ԿարևորՀասարակություն

Ուկրաինայից Սլովակիա է տեղափոխվել 134 ՀՀ քաղաքացի

Ռուս–ուկրաինական հակամարտության սրման առաջին օրվանից՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Սլովակիայի սահմանը ցամաքային ճանապարհով հատել է ՀՀ 134 քաղաքացի` «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը։

Հայերը հիմնականում Սլովակիայից տեղափոխվում են արևմտյան Եվրոպա՝ այնտեղ ապաստան գտնելու համար։ Պատվո հյուպատոսի տվյալներով` ՀՀ միայն մի քանի քաղաքացի է հայրենիք՝ Հայաստան վերադարձել։

Բագրատ Հակոբյանը պատմում է՝ Սլովակիայի սահմանն անցնելուց հետո Ուկրաինայից հեռացող մեր հայրենակիցներին կացարաններով են ապահովում, առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ տրամադրում, անհրաժեշտության դեպքում օգնում լուծել նաև փաստաթղթային խնդիրները։

«Հայաստան տեղափոխվողների քանակը անհամեմատ քիչ է։ Այս պահին միայն 5 քաղաքացի է մեկնել Հայաստան։ Մեծամասնությունը գնում են դեպի արևմտյան Եվրոպայի երկրներ՝ ապաստան գտնելու։ Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է առանձին ինքնաթիռ տրամադրել ՀՀ քաղաքացիներին Սլովակիայից Հայաստան տեղափոխելու համար, բայց ցանկացողները դեռ քիչ են”,– նշում է Հակոբյանը։

Այն քաղաքացիներին, որոնք նախընտրում են Սլովակիայում մնալ, կացարաններ են տրամադրվում։ «Եթե նախորդող օրերին սահմանային անցակետերում մարդիկ մի քանի օր էին սպասում, ապա այսօր արդեն գործընթացը մի քանի ժամ է տևում»,– մանրամասնում է Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոսը։

Բագրատ Հակոբյանի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այսօր Սլովակիայի սահմանը Ուկրաինայից հատել է շուրջ 153 հազար փախստական։ Պատվո հյուպատոսը հիշեցնում է՝ ռուս–ուկրաինական հակամարտության սրման համատեքստում դեռ փետրվարի 26-ին ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որ Ուկրաինայից դուրս եկող ՀՀ քաղաքացիները Ուկրաինային սահմանակից ԵՄ երկրների, այդ թվում նաև Սլովակիայի սահմանը կարող են հատել առանց նախապես ձեռք բերված վիզայի։

Back to top button