ԿարևորՔաղաքական

Հայաստանը տուրբուլենտությունից հեռու պահելը՝ գլխավոր խնդիր․ քաղաքագետը՝ փարիզյան այցի մասին

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ապա մասնակցելու է «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Մակրոնը Փաշինյանին Ֆրանիա էր հրավիրել մարտի 4-ին՝ նշելու Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։

Հայաստանի վարչապետի այցը Փարիզ տեղի է ունենում  ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտք-Ռուսաստան սրված հարաբերությունների ֆոնին։

Քաղաքագիտական շրջանակներում այս  առումով որոշակի տարակարծություններ կան։ Ոմանք կարծում են, որ աշխարհաքաղաքական այս  իրավիճակում նման հանդիպումների համատեքստում Հայաստանի Հանրապետության շահերից խոսելն ուղղակի ոչ նպատակահարմար է ու ժամանակավրեպ։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն, օրինակ, կարծում է, որ այսօր ամեն գնով Հայաստանը պետք է հեռու պահել տուրբուլենտությունից, ինչը նրա գնահատմամբ գրեթե անհնար է, իսկ եթե դա հաջողվի, ապա ըստ քաղաքագետի, այն մեծ ձեռբերում կլինի։   

Ֆրանսիա այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը», ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Թե նման հանդիպումներից այս օրերին ինչ կարելի է ակնկալել՝ շատ դժվար կլինի ասելը՝ մեզ հետ հեռախոսազրույցում նախ նշեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։  

«Կարևոր փոփոխությունների ժամանակ պարզապես յուրաքանչյուր բևեռ փորձում է, այսպես ասած, իր կողմ քաշել Հայաստանին»։  

Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ մի բան միանշանակ է. քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Նա հենց այս տեսանկյունից է դիտարկում նաև Հայաստանի վարչապետի այս այցը Ֆրանսիա։

«Պատահական չէ, որ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից առաջ Ռուսաստան հրավիրվեց և Ադրբեջանի նախագահը, և ՀՀ վարչապետը։ Եվ հենց կոնֆլիկտի ընթացքում էլ հրավիրվում են արդեն Ֆրանսիա։ Հետևաբար այս գործընթացի մեջ պետք է ֆիքսել, որ Հայաստանը, տարածաշրջանն՝ ընդհանրապես, երկու կարևորման խնդիր ունի։ Եվրոպայի համար՝ ԵՄ բոլոր երկրների համար, այդ թվում՝ բարեկամ Ֆրանսայի, Հայաստանի Հանրապետությունը կարևորվում է այնքանով, որքանով նա հակառուսական կլինի։ Ռուսաստանի համար կարևորվում է այնքանով, որքանով Հայաստանը կամրացնի իր դիրքերը տարածաշրջանում։ Եվ Հայաստանն այստեղ կարևորագույն տարածաշրջան է, կարևոր կենտրոն է, որպեսզի գերտերությունները, աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակ լեգիտիմ հենքով կարողանան իրենց ազդեցությունը մեծացնեն և ընդարձակեն տարածաշրջանում»։   

Ռուս-ուկրաինական պատերազմը խախտել է միջազգային կարգի նորմերը՝ ստիպելով բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանին, նրբանկատորեն հավասարակշռել իր շահերը երկու կողմից։ Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակը վերլուծելով՝ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը եզրակացնում է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա դրված է Ռուսաստանի հետ իր երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական դաշինքը հավասարակշռելու դժվարին խնդիրը՝ փորձելով պահպանել լավ հարաբերություններ Արևմուտքի հետ»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ներկա իրավիճակում նման հանդիպումների համատեքստում Հայաստանի Հանրապետության շահերից խոսելն ուղղակի ոչ նպատակահարմար է համարում ու ժամանակավրեպ։ Եթե հնարավոր լինի Հայաստանը տուրբուլենտությունից հեռու պահել, ինչը գրեթե անհնար է, ապա դա մեծ ձեռբերում կլինի՝ ասաց քաղաքագետը։ Անդրադառնալով Ֆրանսիայում սպասվող «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսպիսի կարծիք հայտնեց՝ հստակ է, որ Հայաստանը որևիցե հավակնություն այս պահին ունենալ չի կարող և կարող է միայն շահել զուտ պատահականորեն, եթե որևէ գերտերության շահը համընկնի։ Միաժամանակ, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պարտավոր է կտրուկ որոշումներ չընդունել, իսկ ամենակարևորը.

 «Ցանկացած որոշում ընդունելուց առաջ մշտապես հիշի, որ մենք ունենք Արցախի խնդիր, և այս պահին Արցախում բնակչության անվտանգությունը փաստացի երաշխավորվում է ռուս խաղաղապահների միջոցով»։ Այս պահին, ըստ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, թիվ մեկ խնդիրն է, որ  Հայաստանը ամեն գնով խուսափի տուրբոլենտությունից։ Հետևաբար, նրա գնահատմամբ, որևիցե կտրուկ փոփոխություն, որոշում կամ, անգամ, որևիցե հրապուրանք կլինի լրջագույն սպառնալիք ազգային անվտանգությանը։     

Back to top button