ԿարևորՀասարակություն

Բաքուն փորձում է օգտվել ռուս-ուկրաինական լարվածությունից․ քաղաքագետը ՝ սահմանային միջադեպերի մասին

Վերջին օրերին լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի` Երասխ-Նախիջեւան հատվածում, նաեւ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Նորշեն բնակավայրերում։ Դիպուկահարի կրակոցներից  Հայաստանի սահմանագոտու արևմտյան հատվածում զոհվել է ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը։  Ունենք նաեւ վիրավոր զինծառայող։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տեղեկությունը, այլ նաև ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։ Վերլուծական շրջանակներում վերջին միջադեպերը ադրբեջանական նոր հաշվարկներով են պայմանավորում։

Հայ–ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպերին արձագանքել են Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչությունները՝ կեղծիք  և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ որակելով դրանց  ադրբեջանական արձագանքը։  Հայաստանի արտգործնախարարությունը,  դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը, ընդգծել է, որ «այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը»:  Արտաքին քաղաքական գերատեսչությունը դարձյալ կարևորել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից։

Սահմանային վերջին միջադեպերը նաև օրենսդիրների ուշադրության կենտրոնում են։  Ընդդիմադիր  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ հայկական կողմը դեռ 1.5 տարի առաջ, բոլոր խողովակները օգտագործելով, պետք է միջազգային հանրությանը ներկայացներ բոլոր փաստերը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ահաբեկչական խմբերի ներգրավում, Շուշիի ու Հադրութի օկուպացում։ Իսկ Խրամորթի շուրջ ստեղծված  իրավիճակն, ըստ պատգամավորի, մտահոգիչ է։

«Առկա է բավական մեծ վտանգ այդ տարածքների հետ կապված։ Չենք կարողանում աշխարհի համար ընկալելի լեզվով բացատրել, ինչ է կատարվել»։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ մտահոգիչ է համարել  շփման գծի կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը: Պաշտպանի դիտարկմամբ՝ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության հետեւանք է:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ հայտարարել է, որ այսպիսով Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և հող նախապատրաստել հաջորդ սադրանքների համար։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Բաքուն փորձում է օգտվել ռուս–ուկրաինական լարվածությունից ու ինչ-որ խնդիրներ լուծել։ Օրինակ՝ Արցախում փորձում է հոգեբանական ճնշման միջոցով հասնել այն բանին, որ բնակիչները լքեն իրենց տարածքները։

«Քանի որ ռուս–ուկրաինական հարաբերությունները լարված են, Մոսկվան չի ցանկանա լարվածության նոր ճակատ բացել, ինչից էլ փորձում է օգտվել Բաքուն ու ցանկանում է շահեկան դիրքերում հայտնվել։ Գաղթելու տրամադրություններ է ուզում առաջացնել Արցախում»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝  այս քայլերով Ադրբեջանը փորձում է  ինչ–որ բաներ պարտադրել նաև Հայաստանին։

«Որոշակի փաստաթուղթ պետք է ստորագրվի, Անթալիայում նկատի չունեմ, ընդհանրապես՝ սահմանազատման, սահմանագծման, Մեղրիի միջանցքի մասին է խոսքը։ Այս իրավիճակից օգտվելով՝ ուզում է ինչ–որ բան պարտադրել, որ ստորագրի Հայաստանը, որը, երեւի, չի ցանկանում Երեւանը։ Քանի որ այդ քննարկումները փակ են, որեւէ մեկը տեղյակ չէ։ Չեմ բացառում, որ այս իրավիճակում  գուցե ՀՀ ԱԳՆ–ն ժամանակ է փորձում շահել, միչեւ տեսնի, թե ինչպես կավարտի ռուս–ուկրաինական այս վիճակը»։

Թե ինչ ընթացք կունենա եւ երբ կավարտվի ռուս–ուկրաինական պատերազմը, ոչ ոք չգիտի, սակայն, ըստ քաղաքագետի, հստակ է այն, որ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են բանակցություններով․ դրանք, զրուցակցիս կարծիքով, կլինեն ոչ թե ռուս-ուկրաինական, այլ ռուս-ամերիկյան, եւ կքննարկվի ոչ թե Ուկրաինայի, այլ նոր աշխարհակարգի ձեւավորման հարցը, ինչին պատրաստվում են երկու կողմերն էլ։  Հենց սա նկատի ունենալով էլ՝  Բաքուն  փորձում է ամրապնդել դիրքերը։

Ուշագրավ է, որ  պաշտոնական Բաքուն օրերս դարձյալ քննադատել է Մոսկվային «Լեռնային Ղարաբաղ» անվանումից չհրաժարվելու համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարել Ռուսաստանի գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինայի՝ ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք «14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք է մատակարարվել նաև Լեռնային Ղարաբաղից» ։

Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա՝  շտապել են արձագանքել Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից, զգուշացնելով, որ Ռուսաստանի կողմից նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրմանը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Back to top button