ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ մեխանիզմներն Ուկրաինայում գործարկելու հարց չի քննարկվում․ ՔՊ Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 11-13-ը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է նախարարի խոսնակ Վահան Հունանյանը: Այս միջոցառմանը Թուրքիան հրավիրել է նաև հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանին: Ֆորումին ընդառաջ՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն նորից խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մեր երկրի ԱԳՆ-ից նրան արձագանքել է Արարատ Միրզոյանի խոսնակ Վահան Հունանյանը՝ ասելով․ «Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, եւ սրա մասին գիտեն բոլորը»։ Հայ-թուրքական հարաբերություններ, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, նաև ռուս-ուկրաինական հարաբերություններ․ այս հարցերն այսօր քննարկվել են նաև խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում։

«ՀՀ կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում»,– ասում  է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նա հիշեցնում  է՝ մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

Հունանյանը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ է արել:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ  խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Արմենպրես»-ին Վահան Հունանյանը բացատրել է՝ «Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, եւ սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես կառավարության առաջնահերթություններից է, եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Այս տարվա փետրվարի 18-ին Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց «Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին» օրենքը։ Հայաստանի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում, սակայն, օկուպացված տարածքների մասին հայտարարություն կամ օրենք ընդունելու հարց չկա,  -հայտարարում է խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը։ 

«ՔՊ նման հարց չի քննարկում, օրակարգում էլ նման հարց չկա այս պահին»։

Ընդդիմադիր «Հայաստան»  խմբակցությունը, մինչդեռ, քննարկում է «Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին» օրենքի հարցը։ Խմբակցության անդամ Վահե Հակոբյանի խոսքով՝ շուտով կներկայացվեն քննարկումների արդյունքները․

«Այո, մենք քննարկում ենք նման հարց։ Շուտով, ինձ թվում է, հանրությանը հասանելի կդառնա»։

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ  Հայկ Մամիջանյանն էլ  հիշեցրեց՝ ընդդիմադիր խմբակցությունները օկուպացված տարածքների հարցը փորձել են քննարկման առարկա դարձնել Հայաստան–Արցախ բարեկամական խմբի շրջանակում, նիստ են հրավիրել, որը, սակայն, չի կայացել։

Ադրբեջանցիները, արդեն մի քանի օր, սպառնալիքներ են հնչեցնում Արցախի Խրամորթի, Նոր Շենի  բնակիչների նկատմամբ։

«Առկա է զգալի վտանգ՝ այդտեղ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Եթե թույլ կտաք, այսօր չասեմ այդ մասին։ Բայց իրավիճակը շատ մտահոգիչ է, եւ դա փաստ է»։

 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի կարծիքով, հայկական կողմը դեռ 1.5 տարի առաջ պետք է օգտագործեր բոլոր խողովակներն ու ճշմարտությունը ներկայացներ միջազգային հանրությանը։ Պետք էր խոսել 44-օրյա պատերազմին մասնակցած ահաբեկչական խմբերի մասին։ Ընդդիմադիր պատգամավորը  նկատում է՝ այսօր արդեն չի խոսվում, որ  Շուշին ու Հադրութը օկուպացված տարածքներ են։

Պատգամավորներն անդրադարձան նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ խոսելով Հայաստանի դիրքորոշման մասին։ Որո՞նք են մեր առաջնահերթությունները ստեղծված իրացվիճակում․ ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ դրանք պարզ չեն։ Հայկ Մամիջանյանն ասաց՝ Հայաստանը պետք է կանխատեսելի լինի միջազգային հանրության համար։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հստակեցնում է՝  Ուկրաինայում ռազմական գործողությանը ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման հարց չի քննարկվում, թեեւ չի բացառվում, եթե կարիքը լինի․

«Այս պահին նման հարց չի քննարկվում, հետեւաբար, դիրքորոշում հայտնել հիփոթետիկ, գոյություն չունեցող օրակարգի մասին՝ չեմ կարող։ Եթե ինչ-որ կոնկրետ իրավիճակ ստեղծվի, ըստ իրավիճակի հիմնավորվածության, կարծում եմ, հարցը կքննարկվի»։

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը նախատեսում է կազմակերպության զորքերի ներգրավում միայն կազմակերպության անդամ երկրների տարածքում․ Ուկրաինան ՀԱՊԿ անդամ չէ, իսկ  ռազմական գործողությունների տեղափոխում՝  Ռուսաստանի տարածք, պատգամավորը քիչ հավանական է համարում։

Back to top button