները հիմնականում կանանց և երեխաների համար են։ Շատ քիչ են տղամարդկանց գնացքով տեղափոխում»,– մանրամասնում է Պետրոսյանը։

Արտյոմ Պետրոսյանն ասում է՝ հայերի հոսքի մեծանալուն զուգահեռ՝ նվազում են  համայնքի հնարավորությունները։ Հիմա արդեն դժվարանում են նաև Ուկրաինայից տեղափոխվողներին կացարանով ապահովել։ Բայց բոլորի հետ կապվում են, դիմավորում, անհրաժեշտ տեղեկատվություն տալիս և ուղղորդում։

«Մեր առօրյան դա է․ սպասում ենք նոր եկող հայերին։ Ում հնարավորություն ունենք օգնելու, դիմավորում ու ճանապարհում ենք։ Բոլորին ասում ենք, երբ սահմանը հատեք, ձեզ անվճար հեռախոսաքարտեր են տալու, դրանք անպայման վերցրեք, որ չմոլորվեք և կարողանաք նաև մեր հետ կապի մեջ լինել»,– պատմում է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչը և հավելում՝ Լեհաստանում քչերն են մնում, հիմնականում երկրի տարածքն օգտագործում են որպես տրանզիտ՝ արևմտյան Եվրոպայի երկրներ գնալու համար։ Արտյոմ Պետրոսյանը շեշտում է՝ իր տվյալներով, ի տարբերություն Սլովակիայի, մեծ է Լեհաստանից Հայաստան վերադարձողների թիվը։

Back to top button