ԿարևորՏնտեսական

«Ուրվականներ»՝ գյուղոլորտում․ պարենի անվտանգության ռիսկերը կտրուկ մեծացել են

Ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին միայն հացահատիկի գինը միջազգային շուկայում մի քանի օրում բարձրացել է շուրջ 70 տոկոսով։ Փորձագետները գնաճը ռիսկ են համարում ողջ աշխարհի համար։ Վերջին տվյալներով՝ Չիկագոյի բորսայում 1 տոննա ցորենի գինը գերազանցել է 110 դոլարի շեմը։ Սա փորձագետները պատմական առավելագույն գին են համարում, նշում, որ  վերջին անգամ ցորենը նման բարձր գին ունեցել էր 2008–ի ֆինանսական ճգնաժամի ընթացքում։ Հայաստանում ցորենի ինքնաբավությունը տարեցտարի նվազում է․ հետազոտությունները փաստում են՝  եթե 2016–ին այն 53 տոկոս էր կազմում, ապա արդեն 2020–ին՝  24․4 տոկոս։ Ի՞նչ պատկեր է կանխատեսվում Հայաստանում․ մասնագիտական շրջանակում արդեն հնարավոր դեֆիցիտից են խոսում։

Ռուս–ուկրաինական հակամարտությունն ինչպե՞ս կազդի հացահատիկի հայաստանյան շուկայի վրա։ Որքանո՞վ են իրատեսական դեֆիցիտի կանխատեսվող ռիսկերը․ կարծիքները միանշանակ չեն, բայց անհանգստություններ  ու մտահոգություններ հնչում են արդեն նաեւ խորհրդարանական դահլիճից։ Հացահատիկի պաշարների չափը գաղտնիք է՝ արձանագրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, բայց նաեւ շեշտում՝

«Առնվազն այս պահին նման խնդրի մասին ինձ հայտնի չէ։ Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում ամեն ինչի ճգնաժամի ռիսկեր կա։ Վստահ եմ, որ էկոնոմիկայի նախարարությունն անում է ամեն ինչ՝ կառավարելու այդ ռիսկերը» ։

Հայաստանը ներկրվող ցորենի ավելի քան 99 տոկոսը բերում է ՌԴ-ից․ իսկ միայն 2020 թվականին ցորենի  ներմուծումն ավելացել է 40 տոկոսով։ Շատ փոքր քանակությամբ ներմուծվել է նաև Ուկրաինայից, Ղազախստանից։ Ցորենի ներկրման աշխարհագրությունը դիվերսիֆիկացված չէ, ինքնաբավության մակարդակն էլ տարեցարի, վիճակագրության համաձայն, նվազում է։
Գյուղատնտեսության երկարամյա փոխնախարար, ոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը  հիշում է՝  2000-ականներին Հայաստանում մինչև 229  հազար հա հացահատիկ էր մշակվում։ Հայաստանը ռազմավարական նշանակության այս պարենամթերքով մոտ 40 տոկոսով ինքնաբավ էր՝ ասում է։  Հիմա մշակվող տարածքները կրճատվել են մոտ 4 անգամ՝ հասնելով 50-55 հազարի․

«Աշնանացանի 99 տոկոսը ցորենի արտադրությունն է ներկայում։ Նախկինում անգամ 159 հազար հա մշակվող տարածք ենք ունեցել։ Իսկ այսօր աշնանացան ցորենի ցանքատարածքները մոտ 50 հազար հա–ի միջակայքում են՝ մի փոքր ավել  կամ պակաս, նվազել են մոտ  2․5 անգամ։ Սեփական արտադրության շատ փոքր  ծավալներ ենք ապահովում՝   կարողանում ենք բավարարել կարիքների մինչև  23–24 , իսկ լավատեսական ցուցանիշով՝ 25 տոկոսը»։

Խնդիրներ կան ու լինելու են, իսկ աշխարհաքաղաքական զարգացումները սրում են դրանք՝ արձանագրում է գյուղատնտեսության ոլորտի փորձագետ,  նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Պետք է վերականգնել առաջին անհրաժեշտության պարենամթերքի՝ հացի, ալյուրի , շաքարի ապրանքների պաշարների՝ խորհրդային տարիների ինստիտուտը։ Պաշարներ կան, դրանց չափը պետական գաղտնիք է, բայց կանխատեսվող թվերն էլ են հուշում՝ պարենի ազային պաշարները մեծացնել է պետք․

«Միանշանակ է, որ անկախ ռուս–ուկրաինական պատերազմից, մենք պետք է գոնե երկու–երեք ամսվա առաջին անհրաժեշտության պահուստներ ունենանք։ Այժմ պետք է շտապ լրացնեն պահուստները։ Մեր տեղական արտադրության ծավալները փոքր են, չգիտենք, թե  տարին ինչպիսին կլինի։ Փոքր տարածքներից  քիչ քանակությամբ  բերք ենք ունենալու»։  

Հայաստանում ցածր է նաև ցորենի բերքատվությունը,1 հա-ից լավագույն դեպքում մինչև 24  ցենտներ բերք է ստացվում, մինչդեռ եվրոպական երկրներում միջին ցուցանիշը 80–90 ցենտներն է։ Որակյալ սերմացուն քիչ է, լիարժեք պարարտացում էլ չի կատարվում, թունաքիմիկատների ու պարարտանյութերի գներն աճում են՝ բացատրում է Պետրոսյանը։ Խնդիրների շղթայի հետեւանքով Հայաստանում աճեցված ցորենի ինքնարժեքն է  բարձր։

Էկոնոմիկայի նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը, խոսելով պարենի ազգային պաշարների հարցից, ընդգծում է՝ Հայաստանն անհրաժեշտ  ագրոպարենային ապրանքների հիմնական մասը ներկրում է, ուստի․

«Ագրոպարենային արտադրանքի տեղական արտադրության խրախուսումն ու օժանդակումը առաջնային խնդիրներից է։ Կառավարությունը միջոցառումներ է իրականացնում պարենային պետական ան պահուստի   կենսականորեն կարևոր  պարենամթերքի տեսականու համալրման և տեսականու ավելացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում կամ գների կտրուկ տատանումների դեպքում բնակչությանն  ապահովել կենսական անհրաժեշտության ապրանքներով ու կատարել ապրանքային ինտերվենցիաներ»։

Խնդիրները սրվում են, ու այս համատեքստում կառավարությունից հողօգտագործողներին հորդորում են հող մշակել․ պարենային անվտանգության մարտահրավերների մտահոգիչ կանխատեսում նաեւ այստեղ ունեն։ Բայց նաեւ մտահոգված են գյուղատնտեսության ոլորտի «ժանգոտած» վիճակից։ Վարչապետը կարծում է, որ  հին գյուղատնտեսության «ուրվականը» կենդանացնելու փորձերը ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում են։ Նորարար ու ինտենսվի գյուղատնտեսությունն այլընտրանք չունի՝ ասում է Փաշինյանը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցին այլ կողմից է նայում․

«Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»:

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների՝ փետրվարին պարենի գների ինդեքսը կազմել է 140,7 կետ, ինչը մոտ 4 տոկոսով բարձր է հունվարի ցուցանիշից և ավելի քան 21 տոկոսով 2021–ի փետրվարի ցուցանիշից։

Ցորենի համաշխարհային գներն աճել են 2,1 տոկոսով, ինչը հիմնականում արտացոլում է նոր անորոշությունները Սևծովյան տարածաշրջանում համաշխարհային մատակարարման խաթարման ֆոնին, որոնք կարող են խոչընդոտել Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից՝ ցորենի երկու խոշոր արտահանողների արտահանումը:

4,7 տոկոսով աճել են նաեւ խոշոր հացահատիկի (անասնակերի) արտահանման գները։ Պարենային անվտանգության ռիսկերը խիստ մտահոգիչ են․ գնաճն անխուսափելի է, իսկ հացահատիկի դեֆիցիտը կանխատեսումները պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով, առավել իրատեսական են։ Մինչ գյուղատնտեսները մտահոգվում են, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նկատում է՝ ցորենը ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ «Բայց ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում դրա վրա: Ի վերջո, կան այլ խնդիրներ։ Միգուցե, դրանք շատ ավելի կարեւոր են, քան ցորենը»,-ասում է։

Back to top button