ԿարևորՀասարակություն

Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի ԱԱԾ-ի կողմից

Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի Հանրապետության ԱԱԾ–ի կողմից:

«Սույն թվականի մարտի 8-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:

Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը: Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ: Այս պահին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայր ժամանելու և այն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետազոտելու համար, որից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում՝ գազամատակարարման խափանման իրական պատճառների վերաբերյալ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակաբար կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, պատասխանատվություն է կրում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայրի հարակից տարածք ներկայացած մատակարար կազմակերպության և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի ու անվտանգության համար:

Բավարար տեղեկություններ և ապացույցներ ամրագրելուց հետո ծառայությունը հանրությանը լիարժեք տեղեկություն կտրամադրի դեպքի հանգամանքների վերաբերյալ»,- ասված է Արցախի ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ

Back to top button