ԿարևորՏնտեսական

Ինչի՞ն կուղղվեն ԱՄՀ-ից ստացվելիք հավելյալ վարկային միջոցները․ կառավարությունը բացատրում է, ընդդիմությունը կասկածում

Արժույթի միջազգային հիմնադրամից Հայաստանը վարկային լրացուցիչ միջոցներ կներգրավի, որոնք կուղղվեն պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Համաձայնագիրն այսօր քննարկվել է Ազգային ժողովում։  Դեռ 2019-ին  ԱՄՀ-ն  հաստատել էր  248 մլն դոլար արժողությամբ եռամյա պահուստային ծրագիրը՝ ուղղված Հայաստանում տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի ուղղվածությունը վերանայելու և հավելյալ գումար ներգրավելու հարցի շուրջ:

ՀՀ կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամից պատրաստվում է վերցնել հավելյալ շուրջ 70 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք մեր պետությունը պարտավորվում է մարել մասհանումից մոտավորապես 3.5 տարի հետո։ Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը վավերացման ենթակա նախագիծը Ազգային ժողով էր բերել արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկելու  և ընդունելու  համար։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ վարկային միջոցներն ուղղվելու են պետբյուջեի դեֆիցիտը լրացնելուն։ Կոնկրետ այս վարկով ծախսերի առանձնացված ուղղություններ չկան՝ ասում է ֆինանսների փոխնախարարը՝ հավելելով, որ լրացուցիչ միջոցների  անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համավարակի բերած տնտեսական հետևանքներից։

«Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի հետ 2019 թվականին կնքված համաձայնագրին, ստորագրման պահին չէր նախատեսվում ներգրավել գումար նախատեսված էր ԱՄՀ-ի հետ աշխատել այն քաղաքականության ու բարեփոխումների ուղղությամբ, որն իրականացնում է Հայաստանի կառավարությունը։ Այնուհետև, երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը և պետք էր դրանից ի հայտ եկող տնտեսական հետևանքները չեզոքացնել, այդ ժամանակ որոշում կայացվեց միջոցներ ներգրավել»։

2022 թվականի վերջին Հայաստանի պարտքը կգերազանցի  5 տրիլիոն դրամի սահմանագիծը  և կկազմի շուրջ 10.2 մլրդ դոլար։ Տնտեսագետների պնդմամբ՝ անհանգստացնող է ոչ թե նոր պարտքի ներգրավումը, այլ՝ դրա սպասարկումը։ Տարեցտարի այդ նպատակին ուղղվող գումարն ավելանում է։ Պարտքի սպասարկմանը 2022 թվականին ուղղվելու է մեկ միլիարդ դոլար, որը բյուջեի շուրջ 23 տոկոսն է։ Հաջորդ տարի 1 միլիարդը դառնալու է 1.1, 2025 թվականին՝ 1.4 միլիարդ դոլար։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք մեր տնտեսությունը կկարողանա այդքան գումար գեներացնել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կարծում է` լավ օրից չէ, որ պարտք ենք վերցնում։ Սա թանկ ու վտանգավոր պարտք է, որն անորոշություններ ունի՝ նկատում է պատգամավորը։  

«Պարզ  հարց, որ սովորական քաղաքացուն պետք է հետաքրքրի վերցնում եք, որ ի՞նչ անեք։ Հիմա այստեղ ասում են՝ վերցնելու ենք ենթակառուցվածքներ զարգացնենք։ Այդպես չէ։ Սա աննպատակ պարտք է, որովհետև, եթե նպատակ լիներ, կգրվեր այստեղ բերված իրավական հիմքերում»։

Փոխնախարարը համաձայն չէ Ավետիսյանի այն պնդմանը, թե լավ օրից չէ, որ կառավարությունը վարկ է վերցնում։

«Վստահեցնում եմ ձեզ, որ ափալ-թափալ ոչինչ չի արվում։ Երբ ասում եք՝ լավ օրից չէ, որ պարտքը ներգրավում ենք, ես կարող եմ նաև մեկ այլ տարբերակ առաջարկել՝ լավ օրից է, որ կարողանում ենք պարտք ներգրավել, որովհետև եթե մենք վատ օրի լինեինք, մեզ  ոչ մեկ պարտքով փող չէր տա»։

Հայաստանը վարկեր է վերցրել միջազգային տարբեր կազմակերպություններից՝ Զարգացման միջազգային ընկերակցություն, Ասիական զարգացման բանկ, Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկ։ Ներգրավված վարկեր ունենք Աբու Դաբիի զարգացման հիմնադրամից, Չինաստանի արտահանման-ներմուծման  բանկից և սրանց մեծ մասը դոլարով։ Դոլարի կուրսի բարձրացմանը զուգահեռ  թանկանում է դրսից վերցված վարկերի սպասարկումը։

«Պայմանագիրը բավականին բարդ է, և հստակ չենք կարող ասել և՛ արժեքը դոլարային արտահայտությամբ, և՛ վերջնական տոկոսադրույքը, որովհետև կախված է տարբեր փոփոխականներից։ Բայց այստեղ շատ ավելի կարևոր է նպատակը, թե ինչի համար ենք վերցրել այդ վարկը։ Նպատակը հետևյալն է․ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների վրա գումար դնել, որպեսզի հետագայում կարողանանք այս և մյուս վարկային միջոցներն ավելի հեշտությամբ սպասարկել և մարել»,-ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ։

Արժույթի հիմնադրամի պահուստային ծրագիրը և արագ ֆինանսավորման գործիքները նպատակ ունեն օգնել այն երկրներին, որոնք վճարային հաշվեկշռի խնդիր ունեն։ Սա կապել ենթակառուցվածքների հետ շատ դժվար է՝ ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ վարկային միջոցներն օգտագործվելու են ընթացիկ ծախսերը հոգալու համար։

«Կամ լավ, ընթացիկը թողնենք, դրանք ինչ-որ տեղ անցք փակելու խնդրին են միտված։ Այսինքն՝ մենք մեծացնում ենք մեր արտաքին պարտքը, պետական պարտքը և ֆինանսների նախարարությունից հարցնում ենք՝ լավ, այդ գումարը, որ դուք ներգրավել եք, ի՞նչ ազդեցություն է ունեցել, պատասխան չենք կարողանում ստանալ»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նույնպես այն կարծիքին է, որ վարկն ընթացիկ ծախսերին է ուղղվելու։ Հիշեցնում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր պարտք վերցնելու համար քննադատում իշխանություններին․

«2016 թվական, դեկտեմբերի 22։ Ազգային ժողովի ամբիոնից, այժմ նոր վարկ վերցնելու նախագծի տակ ստորագրած կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, որ տեսել ենք Նոր տարին մարդիկ պարտքով նշեն, բայց որ մի ամբողջ ՀՀ 2017-ի Նոր տարին պարտքով է փակում, չէինք տեսել։ Այդպես էլ ամեն տարի փակում են»։

Վարկային միջոցներն ուղղվելու են բյուջեի դեֆիցիտը լրացնելուն ՝ ընդդիմադիրներին հակադարձում է ֆինանսների փոխնախարարը՝ վստահեցնելով՝ դրանք ներդրվելու են ենթակառուցվածքների մեջ, որպեսզի հետագայում ավելացնեն ՀՆԱ-ի պոտենցիալը։

«Մեր բյուջեի դեֆիցիտը 2022 թվականին կազմում է 236 մլրդ դրամ, բայց մենք իրականացնում ենք 351 մլրդ դրամի կապիտալ ծախսեր։ Եվ այն գումարները, այն վարկը, որի մասին մենք հիմա խոսում ենք, այդ 236 մլրդ դրամ դեֆիցիտը մասնակիորեն փակելու համար է։ Ուստի կարելի է ասել, որ մեր ներգրաված այս բոլոր միջոցները որևէ կերպ չեն ֆինանսավորում մեր ընթացիկ ծախսերը, այլ ներդրում են կատարում Հայաստանի ենթակառուցվածքների մեջ, որպեսզի հետագայում ավելացնենք համախառն ներքին արդյունքի մեր պոտենցիալը»։

ՀԲ վերջին դասակարգմամբ՝ Հայաստանը միջին և բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում է, ինչը նշանակում է, որ մեր երկիրն արդեն արտոնյալ պայմաններով երկարաժամկետ  վարկեր վերցնելու հնարավորություն չունի։

Back to top button