ԿարևորՄշակույթ

Չարենցի «Ամբոխները» կխելագարվեն նորովի․ բեմադրությունը կնվիրվի պոետի 125 ամյակին

Չարենցի 125 ամյակը, որ լրանալու է 4 օրից՝ մարտի 13-ին, նշվում է դեռ նախորդ տարվանից․ 2021-ին Գրքի երևանյան փառատոնը նվիրված էր Չարենցին։ Դարձյալ անցյալ տարի Բերդավանում և Նոյեմբերյանում իրականացված մի ծրագրի շրջանակում համայնքների երեխաներին բաժանվեցին Չարենցի ժողովածուները․ նախաձեռնությունը  «Արար․ հայ ազգային արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագիր» ՀԿ-ին էր։  Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը պատմում է՝ երեխաները Չարենց կարդալու հանձնարարություն ունեին, հետո պետք է ստեղծեին որևէ գործ՝ քանդակ, բանաստեղծություն, նկար՝ չարենցյան մոտիվներով։ Այս նախագծի արդյունքները կամփոփվեն 2022-ի ավարտին։

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը, թանգարաններում ցուցադրվեցին Չարենցի ընծայագրած գրքերը։ Ժաննա Մանուկյանն ասում է՝ հետաքրքիր էր հատկապես Թումանյանի տուն-թանգարանում անցկացված միջոցառումը․ «Երբևէ չհանդիպած Չարենցն ու Թումանյանն այդ օրը հանդիպեցին մեր թանգարանում»,-ասում է տնօրենը։ Չարենցյան մի ցուցադրություն էլ, նվիրված պոետի  125 ամյակին, օրերս կազմակերպվել էր  Ազգային գրադարանում։ Ներկայացվում էին պոետի 125 ձեռագրերը։ Այսքանը՝ արվածից, անելիքների մասին պատմում է Ժաննա Մանուկյանը․

 «Վերջին ամիսներին մենք փորձում ենք կապ հաստատել տարբեր մարդկանց հետ, որոնք ունեն կամ կարող են ունենալ Չարենցի ձեռագրերից, քանի որ այդ ձեռագրերը բանաստեղծի վախճանից հետո կորել են, հայտնվել են տարբեր մասնավոր անհատների մոտ։ Մենք փորձում ենք հավաքագրել այդ ձեռագրերը։ Եթե մարդիկ չեն ցանկանում ձեռագիրը տրամադրել, առաջարկում ենք գոնե թվային տարբերակը մեզ տան։ Մենք հիմա նախատեսում ենք Չարենցի ամբողջական երկերը տպագրել տասը հատորով, որտեղ երբևէ չտպագրված, անհայտ ձեռագրերը ևս ներառված կլինեն։ Այս տարի նախատեսում ենք 1-ին հատորը տպագրել։ Նախորդ տարի Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, նվիրել է մեզ 15 ձեռագիր, այդ ձեռագրերը հիմա ուսումնասիրվում են և հասանելի կլինեն ամբողջական ուսումնասիրության ավարտից հետո միայն»:

Թեև Չարենցի 125 ամյակին նվիրված միջոցառումներ արդեն կազմակերպվում են, հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի մարտի 13-ին՝ քայլերթով․ 125 պատանիներ Չարենցի տուն-թանգարանից կշարժվեն դեպի Չարենցի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ պոետին։ Այս տարի նաև Չարենցի «Ամբոխները խելագարված»-ն է բերամադրվելու՝ նորովի:

«Թե հստակ որ օրն է լինելու պրեմիերան, դեռ պարզ չէ, մարտից մայիս ընկած հատվածում, հավանաբար։ Բեմադրող ռեժիսորը Գոռ Մարգարյանն է, Թատերական ինստիտուտում է ցուցադրվելու։ Խաղալու են հենց Թատերական ինստիտուտի ուսանողները»,- ասում է տուն-թանգարանի տնօրենը։

Մարտի 13-ից սկսած՝ 2022-ը հարուստ է լինելու Չարենցին նվիրված միջոցառումներով։

Back to top button