ԿարևորՀասարակություն

Կանայք ճաղերից այն կողմ․ երբ անազատությունը նաև հնարավորություն է

Սահմանափակումները հաճախ նաև հնարավորություն են․ արդեն 7 տարի անազատության մեջ գտնվող Մարիա Ֆլորեսը մտադիր է պատիժը կրելուց հետո հայրենիք՝  Պերու վերադառնալ ու այնտեղ բիզնեսով զբաղվել։ Պահանջվող հմտությունները ձեռք է բերում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ «Ռադիոլուր»– ը հնարավորություն է ունեցել զրուցելու  ՔԿՀ–ում պատիժը կրող կանանց հետ։

1460 օր․ պերուացի Մարիա Ֆլորեսը դեռ այդքան ժամանակ էլ Հայաստանը կտեսնի ճաղերի հակառակ կողմից։ Հենց դրանցով բաժանված էլ զրուցում ենք, չի ցանկանում, որ լուսանկարում դեմքը երևա։ 7 տարի առաջ Հայաստան գալիս էր իբրև զբոսաշրջիկ, բայց չհասցրեց օդանավակայանից դուրս գալ։ Այդ ժամանակ հայերեն չգիտեր, սովորեց այստեղ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, կանանց գաղութում։  

«Ես այստեղ եմ 7 տարի։ Պերուից եմ եկել այստեղ Հայաստան։ Որպես տուրիստ եմ եկել, պրոբլեմ եմ ունեցել, ոստիկանները վերցրել են։ Իմ ընկերը ինձ խաբել է։ Ասաց՝ գնա Հայաստան, գաս՝ կամուսնանաք։ Եկա, մնացի այստեղ։ Շատ եմ ուզում գնալ իմ երկիր, որովհետև երկու անչափահաս երեխա ունեմ։ Իմ ծնողները ինձ Պերույում սպասում են, դրա համար չեմ կարող մնալ այստեղ, ուզում եմ գնալ իմ երկիր։ Հիմա փորձում եմ էքստրադիցիայով վերադառնալ։ Ասում են՝ Պերուն պետք է պահանջի»։

Պերուն Մարիային դեռ չի պահանջում, իսկ Հայաստանից, որի օրենքը նա խախտել է, Մարիան չի նեղանում։ Այստեղ սովորել է ոչ միայն լեզու, այլև՝ արհեստ․ հետագայում պետք կգա՝ արդեն իր հայրենիքում, կօգնի փող վաստակել և ընտանիք պահել՝ համոզված է։ Մի քանի օրից ավելի կոնկրետ կզգա, թե ինչ գումար կարող է վաստակել իր ձեռքի աշխատանքով․ ցուցահանդես-վաճառքի է պատրաստվում։ Ազատազրկված ևս 22 անձ՝ Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներից, ներկայացնելու են իրենց աշխատանքները։ Դրանք տարբեր են՝ գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված իրեր՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեխներ և այլ հուշանվերներ: «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն փորձում է նաև այս տարբերակով ապահովել ազատազրկված անձանց ինտեգրումը։ Անազատության մեջ հայտնվածների համար, սակայն, կտավը, թելը, կավը նաև  հոգեբանական նշանակություն ունեն․ դրանք  ապահովում են  Մարիա Ֆլորեսի կյանքի գույները․  

«Սարքելու ժամանակ ես շատ լավ եմ ինձ զգում, հանգիստ եմ։ Անում եմ իմ գործը, չեմ մտածում իմ խնդիրների ու ընտանիքի մասին։ Հիսուս եմ ասեղնագործել, սիրամարգ եմ պատրաստել, մեկ ուրիշ բան էլ եմ արել։ Քանի որ  այստեղ չունեմ թել, ուլունք, այստեղի աշխատողներին եմ ասում․ ուլունք եմ ուզել, տվել են, թել եմ ուզում, տվել են, որովհետև ես այստեղ, դրսում մարդ չունեմ։ Ես շատ եմ սիրում կարել, կարող եմ զատիկ, տերևներ ասեղնագործել։ Պերուում այսպիսի գործ չեմ արել։ Մտածում եմ՝ կամաց–կամաց, գնամ առաջ, մեծ մարդ դառնամ։ Բիզնես եմ ուզում անել»։

Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում տարբեր դասընթացներ են կազմակերպվում՝ բիզնեսի կառավարում, օտար լեզու, կավագործություն։ Պետությունն այսպես  փորձում է անազատության մեջ հայտնված մարդկանց  պատրաստել՝ պատիժը կրելուց հետո հասարակության մեջ ավելի հեշտ «ապրելու» համար։ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը «Հետքի»–ն պարզաբանել է․

«Կրթական, մշակութային, հոգևոր ծրագրեր ենք իրականացնում։ Նրանք կավագործությամբ են զբաղվում, զբաղվում են ինչ–որ աշխատանքներ պատրաստելով։ Մենք ունենք հիմնարկներ, որտեղ այդ զբաղվածությունը ապահովում ենք, և եթե նրանց ցանկությունը լինի, ապա նրանք անպայման կարող են մասնակցել այդ ծրագրերին։ Աշխատանքի մասին էլ ենք մտածում։ Թեպետ նախկինում եղել են դեպքեր, որ դատապարտյալների համար աշխատելու պայմաններ են ստեղծվել, բայց դատապարտյալների շատ չնչին մասն է փորձել ներգրավվել աշխատանքների մեջ»։

Դատապարտյալ Մարիա Ֆլորեսը համոզված է՝ Հայաստանից Պերու վերադառնալուց հետո այստեղ սովորածն իրեն աճելու և նոր գործով զբաղվելու հնարավորություն կտա։ Այլևս չի կարողանա վերադառնալ Հայաստան՝ դատավճռով է արգելված։ Այնպես որ, հայերենը դժվար թե հետագայում պետք գա, բայց զբոսաշրջիկի իր երազանքը դեռ պահպանվում է՝ ուզում է տեսնել Սևանը։  

– Այսպես լսում եմ, խոսում եմ, կամաց–կամաց եմ սովորում հայերեն։ Իհարկե, դժվար է, բայց եթե մարդը ուզում է՝ սովորում է։ Շատ սիրուն լեզու է։

– Եթե չլինեին այս ճաղերը, Հայաստանը Ձեզ դո՞ւր է գալիս ։

– Իհարկե։

– Հասցրեցի՞ք ինչ–որ բան տեսնել։

– Սևանը շատ եմ ուզում տեսնել։ Ասում են՝ շատ գեղեցիկ է։ Հեռուստացույցով եմ տեսել։

– Ուրիշ՝ չգիտեմ։ Ասում են՝ քաղաքը շատ սիրուն է։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրողներն ամեն դեպքում փորձում են չկտրվել կյանքից։ Անգամ հետևում են նորաձևության տենդենցներին, փորձում են խնամված լինել։ Մինչև մեր զրույցը որոշ ժամանակ սպասեցի  հատկացված սենյակում, իսկ ուղեկցողը բացատրեց՝ երևի պատրաստվում են հարցազրույցին։

Back to top button