ԿարևորՀասարակություն

ՌԴ-ից պարենի արտահանման արգելքը կվերաբերի՞ Հայաստանին․ երկրում մտահոգ են պարենի քանակով

Օրերս պարզ կդառնա, թե Ռուսաստանը որ երկրների նկատմամբ կկիրառի  ապրանքների, հումքի ներմուծման կամ արտահանման արգելք, ինչի հանձնարարականը տվել է Պուտինը։ Հայաստանում արդեն մտահոգվում են հնարավոր ռիսկերով․ մեր երկիրն առաջին անհրաժեշտության պարենի ու ապրանքների մեծ մասը ներկրում է Ռուսաստանից՝ ռազմավարական ու առևտրային գործընկերոջից։

Այս ճգնաժամային միտումների կողքին մասնագետներին անհանգստացնում է նաև պարենի  ինքնաբավության ցածր մակարդակը․ շտապեցնում են մթերքի պաշար կուտակել։ ՌԴ-ից պարենի արտահանման արգելքը կվերաբերի՞ Հայաստանին:

Ռուս-ուկրաինական հակամարտության ձգվելուն զուգահեռ տնտեսական պատժամիջոցներն ավելի են խստացվում, աշխարհում ավելանում են անորոշությունները։ ՌԴ-ն հակադարձ քայլերով է արձագանքում Արևմուտքի ու ԱՄՆ-ի բազմաբլոկ սանկցիաներին։ ՌԴ նախագահը ստորագրել է «Ռուսաստանի անվտանգության ապահովման նպատակով արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին» հրամանագիրը։ Սա սահմանում է Ռուսաստանից ապրանքների, հումքի ներմուծման կամ արտահանման արգելք՝ ըստ ցուցակների։ ՌԴ կառավարությունը երկու օրում կկազմի այն պետությունների ցանկը, որոնց հանդեպ կսահմանափակվի ապրանքների, հումքի ներմուծումն ու արտահանումը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուր-ի հետ զրույցում ընդգծում է՝ սա ՌԴ-ի  հայելային արձագանքն է, բայց հենց ՌԴ համար էլ խնդրահարույց։

«Ռուսաստանը չի կարող արգելել կամ վերացնել իր արտահանումը ինքն իր ձեռքով։ Սա կնշանակի, որ առանց այն էլ  բարդ տնտեսական վիճակում արտարժույթի հոսքերից է զրկվելու։ Սա լրջագույն խնդիր կլինի ու կնշանակի փակել տնտեսությունը»։ 

Հայաստանի ներմուծման կառուցվածքում առանցքային տեղը ՌԴ-ինն է։ Ընդ որում՝ ներմուծման ու արտահանման տարբերությունը գրեթե կրկնակի է՝ 847 մլն դոլարի արտահանում՝ 1,7 մլրդի  ներկրման կողքին։ Հայաստանը ՌԴ-ից է ներկրում առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մասը՝ շաքարից մինչև հացահատիկ, նաև՝ ձեթ, բրինձ, անգամ պահածո ու պաղպաղակ։ Նոր սահմանափակումները, սակայն, տնտեսագետ Քթոյանը մտահոգվելու առանձնակի առիթ չի համարում, հատկապես, որ ՌԴ-ն ու Հայաստանը նույն տնտեսական կառույցի՝ ԵԱՏՄ-ի կազմում են։

«ԵԱՏՄ տիրույթում գտնվելը հնարավորություն է տալիս միևնույն մաքսային տարածքում ապրանք ներմուծել ինչպես նախկինում։ Չի բացառվում, որ գների որոշակի աճ կլինի, բայց դա համաշխարհային շուկաներում կոնկրետ ապրանքատեսակների գների աճի հետևանք կլինի»։

Խնդիրներ կան ու լինելու են, իսկ աշխարհաքաղաքական զարգացումները սրում են դրանք՝ արձանագրում է գյուղոլորտի փորձագետ, նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ու շեշտում՝ պետք է վերականգնել առաջին անհրաժեշտության պարենամթերքի՝ հացի, ալյուրի , շաքարի ապրանքների պաշարների՝ խորհրդային տարիների ինստիտուտը։ Երկրում այսօր պաշարներ կան, որոնց չափը պետական գաղտնիք է, բայց կանխատեսվող թվերն էլ են հուշում՝ պարենի ազային պաշարները մեծացնել է պետք և շտապ։

«Միանշանակ է, որ անկախ ռուս-ուկրաինական պատերազմից, մենք պետք է գոնե երկու-երեք ամսվա առաջին անհրաժեշտության պահուստներ ունենանք։ Այժմ պետք է շտապ լրացնել պահուստները։ Մեր տեղական արտադրության ծավալները փոքր են, չգիտենք, թե  տարին ինչպիսին կլինի։ Փոքր տարածքներից  քիչ քանակությամբ բերք ենք ունենալու»։ 

Վերջին հետազոտություններն առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավության մասով լավատեսություն չեն ներշնչում․ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտություններն են փաստում են։ Կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանն առանձնացնում է հատկապես հացահատիկը, բուսական յուղը,  հատիկընդեղենային մշակաբույսերը․

«Խոսքը վերաբերում է նաև շաքարին, խոզի մսին, իսկ հատկապես թռնչամսի  ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է։  Չունենք սեփական հումքի արտադրություն, և ինչ էլ արտադրում ենք, ներկրված հումքով է։ Եթե  ինչ-որ լոգիստիկ խնդիրներ առաջանան, կկանգնենք փաստի առաջ։  Ամենակարևորը հացն է, որի ինքնաբավության մակարդակը տարեցտարի իջնում է՝ 2016-ին 53 տոկոս էր,  2020-ին՝ 24․4 տոկոս։ Կանխատեսում եմ, որ 2021-ին ավելի ցածր է եղել» ։

Հայաստանը բուսական յուղի առումով  անգամ 1 տոկոսով ինքնաբավ չէ՝ նկատում է Ավետիսյանն ու հիշեցնում՝ կրճատվել են նաև յուղատու մշակաբույսերի ցանքերը։

«Ունենք սոյա աճեցնելու հնարավորություն, բայց մեր բնակչությունը սոյան կենցաղում չի օգտագործում, մինչդեռ հայ գիտնականները սոյայի բավականին լավ սորտեր են ստացել, որոնք բավականին բարձր բերքատվություն կարող են ապահովել»,-ասում է Ավետիսյանը։

Հայաստանում պարենային անվտանգության խնդիրները, փորձագետի գնահատմամբ, ավելի են սրվել արցախյան վերջին պատերազմից հետո։ Հողատարածքների կորստից զատ նաև ջրի, տեխնիկայի, գյուղատնտեսական ներուժի կորուստ ենք ունեցել։ Կտրուկ կրճատվել է անասնագլխաքանակը, այդպիսով՝ կաթն ու միսը։ Թռչնամսի ինքնաբավությունը վերջին տարիներին փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 24 տոկոսի, բայց Սամվել Ավետիսյանը հիշում է այն տարիները, երբ Հայաստանն անգամ թռչնամիս էր արտահանում․

«Հիմնական պատճառն, ըստ էության, կերի խնդիրն է։ Ունեցել ենք ժամանակներ, երբ թռչնամսի ավելցուկ կար, ու անգամ արտահանում էինք»։

Փորձագետների հայացքը հիմա դեպի հնարավոր այլընտրանքային շուկաներ է, թեև նաև հաշվարկում են, որ տեղափոխման ծախսը կավելանա, ներկրվող ապրանքի գինը՝ ևս։    Ելքը սեփական արտադրության ավելացումն է, բայց գյուղացիների թվարկած խնդիրների շարքն էլ սկսվում է ու չի ավարտվում։

Back to top button