ԿարևորՀասարակություն

«Աղջիկ է, ու լուրը բարի է»․ Հայաստանում ավել ացել են 5 եւ ավելի աղջիկ ունեցող ընտանիքները

«Աղջիկ է»․ երեխայի սեռը տրտմությամբ ընկալելու միտումը Հայաստանում կարծես որոշակիորեն փոխվել է։ Հայկական ընտանիքներում աղջիկ երեխաներ հիմա փոքր-ինչ ավելի շատ են ծնվում, բայց ծնվող տղաների ու աղջիկների թվի տարբերությունը շարունակում է բավականին մեծ մնալ, հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները՝ մտահոգիչ։ Սակայն թվերի կողքին վերաբերմունքի հարցն էլ կա․ ՄԱԿ-ում նկատել են՝ եթե հայ ընտանիքում աղջիկն արդեն ծնվել է, նա ջերմ հոգատարության պակաս չի զգա։ «Երբ ծնվում է աղջիկ երեխան, հատկապես հայրը աղջկա հուզական «գերին» է դառնում՝ նկատում են հոգեբանները։ Իսկ «Ռադիոլուրը» վիճակագրության մեջ էլի մի ուշագրավ միտում է նկատել։  

Անցյալ տարի Հայաստանում ամենաշատն ավելացան Նարեները, Մարիաները, Անգելինաները, Արփիները, Մանեները։ Ծնված 17,5 հազար աղջիկների ընտանիքներում բարեմաղթանքների կողքին պարտադիր հնչել է նաեւ «դե աղջիկն ուրիշ է» արտահայտությունը։ Բայց վիճակագիրներն ու սոցիոլոգները, միեւնույն է, շարունակում են մտահոգությամբ նկատել, որ մեր երկրում ընտանիքներում ավանդաբար դեռ կա տղա երեխա ունենալու նախապատվությունը ու որ քիչ չեն հղիության ընդհատման դեպքերը, երբ ծնվողը պետք է աղջիկ լիներ։ Օրենքը փոխվեց, խստացվեց մինչեւ 12 շաբաթական ժամկետը երեխայի սեռն ասելը, միտումը որոշակիորեն բարելավվեց, բայց վիճակագրությունը դեռ  «մութ» կողմեր ունի։
Անցյալ տարի Հայաստանում 36,5 հազար երեխա է ծնվել, նրանց  թվում աղջիկները 50 տոկոս չեն կազմում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Ազգային վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նկատում է.

«Մի փոքր դրական փոփոխություն ունենք նախորդ տարիների համեմատ, ըստ որի՝ տղաների  եւ աղջիկների թվաքանակի հարաբերակցությունը  փոքր-ինչ փոխվել է։ Նախկինում 110 տղայի կողքին ծնվում էր 100 աղջիկ։  2021-ի տվյալներով՝ որոշակի դրական միտում կա՝ 109  տղա 100 աղջկա համեմատ»։

Երեխայի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների թվով Հայաստանն աշխարհի վատագույն հորիզոնականներում է։ Միտումը որոշակիորեն փոխվել է, բայց չի շտկվել, ընդ որում՝ Երեւանում ու մարզերում պատկերը բավականին տարբեր է։ Մարզերից աղջիկներ ամենաշատը ծնվում են Լոռիում։ 2018-2020 թվականներին  100 աղջկա կողքին Լոռիում 105 տղա է ծնվել։ Ամենաքիչ աղջիկները ծնվում են Գեղարքունիքում՝ 123 տղայի կողքին՝ 100 աղջիկ։  Երեւանում 109 տղայի կողքին 100 աղջիկ է ծնվում։ Այս անհավասար հարաբերակցությամբ հանդերձ՝ հոգեբան Աննա Բադալյանն, այնուամենայնիվ, կարծում է՝ հայաստանյան իրականության մեջ  կարծրատիպը ճեղքվել է․ աղջիկ ունենալու լուրն ընտանիքում տրտմությամբ իմանալու մոտեցումը կարծես բեկվել է։

«Որոշակի  հետազոտություններ ենք անում, թե ինչպես են հայրերը վերաբերվում իրենց աղջիկ երեխաներին։ Միշտ ասում են ՝տղա, տղա, բայց երբ ծնվում է աղջիկ, հատկապես հայրը աղջկա հուզական «գերին» է դառնում։ Իր փոքրիկի կամակորությունները, ընկալումները, պատկերացումներն ուրիշ աշխարհ են հոր համար։ Այնպես որ բալանսը սկսվել է պահպանվել, և սկսել ենք ընդունել, որ երեխայի սեռը կապ չունի, կարևորը առողջ լինի, խելացի և կարողանա պահպանել ընտանիքի արժեքները»։

Աղջիկների անունների ընտրությունն էլ պարբերաբար մոդայի փուլեր է ունենում։ Անուններ կան, որոնք, կարելի է ասել, թրենդային են դառնում։ Հոգեբան Աննա Բադալյանը հարցին այլ կողմից է մոտենում․ աղջնակներին տրվող անունների մեջ հայկականները գերակշռում են։

«Այսօր շատ գեղեցիկ հայկական անուններ են տվում, գուցե ժամանակին համահունչ՝ կարճ, լակոնիկ , բայց շատ հզոր։ Ճակատագիր են պարունակում, ուժ, զորություն։ Օրինակ՝ նույն Նարեն՝ որպես դպրության աստվածուհի։ Այնպես որ շատ կարևոր է, որ վերադառնում ենք մեր արմատներին»։

Վիճակագիրները փաստում են՝ թեեւ Հայաստանում ծնվողների մեջ տղաները գերակշռում են, սակայն ներկայում մեր բնակչության շուրջ 53 տոկոսը կանայք են։ Սրան մասնագետներն իրենց բացատրությունն ունեն՝ դա նաեւ պատերազմական իրավիճակով բացատրելով։ Վերադառնանք՝ վիճակագրությանը։ 2021-ին 2015-ի համեմատ ծնելիությունը նվազել է։ Բայց թվերի մեջ փնտրտուքն, այնուամենայնիվ, 5 տարվա կտրվածքով մի շատ ուշագրավ աճ է արձանագրել՝ ավել ացել են 5 եւ ավելի աղջիկ ունեցող ընտանիքները։ Հայկական 222 ընտանիք ունի 5 եւ ավելի աղջիկ։

Back to top button