ԿարևորՔաղաքական

Դեսպան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԹ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին

Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին:

Ինչպես տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից, հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ:

«Դեսպանն ընդգծեց իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին ՄԹ արարողակարգի ղեկավար, Մարշալ Ալիսթր Հարիսոնը, Ֆորին Օֆիսի պաշտոնյաներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորեց դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում նշեց, որ այս տարին ՀՀ և ՄԹ համար խորհրդանշական տարի է, քանզի վերջիններս տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, ինչը կարևոր հանգրվան է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համագործակցության հեռանկարային ոլորտներ ուրվագծելու համար:

Այնուհետև դեսպանը հակիրճ ներկայացրեց 3 տասնամյակների ընթացքում երկկողմ փոխգործակցության ձեռքբերումներն ու ապագա անելիքները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ բարձր գնահատելով ՄԹ կառավարության աջակցությունն այդ գործընթացներին»,- հայտնում են Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից:

Back to top button