Բնական ընտրություն

Բջջի կառուցվածք ունեցող գործվածքներից մինչև ծաղկային պրինտ․ բիոնիկան` նորաձևության մեջ․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Արևելյան Ասիայի կղզի-պետությունը՝ բիոնիկ նորաձևության ծննդավայր»

20-րդ դարում նորարարական հագուստի ձևավորման և զարգացման համար առաջացան մի շարք նախադրյալներ` տեխնիկական առաջընթացը, արդյունաբերական զարգացումը, արտադրության տարածումը և այլն։ Մոդեռն հագուստի մեջ սկսեցին լայնորեն կիրառվել դետալներ բնությունից․ ծաղիկներ, կենդանիներ…  

Մի շարք կարի տեխնոլոգներ, դիզայներներ սկսեցին ուսումնասիրել բնական ձևերի՝ օրինակ հյուսվածքների կամ բջջի կառուցվածքը՝ յուրահատուկ մանրաթելային գործվածքներ ստանալու համար։ Բիոնիկան դարձավ նորաձևության անբաժան մասնիկը հատկապես Ճապոնիայում։ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, կրթության որակի պատասխանատու, կարի արտադրանքի գծով ինժեներ-տեխնոլոգ Աստղիկ Սարգսյանն է հյուրս․

«Հագուստի մեջ բնության ձևերի կիրառումը առաջացել է 19-րդ դարի վերջում՝ մոդեռն ոճի գալուստով։ Ճապոնացի դիզայներները այս տեսանկյունից առաջամարտիկներ են համարվում, օրինակ ճապոնացի դիզայներ Ջունիա Վատամա Բեյի հավաքածուների հիմքում ընկած է բջջի ձևը, գերթեթև մանրաթելերից կարված շորեր են, գործվածքը հիշեցնում է մեղվի փեթակ։ Ճապոնացի շատ դիզայներներ անալոգիա են գծել․ բնության ձևերի՝ հյուսվածքների, ծառի տերևի, կեղևի, մամուռի միկրոսկոպիկ կառուցվածքն ուսումնասիրելով` կիրառել են գործվածք ստեղծելիս, գործվածքի մշակման ինքնատիպ մեթոդներ են օգտագործվում, տրիկոտաժ է մշակվում, որը կենդանի օրգանիզմի բնական մաշկի ծալքերն է վերարտադրում»,-ասում է Աստղիկ Սարգսյանը։

1920-ական թվականներին անխուսափելի էր նորաձևության և արվեստի փոխառնչությունը և այդ առումով հատկապես հետաքրքիր էր հագուստի վրա մեծ ազդեցություն թողած մոդեռն ոճը։ Ստեղծվում էին հագուստներ, որոնց գաղափարը, կենդանի նախատիպը որպես այդպիսին արդեն կար կենդանական աշխարհում․ Աստղիկ Սարգսյան․

«Չղջիկի թևերով բլուզներ, ձկան կամ սիրամարգի ուրվագծով երեկոյան զգեստներ, ծաղիկների նմանության կիսաշրջազգեստներ՝ զանգակների, կակաչների տեսքով, նույնիսկ կենգուրուի փորիկի հատվածը մայրիկների համար բոլորիս հայտնի այն շորի նախատիպն է, որի շնորհիվ երեխան կախվում է առջևից` մայրիկի փորիկի հատվածում, սա էլ է նորաձևության մեջ բինոիկ հայտնագործություն համարվում»,- ասում է Աստղիկ Սարգսյանը։

Լայն տարածում գտան բնական մորթե և կաշվե իրերը։ Բնությունը ուղիղ կերպով դարձավ նյութ՝ էսթետիկ հագուստ ստեղծելու համար, որը մարդու սոցիալական վիճակի մասին կխոսեր և կլիներ շատ թանկ։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս, «Մարոնյան» fashion studio-ի տնօրեն, հագուստի մոդելավորող, դիզայներ Հռիփսիմե Մարոնյան․

«Շատ ցավալի մի բանի անդրադառնանք, տեղի է ունենում կենդանիների սպանդ նորաձևության հավաքածուներ ստանալու համար, սահմռկեցուցիչ են այն կադրերը, երբ տեսնում ենք, թե ինչպես է սպանվում կենդանին՝ նրա մորթին էսթետիկ հաճույք պատճառող որևէ իր ստանալու համար։ Այսօր իհարկե շատ են խմբակցությունները, որոնք պայքարում են այս երևույթի դեմ, բայց ցավոք նորաձևության մեջ բնական մորթին շարունակում է լինել շատ պահանջված»,- ասում է Հռիփսիմե Մարոնյանը։

Դեռ հին ժամանակներից բնական մորթին եղել է մարդու համար ցրտից պաշտպանվելու լավագույն մեթոդը։ Մեր ժամանակներում արդեն մի շարք կազմակերպություններ, անհատ անձիք պայքարում են այս երևույթի դեմ։ Եվրոպական շատ երկրներում արգելք է դրված բնական մորթե կամ կաշվե իրեր արտադրող ընկերությունների գործունեության վրա։

Տարիներ առաջ ստեղծված «Իմ կյանքն ավելի թանկ է, քան քո մուշտակը» կարգախոսը այսօր էլ շարունակում է մնալ ակտուալ։ Մեկ բնական մորթուց մուշտակ կարելու համար, արդյունաբերող որսագողներն այսօր սպանում են 60-70 սամույր, 10-20 աղվես, 25-45 գառ, 30-40 նապաստակ և ջրարջ, 30-70 ջրաքիս, 200-400 սկյուռ և այսպես շարունակ: Կենսաբան Նորայր Գաբրիելյանի խոսքով՝ սա ուղիղ վտանգ է վերացող տեսակ համարվող կենդանիների համար․

«Վերջին տարիներին, հակառակ տարբեր մարդկանց ու կազմակերպությունների ձեռնարկած քայլերի, լայնորեն օգտագործվում են այնպիսի կենդանիների կաշիներ, ինչպիսիք են ջայլամը, կոկորդիլոսը, կաշին օգտագործվում է պայուսակ, կոշիկ, աքսեսուար ստեղծելու համար, սակայն հաշվի չեն առնում մարդիկ, որ բիզնես զարգացնելու համար վտանգի տակ են դնում վերացման եզրին կանգնած կենդանիների տեսակը»,- ասում է Նորայր Գաբրիելյանը։

Գլուխ 2

«Ես նկարում էի կանանց՝ նրանց ծաղկի տեսք տալով․ Քրիստիան Դիոր»

Բիոնիկայի և նորաձևության կապի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ ծաղկային պրինտին։ Ժամանակակից աշխարհում դրանց շնորհիվ դիզայներները ստեղծում են բիոնիկ հավաքածուներ, կիրառում են մոդելավորման եռաչափ հնարքներ։ Աստղիկ Սարգսյանը մանրամասնում է․

«Վերջին տարիներին մեծ տարածում է գտել գործվածքների 3D տպագրումը, դրա շնորհիվ հնարավոր է դարձել բնության բարդ ձևեր վերարտադրել, կոստյումներ են ստեղծվում մանր մոդուլներից կազմված հենց եռաչափ մոդելավորման շնորհիվ: Այսպիսին է իսրայելցի դիզայներ Դանիթ Փելեգի «Վեներայի ծնունդը» հավաքածուն, հիմքում հենց այս բիոնիկ հնարքն է, տպավորիչ մոդելներ ստեղծելու, կենսաբանական նախատիպեր օգտագործելով հավաքածուներ է ստեղծում հոլանդացի դիզայներ Այրի Վան Հերպերը, որը բինոնիկայի ուժեղ կողմնակից է, նա ստեղծում է 3D տեխնոլոգիաների ձեռքի աշխատանքներ»,-ասում է Աստղիկ Սարգսյանը։

Դիզայներական հավաքածուների մեջ ծաղկային զարդանախշերը հատկապես լայն տարածում են գտել 20-րդ դարում, դրանցից որոշները նորաձև և ակտուալ են մինչ օրս․ Հռիփսիմե Մարոնյան․

«Ծաղկային զարդանախշերը շատ են օգտագործվում հագուստի մեջ, բայց կան որոշները, որ չեն հնանում։ Դրանցից է օրինակ արմավազարդը, եվրոպական խոսույթում հնդակական վարունգ է կոչվում, փոքրիկ կեռ զարդանախշ է, որը լայնորեն սկսեց կիրառվել 1970-ական թվականներին, բայց հիմա, երբ տարբեր բրենդների կողմից ներկայացված հավաքածուներն եմ նայում, էլի լայնորեն կիրառվում է։ Միայն ծաղկային զարդանախշերով ու գործվածքներով չի սահմանափակվում բնության և նորաձևության կապը, կենդանական աշխարհի հետ էլ կապ կա, հենց բուրդը, ամենաշատ օգտագործվող ուխտի բուրդը կամ լյուքս դասի գործվածք համարվող անգորայի բուրդը»,-ասում է Հռիփսիմե Մարոնյանը։

Ժամանակակից դիզայներների ստեղծած հավաքուծներից շատերը հիշեցնում են բուսական կամ կենդանական աշխարհի որևէ մասնիկ․ օրինակ ջրի կաթիլի տեսք ունեցող գլխարկ կամ աղվեստի պոչ ունեցող հագուստ, սրանք այնպիսի բինոիկ հավաքածուներ են, որտեղ դիզայների ոգեշնչման աղբյուրը նորից բնությունն է․ Հռիփսիմե Մարոնյան․

«Նորաձևությունը, ինչպես արվեստի մյուս ճյուղերը, մարդու երևակայության ընկալումն է և շատ դեպքերում անդրադարձը բնությանն է, մշտապես դիզայներները ոգեշնչվում են բնությունից և ստեղծում ֆուտուրիստական հավաքածուներ, ավանգարդ հավաքածուներ, դրանք իհարկե առօրյայում կրելի չեն, թեպետ հիմա նորաձևությունն այնքան բաց է, որ մարդը տարբեր միջոցառումների կարողանում է ներկայանալ բինոիկ հավաքածուներից որևէ իրով»,-ասում է Հռիփսիմե Մարոնյանը։

Յուրաքանչյուր ոլորտում՝ հայտնագործությունների, նորարարությունների բանալին, նախատիպը՝ բնության ձեռքերում է, այն ուղղակի գտնել և կիրառել է պետք։

Back to top button