Գերդաստաններ

Ըդիկ վատ բան է, չսորվիք․ Գուժ Մանուկյանի տատիկի խրատը թոռներին․ «Գերդաստաններ»

Տասնյակ տարիներ առաջ էր, երբ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Մանուկյան — Արաքսմանյանը երևանյան ջրհեղեղից հետո, տիղմով պատված գրքերի միջից գտավ Աստվածաշունչ, որն այդ օրվանից դարձավ գրողի սեղանի մշտական գիրքը, մտքերի ճշգրտման ու նաև հացի աղբյուրը։ Որդիներն էլ ապրեցին այս Աստվածաշնչով՝ դրա պատվիրաններով, առեղծվածային ու իմաստուն պատմություններով։

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ Ալեքսանդր Արաքսմանյանի նախնիները գաղթել են Վանից և հաստատվել Գյումրիում։ Թիֆլիսում Լիսիցյանի մասնավոր դպրոցում սովորելու տարիներն աչքաբաց պատանուն դարձրին կիրթ և բանիմաց։

Այնուհետև վերադարձավ Գյումրի, ամուսնացավ դերասանուհի Վարյայի հետ, հետո ծնվեցին Էմանուելն ու Գուժը։ Ալեքսանդր Արաքսմանյանն ինքն էր փոխել Մանուկյան ազգանունը և վերցնելով պապի անվան առաջին բաղադրիչն ու Մանուկյանի «մանը»` ձևափոխություններ էր կատարել և դարձրել Արաքսմանյան։

Տղաների գյումրեցի, շատ կոլորիտային Իզաբելլա տատիկն իրեն ամբողջովին նվիրել էր թոռնիկներին, քանի որ որդին և կինը թատերական աշխարհի մարդիկ էին։ Նա էր հետևում ու դաստիարակում նրանց։ Պատմում են, որ երբ բակի տղաները զառերով խումար էին խաղում, նա ասում էր. «Ըդիկ վատ բան է, չսորվիք»։ Դրա շնորհիվ տղաները չիմացան այդ խաղի իմաստն ու բովանդակությունը։

Համեստ ու բանիմաց տղան 1958 թվականին ավարտեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ դառնալով լավագույն երիտասարդ դերասաններից մեկը։ Սիրում էր ընտրել հոգեբանական խորությամբ աչքի ընկնող դերեր, որոնք խաղում էր լեզվական բացառիկ մաքրությամբ, սիրում էր անսպասելիորեն զարմացնել հանդիսատեսին՝ հարազատ մնալով իր նշանաբանին. «Տալ հանդիսատեսին ավելին, քան ինքը սպասում է»։

Գուժի եղբայրը թատերագետ, կինոգետ, լրագրող էմանուել Մանուկյանն է։ Նա պատմում է, որ երևանյան ջրհեղեղից հետո, երբ իրենք ապրում էին հայտնի արվեստաբան Ռուբեն Զարյանի տանը, տարբեր փայտերից և ստվարաթղթերից մանկական ներկայացումներ էին բեմադրում, որոնք արժանանում էին հատուկ վերաբերմունքի։

Գուժ Մանուկյանի դուստրը՝ Լիլիթը, հոր հետ միասին նկարահանվել է «Ով դու զորություն, անվթարելի» ֆիլմում, որը նվիրված է Գրիգոր Նարեկացու 1000-ամյակին։ Սա Լիլիթ Մանուկյանի կյանքի, թերևս, ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Ասում է՝ այն կարծես գաղտնատես Աստծո հետ հանդիպում լիներ։

Տարիներ առաջ վշտացած մի կին իրեն Կիևյանի կամրջից ցած է ուզում նետի, բայց նրան փրկում է Էմանուել Մանուկյանը՝ լրագրողական իր հմտությամբ։ Այս դիպվածը հոգեկան մեծ խաղաղություն է բերում լրագրողին։

Մի անգամ, երբ Գուժ Մանուկյանը Դադիվանքում էր, վանքի սպասավորներից մի կին բացականչում է. «Եկե’ք այստեղ ամենքդ, եկել է մեր վերջին դերասանը»։ Արցախցիները նրան երկրպագում են, զրուցում և լուսանկարվում։ Գուժն էլ իր հերթին արցախցիներին է մեծարում, որ ապրում են իրենց երկրում ու շենացնում հայրենի հողը։

Back to top button